Գաստրիտի բուժման դեղամիջոցները ևս պատճառից կախված տարբեր են:
Helicobacter pylori-ն ոչնչացնող հակաբիոտիկներ. մարսողական խողովակը H. pylori բակտերիայից «մաքրելու» համար բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ հակաբիոտիկների համակցում, օրինակ՝ Կլարիթրոմիցին (Բիաքին) և Ամոքսիցիլին (Ամոքսիլ, Աուգմենտին և այլն) կամ Մետրոնիդազոլ (Ֆլաժիլ): Եթե բժիշկը նշանակել է հակաբիոտիկներ, կարևոր է, որ բուժումը շարունակեք մինչև վերջ (սովորաբար՝ 7-14 օր):
Թթվի արտադրությունն արգելակող և լավացմանը նպաստող դեղամիջոցներ. պրոտոնային պոմպի արգելակիչները (ինհիբիտորներ) ընկճում են ստամոքսի թթու արտադրող բջիջների գործունեությունը և կրճատում թթվի արտադրությունը: Այս խմբի դեղամիջոցներից են՝ Օմեպրազոլ (Պրիլոզեկ), Լանսոպրազոլ (Պրեվացիդ), Ռաբեպրազոլ (Ացիֆեքս), Էզոմեպրազոլ (Նեքսիում), Դեքսլանսոպրազոլ (Դեքսիլանտ) և Պանտոպրազոլ (Պրոտոնիքս): Պրոտոնային պոմպի արգելակիչների երկարաժամկետ օգտագործումը (հատկապես՝ բարձր դեղաչափերով) կարող է բարձրացնել կոնքի, դաստակի կամ ողնաշարի կոտրվածքների ռիսկը, ուստի հարցրեք բժշկից, թե պետք է արդյոք օգտագործել կալցիումի հավելումներ:
Թթվի արտադրությունը կրճատող դեղամիջոցներ. թթվի պաշարիչները, որոնք նաև կոչվում են հիստամինի (H2) պաշարիչների, կրճատում են թթվի արտադրությունը, որի շնորհիվ մեղմանում են ստամոքսի ցավերը և բարենպաստ պայմաններ են ստեղծվում բորբոքված լորձաթաղանթի լավացման համար: Թթվի արգելակիչներից են՝ Ֆամոտիդին (Պեպսիդ), Ցիմետիտին (Տագամետ HB) և Նիզատիդին (Աքսիդ AR):
Ստամոքսաթթուն չեզոքացնող անտացիդներ. բժիշկը նաև կարող է նշանակել անտացիդներ, որոնք չեզոքացնում են ստամոքսի թթուն և արագորեն մեղմացնում ստամոքսի ցավը: Կողմնակի ազդեցություններից են՝ փորկապություն կամ փորլուծություն (կախված է հիմնական ազդող նյութից):
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։