Սեռական հերպես. բուժում

Սեռական հերպես. բուժում

Սեռական կամ գենիտալ հերպեսը որևէ վերջնական բուժում չունի:

Այնուամենայնիվ, սեռական հերպեսի ժամանակ բժշկի նշանակած հակավիրուսային դեղամիջոցոները կարող են՝

  • նախնական բռնկման փուլում օգնել խոցերի ավելի շուտ լավացմանը
  • մեղմացնել կրկնվող բռնկումների ախտանիշների ծանրության աստիճանը և տևողությունը
  • կրճատել կրկնությունների (ախտադարձ կամ ռեցեդիվ) հաճախականությունը
  • նվազեցնել հերպեսի վիրուսի փոխանցումն այն մարդկանց:

Սեռական հերպեսի բուժման մեջ օգտագործվում են հետևյալ հակավիրուսային դեղամիջոցները՝

  • Ացիկլովիր (Զորիվաքս)
  • Վալացիկլովիր (Վալտրեքս):

Հակավիրուսային դեղամիջոցներն առավել արդյունավետ են, երբ սկսում են օգտագործվել հերպեսի առաջին նշաններն ի հայտ գալուց հետո մինչև 72 ժամվա ընթացքում:

Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դեղամիջոցներն ընդունեք միայն սուր ախտանիշների ժամանակ կամ որոշ դեղամիջոցներ ընդունեք ամեն օր, նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում: Դեղամիջոցները սովորաբար լավ են տարվում և ունեն միայն քիչ կողմնակի ազդեցություններ:

Հերպեսային բշտիկների և դրանց «պայթելուց» զարգացած խոցերի հետ կապված գանգատները նաև կարելի է մեղմացնել այս մեթոդներով՝

  • ախտահարված շրջանների նուրբ լվացում գոլ աղային լուծույթով (1 թեյի գդալ աղը 2 բաժակ ջրում կամ 1 բաժակ աղը վաննայում)
  • սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին)
  • տեղային անզգայացնող քսուքներ
  • եթե միզելը խիստ ցավոտ է, փորձել միզել տաք լոգանքի ընթացքում:

Խորհուրդ է տրվում նաև սեռական հերպեսի բուռն ընթացքի շրջանում (սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում բշտիկային կամ խոցային ցան) խուսափել սեռական հարաբերություններից:

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021