Առողջական խնդիրներ
Լյամբլիոզ

Լյամբլիոզը աղիքային վարակ է, որը պատճառվում է «լյամբլիա» մակաբույծով։
Բնակվելով և բազմանալով մարդու ստամոքս-աղիքային տրակտում (ավելի հաճախ՝ 12-մատնյա աղում և բարակ աղիներում և հազվադեպ՝ լեղածորանում և լեղապարկում), լյամբլիա մակաբույծն առաջացնում է որովայնի (ստամոքսի շրջանի) ցավեր և փորլուծություն։ Լյամբլիային վարակը կարող է պատճառել երկարատև ձգվող գանգատներ և լուրջ խնդիրներ, հատկապես մանկահասակ երեխաների մոտ։
Ի՞նչ է լյամբլիոզը
Լյամբլիոզը վարակային հիվանդություն է, որը հարուցվում է լյամբլիա մակաբույծով։ Լյամբլիոզը ջրով տարածվող ամենահաճախ հանդիպող վարակային հիվանդություններից մեկն է։
Ո՞րն է լյամբլիոզի պատճառը
Լյամբլիոզ հիվանդությունը զարգանում է, երբ ինչ-որ մեկը վարակվում է լյամբլիա մակաբույծով՝ Giardia duodenalis, որը հայտնի է նաև որպես Giardia lamblia կամ Giardia intestinalis։ Լյամբլիան մտրակավորների դասի մակաբույծ միաբջիջ նախակենդանի է, որը ցիստավորվելով աղիների ստորին հատվածներում, կղանքային արտաթորանքներով դուրս է գալիս արտաքին միջավայր և վարակում մարդկանց։
Դուք կարող եք վարակվել լյամբլիայով՝
- վարակված ջրով
- վարակված մթերքներով
- վարակված կղանքային արտաթորանքներով
- վարակված մարդկանցից կամ կենդանիներից։
Ինչ-որ մեկին վարակելու համար լյամբլիա մակաբույծը պետք է մարդու օրգանիզմ մուտք գործի բերանի միջոցով, սովորաբար՝ վարակված ջուր խմելիս կամ սնունդ ընդունելիս։ Մյուս կողմից, ջուրը և սննդամթերքները կարող են վարակվել այս մակաբույծով, եթե վարակված անձը զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը չի լվանում։ Լյամբլիայով կարելի է վարակվել՝ լյամբլիոզով հիվանդ երեխայի տակաշորերը փոխելիս կամ վարակված կենդանիներին ձեռք տալուց։
Լյամբլիոզի ախտանիշները
Լյամբլիոզով հիվանդներից ոմանց մոտ որևէ գանգատ կամ նշան չի առաջանում, ինչը բնավ չի նշանակում, որ նրանք չեն կարող տարածել մակաբույծը։
Մյուսների մոտ կարող են զարգանալ գատրոէնտերիտի նշաններ, այդ թվում՝
- ստամոքսի շրջանի ցավեր կամ վքնածություն (ստամոքսի փքվածության զգացում)
- աղիներում ավելցուկային գազերի առաջացում
- փորլուծություն, որը կարող է լինել ջրիկ և տհաճ հոտով:
Որոշ մարդկանց մոտ կարող է գրանցվել նաև կաթնամթերքների նկատմամբ մեկ կամ մի քանի շաբաթյա անտանելիություն։
Չբուժվելու դեպքում վերոնշյալ ախտանիշները կարող են տևել ամիսներ շարունակ կամ պարբերաբար մեղմանալ կամ սրանալ։ Եթե դուք կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան վարակվել եք լյամբլիայով, այցելեք ձեր բժշկին։
Լյամբլիոզի բուժումը
Եթե լյամբլիոզն ընթանում է փորլուծությամբ, հատկապես մանկահասակ և փոքր տարիքի երեխաների դեպքում, ապա անհրաժեշտ է խմել առատ հեղուկներ, որ կանխարգելվի ջրազրկումը։
Լյամբլիոզի բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են որոշ դեղեր, այդ թվում՝ հակաբիոտիկներ:
Լյամբլիոզի կանխարգելումը
Լյամբլիոզի տարածումը կանխելու համար՝
- վարակված կամ վարակի կասկածով մարդկանց խորհուրդ տվեք, որ հրաժարվեն մանկամսուր, քոլեջ, դպրոց, այլ կրթօջախ կամ աշխատավայր հաճախելուց, քանի դեռ վերջին փորլուծությունից չի անցել առնվազն 24 ժամ
- մի օգտվեք լողավազաններից փորլուծությունը դադարելուց առնվազն երկու շաբաթվա ընթացքում
- լվացեք ձեր ձեռքերը պատշաճ կերպով, հատկապես զուգարանից օգտվելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ
- հրաժարվեք սպիտակեղենի, սրբիչների և սպասքի առարկաների համատեղ օգտագործումից, քանի դեռ ունեք գաստրոէնտերիտի նշաններ
- մինչև խմելը եռացրեք կասկածելի որակի կամ մաքրության ջուրը։
Վարակված անձանց վաղ և պատշաճ բուժումը նույնպես կրճատում է մակաբույծի տարածման հավանականությունը։
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: