Առողջական խնդիրներ
Վարակային մոնոնուկլեոզ

2 րոպե
Վարակային կամ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ավելի հաճախ երեխաների և երիտասարդների մոտ հանդիպող հիվանդություն է, որը հարուցվում է Էպշտեյն-Բարի վիրուսով:
Արտասահմանյան որոշ երկրներում հիվանդությունը հայտնի է նաև որպես «գեղձային տենդ» (ելնելով պարանոցային գեղձերի այտուցվածությունից և մարմնի ջերմության բարձրացումից):
Էպշտեյն-Բարի վիրուսը տարածվում է թքի մանրագույն կաթիլների միջոցով և վարակված մարդուց առողջին կարող է փոխանցվել հետևյալ ուղիներով՝
- համբուրվելիս (երբեմն հիվանդությունը նկարագրում են որպես «համբուրվելու հիվանդություն»)
- հազալիս և փռշտալիս, երբ վիրուսը թքի մանրագույն կաթիլներով տարածվում է շրջակա օդում
- հեղուկները և սննդի ընդունման առարկաները ու սպասքը համատեղ օգտագործելիս՝ բաժակներ, գավաթներ և այլն:
Վարակային մոնոնուկլեոզով վարակվելիս հիվանդության գանգատները և նշանները զարգանում են 30-50 օրվա ընթացքում: Վարակված մարդը կարող է այլոց համար վարակի աղբյուր մնալ ամիսներ շարունակ, ուստի կանխարգելիչ նկատառումներով մեծ կարևորություն է ստանում հիգիենիկ նորմերի պահպանումը:
Վարակային մոնոնուկլեոզի ախտանիշները զարգանում են աստիճանաբար՝ սկզբում ի հայտ գալով որպես ընդհանուր հոգնածության և աշխատունակության անկման զգացումներ, որոնց միանում են ըմպանի շրջանի ցավեր, նշագեղձերի և պարանոցի ավշային գեղձերի այտուցվածություն, երբեմն՝ նաև մաշկային ցան: Լյարդի կամ փայծաղի այտուցվածությունը կարող են առաջացնել ստամոքսի շրջանի (վերփորային) ցավեր: Հիվանդության նշանները, հատկապես ընդհանուր թուլությունը և աշխատունակության նվազումը կարող են շարունակվել շաբաթներից մինչև ամիսներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: