Վարակային մոնոնուկլեոզ. ախտանիշներ
22-06-2018
2 րոպե

Վարակային կամ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը նշագեղձերի և պարանոցի ավշային գեղձերի ախտահարմամբ ընթացող վիրուսային վարակ է:
Վարակային մոնոնուկլեոզը, հատկապես երեխաների մոտ կարող է ընթանալ առանց որևէ գանգատների: Սակայն, որոշ դեպքերում հիվանդությունը կարող է սկսվել վարակային ըմպանաբորբին նմանվող նշաններով, այդ թվում՝
- բարձր ջերմություն (տենդ)՝ 38ºC կամ ավելի բարձր
- պարանոցի ավշային գեղձերի այտուցվածություն
- ըմպանում ցավեր
- ընդհանուր հոգնածության զգացում։
Սակայն, ի տարբերություն այլ վիրուսային ըմպանաբորբերին, վարակային մոնոնուկլեոզի ժամանակ գանգատները ոչ թե մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար մեղմանում են, այլ շարունակվում են 2-3 շաբաթ, իսկ պարանոցային ավշագեղձերի այտուցվածությունը և ընդհանուր հոգնածությունը՝ ավելի երկար (2-3 ամիս կամ ավելի)։
Վարակային մոնոնուկլեոզը կարող է ուղեկցվել նաև այլ գանգատներով, այդ թվում՝
- նուրբ վարդագույն ցան, հատկապես հակաբիոտիկներ ընդունելուց հետո
- փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)
- լյարդի այտուցվածություն և ցավոտություն (հեպատոմեգալիա), որը կարող է բերել նաև դեղնուկի։
Մարդկանց մեծ մասի մոտ վարակային մոնոնուկլեոզը լիարժեքորեն անհետանում է։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե հիվանդության գանգատները երկարաձգվում են և առկա է ինքնազգացողության անհանգստացնող վատթարացում, առանց ուշացնելու այցելեք ձեր բժշկին։ Վարակային մոնոնուկլեոզի ախտորոշումը սովորաբար հաստատվում է արյան հետազոտությամբ։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021