Խպիպ. բուժում

Խպիպ. բուժում
Անգլերեն անվանումը՝ Goitre Treatment

Որպես կանոն, խպիպի բուժումը կախված է այն առաջացնող պատճառից։

Եթե խպիպը փոքր է և ձեր վահանաձև գեղձի գործունեությունը չի տուժել, գուցե որևէ բուժման կարիք չառաջանա: Հակառակ դեպքում բժիշկը կարող է ձեզ նշանակել դեղեր, ճառագայթային բուժում կամ առաջարկել վիրահատություն:

Դեղեր

Եթե ձեր վահանաձև գեղձի հորմոնային ակտիվությունն ընկճված է, բժիշկը կարող է նշանակել հորմոնային բուժում: Նման փոխարինող հորմոնային բուժման շնորհիվ խպիպը կարող է չափերով փոքրանալ:

Հակառակ պարագայում, երբ ձեր վահանաձև գեղձն արտադրում է չափից դուրս շատ հորմոններ, բժիշկը կարող է նշանակալ հակաթիրեոիդային հաբեր, որոնք երկարատև ընդունելու դեպքում կարող են նորմալացնել այդ հորմոնների մակարդակը:

Գեղձի բորբոքումը մեղմացնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև ասպիրին կամ կորտիկոստերոիդներ:

Ճառագայթային բուժում կամ վիրահատություն

Բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև ռադիոակտիվ յոդային բուժում, որի ժամանակ դուք պետք է ընդունեք ճառագայթող ունակությամբ օժտված յոդի իզոտոպ պարունակող պատիճներ: Ճառագայթային նման բուժման առավելությունն այն է, որ ռադիոակտիվ յոդը կուտակվում է ձեր վահանաձև գեղձի հյուսվածքներում՝ առանց ազդելու այլ օրգան-հյուսվածքների վրա: Սա համարվում է վահանաձև գեղձի մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի բուժման բավականին անվտանգ և արդյունավետ տարբերակ: Այնուամենայնիվ, հղի կամ հղիանալ ցանկացող կանանց բուժման այս մեթոդը խորհուրդ չի տրվում:

Վահանաձև գեղձի քաղցկեղ կամ մեծ խպիպ ունեցող մարդիկ, ում մոտ առկա են շնչառության կամ կլման դժվարություններ, կարող է առաջարկվել վիրահատություն: Վահանաձև գեղձի ամբողջական հեռացման ժամանակ դուք ձեր հետագա ողջ կյանքում պետք է ստանաք հորմոնային փոխարինող բուժում:

Հոդվածը վերանայվել է՝ 31-05-2019