ԳԷՌՀ (ռեֆլյուքս). ինչպիսի՞ սնունդ ընդունել

ԳԷՌՀ (ռեֆլյուքս). ինչպիսի՞ սնունդ ընդունել

Ռեֆլյուքս ունեցող մարդկանց ճիշտ սննդակարգը կարող է զգալիորեն կանխել այս հիվանդության ախտանիշների դրսևորումը։

Եթե դուք ունեք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն (ԳԷՌՀ), ապա նկատած կլինեք, որ ձեր գանգատները (այրոցք, բերանում տհաճ թթու համի զգացողություն, կլման դժվարություն և կլմանն ուղեկցող հետկրծոսկրային ցավեր) ուղղակիորեն կապված են այն հանգամանքի հետ, թե ինչ եք կերել կամ խմել։

«Խնդրահարույց» մթերքներ

Բազմաթիվ մարդկանց մոտ ռեֆլյուքս կարող են առաջացնել հետևյալ սննդամթերքները՝

  • սուրճ
  • ալկոհոլ
  • ճարպոտ կամ կծու սննդատեսակներ
  • կծու բիբար (ծիծակ)
  • կոֆեին պարունակող ըմպելիքներ
  • գազավորված ոչ ոգելից ըմպելիքներ
  • ցիտրուսային մրգերի հյութեր
  • շոկոլադ
  • լոլիկ
  • անանուխ։

Դուք կարող եք նաև փորձել խուսափել հետևյալ սննդատեսակներից՝

  • ծեծած կամ տապակած միս
  • հրուշակեղեն
  • կրեմով տորթեր և թխվածքաբլիթներ
  • ճարպոտ ուտեստեղեն, օրինակ՝ համբուրգեր, տապակած հավ կամ պիցցա։

Ապրելակերպի սովորույթներ

Ըստ անհրաժեշտության ձեր մարմնի կշռի կարգավորումը և կանոնավոր վարժանքները կարող են զգալիորեն կանխել ռեֆլյուքսի ախտանիշների առաջացումը։ Ամենօրյա զբոսանքը կնպաստի ձեր մարսողության բարելավմանը և կշռի նորմալացմանը։

Փորձեք ձեր սննդի ընդունումը դարձնել ոչ հապշտապ, այլ հակառակը, այն վերածեք հանգիստ ժամանցի։ Սնունդը ծամեք և կուլ տվեք ավելի դանդաղ։

Խուսափեք շատ ուտելուց և ուշ երեկոյան կամ գիշերները սնունդ ընդունելուց։ Փորձեք նաև ուտելուց հետո անմիջապես չպառկել։

Ավելի լավ մարսողական առողջություն

Ձեր մարսողությանն օգնող որոշ ընդհանուր խորհուրդներից են՝

  • բջջանքի ընդունման շատացում՝ ընտրելով լիարժեք հաց, շագանակագույն բրինձ, մրգեր և բանջարեղեններ, լոբազգիներ և վարսակ
  • հեղուկների առատ ընդունում
  • ճիշտ ըմպելիքների ընտրում, օրինակ՝ ջուր, կաթ կամ բուսական թեյեր
  • գազավորված և կաֆեինացված ըմպելիքների սահմանափակում կամ դրանցից խուսափում
  • այրոցքին և ռեֆլյուքսին նպաստող այլ «խնդրահարույց» սննդամթերքներից խուսափում, օրինակ՝ ճարպոտ և կծու սննդամթերքներ։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021