ԳԷՌՀ (ռեֆլյուքսի) բուժման դեղեր

ԳԷՌՀ (ռեֆլյուքսի) բուժման դեղեր

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդության (ԳԷՌՀ) բուժումը սովորաբար փուլային է և սկսվում է ապրելակերպի փոփոխություններից։

Եթե ռեֆլյուքսի ախտանիշները միայն սննդակարգի փոփոխություններով չեն մեղմանում, ապա կարիք է առաջանում նաև ընդունել որոշ դեղեր։ Նման դեպքերում բժիշկն ընտրում է ձեզ և ձեր հիվանդությանն առավել համապատասխանող դեղեր, որոնք պատկանում են հետևյալ խմբերից մեկնումեկին՝ անտացիդներ, H2 հիստամինային ընկալիչների պաշարիչներ կամ պրոտեինային պոմպի արգելակիչներ։

Անտացիդներ

Անտացիդները չեզոքացնում են ստամոքսի ավելցուկային թթվայնությունը՝ դրանով իսկ մեղմացնելով այրոցքը, ստամոքսի ցավը, թթվային գղտոցները և ստամոքսի խանգարումը։ Անտացիդները սովորաբար պարունակում են կալցիումի կարբոնատ կամ մագնեզիումի հիդրօքսիդ։

Անտացիդները չի կարելի ընդունել այլ դեղերի հետ միաժամանակ, քանի որ դրանք կարող են կանխել մյուս դեղերի նորմալ ներծծումը։

Անտացիդային որոշ հաբեր պահանջում են, որ մինչև կուլ տալը լավ ծամվեն։ Ծանոթացեք դեղի ընդունման կանոններին և հարցերի դեպքում քննարկեք ձեզ հուզող խնդիրները բժշկի հետ։

Անտացիդների չարաշահումը կարող է առաջացնել փորկապություն կամ փորլուծություն, կղանքի գույնի փոփոխություններ և ստամոքսի կծկանքային ցավեր։

H2 պաշարիչներ

H2 պաշարիչներն արգելակում են ստամոքսի որոշ բջիջների կողմից հիստամինի արտադրությունը, որի արդյունքում նվազում է այդ բջիջների կողմից թթու ստամոքսահյութի արտադրությունը։ Հայտնի H2 պաշարիչներից են ֆամոտիդինը, նիզատիդինը և ռանիտիդինը։

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

Պրոտոնային պոմպի արգելակիչները նվազեցնում են ստամոքսի կողմից արտադրվող թթվի քանակը, որի շնորհիվ մեղմանում են այրոցքի և ռեֆլյուքսի նշանները՝ դրանով իսկ նպաստելով կերակրափողի լորձաթաղանթի վերականգնմանը։ Այս դեղերը չեն ազդում ստամոքսում սննդի մարսողության գործընթացների վրա։ Պրոտոնային պոմպի արգելակիչներց են՝ Օմեպրազոլ, Էզոմեպրազոլ, Լանզոպրազոլ և Պանտոպրազոլ։

Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2020