Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն
Անգլերեն անվանումը՝ Gastro-Oesophageal Reflux Disease (GORD)

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդությունը (ԳԷՌՀ) զարգանում է, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հետհոսում է դեպի վեր՝ կերակրափող։

ԳԷՌՀ-ն հայտնի է նաև որպես «ռեֆլյուքս»։

Իրականում, թթվային ռեֆլյուքսը կարող է առաջանալ նաև նորմալ վիճակում, սակայն այն վերածվում է հիվանդության, երբ ուղեկցվում է գանգատներով և բերում բարդությունների, որոնք ազդում են մարդու ինքնազգացողության և կյանքի որակի վրա։ Մասնավորապես, ԳԷՌՀ-ի ժամանակ կերակրափողում հայտնված թթուն կարող է առաջացնել վերջինիս լորձաթաղանթի գրգռում և բորբոքում, ինչպես նաև խոցերի առաջացում և կերակրափողի նեղացում։

ԳԷՌՀ կարող է հանդիպել ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ դիտվում է 40-ն անց չափահասների շրջանում։

ԳԷՌՀ-ի ամենահաճախ հանդիպող ախտանիշներից են՝

  • այրոցք. ստամոքսից դեպի վեր բարձրացող կամ կրծոսկրի ետևում այրոցի զգացում կամ դիսկոմֆորտ, որն առաջանում է սնունդ ընդունելուց հետո (հատկապես կծու, յուղոտ, շատ քաղցր սնունդ, շոկոլադ, ալկոհոլ, սուրճ, թունդ սև թեյ, գազավորված խմիչքներ ընդունելուց հետո, առաջ թեքված վիճակում և հորիզոնական դիրքում)
  • ռեգուրգիտացիա, երբ ստամոքսի թթվային պարունակությունը պասիվ բարձրանում է դեպի բերանի խոռոչ՝ առաջ բերելով տհաճ թթու համի զգացողություն
  • կլման դժվարություն և կլման ակտին ուղեկցող հետկրծոսկրային ցավ։

Կան տարբեր գործոններ, որոնք առանձին վերցրած կամ միմյանց հետ զուգակցվելով կարող են նպաստել ԳԷՌՀ-ի զարգացմանը։ Դրանցից ամենակարևոր դերը վերագրվում է կերակրափողի ստորին հատվածում (որտեղ այն միանում է ստամոքսին) առկա շրջանաձև մկանների՝ ստորին կերակրափողային սֆինկտերի գործունեության խաթարմանը։ Նորմայում այս սֆինկտերը սնունդը կուլ տալուց հետո փակվում է՝ թույլ չտալով, որ ստամոքսի պարունակությունը հետ նետվի դեպի կերակրափող: Երբ այս սֆինկտերի փակումն անբավարար է, առաջանում է ռեֆլյուքս, իսկ երբ ռեֆլյուքսն առաջանում է շաբաթը 2 անգամից հաճախ, ապա գործ ունենք արդեն ԳԷՌՀ-ի հետ:

ԳԷՌՀ-ի առաջացմանը նպաստում են նաև սնվելիս հեղուկների, հատկապես՝ գազավորված ըմպելիքների օգտագործումը, ներորովայնային ճնշումը բարձրացնող գործոնները (ամուր կապած գոտի, ֆիզիկական աշխատանք, հղիություն), կծու, թթու, աղի կամ մեծ քանակի սնունդը, նստակյաց ապրելակերպը, գիրությունը, սև թեյի և շոկոլադի չարաշահումը, արագ ուտելը և սնունդ ստանալուց անմիջապես հետո պառկելը։

ԳԷՌՀ-ը կարող է ստանալ բարդացած ընթացք և առաջացնել կերակրափողային արյունահոսություն, վերջինիս լուսանցքի նեղացման բերող խոցասպիական ձևախախտումներ և այլն:

Բազմաթիվ մարդիկ ռեֆլյուքսի ախտանիշները կարող են կարգավորել առանց դեղեր ընդունելու։ Այլ դեպքերում բժիշկը կարող է նշանակել դեղեր՝ ուղղված գանգատների մեղմացմանը, բարդությունների ռիսկի նվազեցմանը, կյանքի որակի բարձրացմանը և կերակրափողային խոցերի վերականգնմանը։

Հոդվածը վերանայվել է՝ 16-05-2019