ԳԷՌՀ (ռեֆլյուքս). բուժում

ԳԷՌՀ (ռեֆլյուքս). բուժում

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդության (ԳԷՌՀ) բուժումն ուղղված է գանգատների մեղմացմանը, բարդությունների ռիսկի նվազեցմանը, կյանքի որակի բարձրացմանը և կերակրափողային խոցերի վերականգնմանը։

ԳԷՌՀ բուժումը փուլային է և ավելի հավանական է, որ բժիշկը նախ խորհուրդ կտա փորձել ապրելակերպի փոփոխություններ և առանց դեղատոմսի վաճառվող դեղեր։ Եթե մի քանի շաբաթվա ընթացքում թեթևացում չեք զգում, բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցներ կամ վիրահատություն:

Ապրելակերպի փոփոխություններ

ԳԷՌՀ ախտանիշները կարելի է մեղմացնել կամ դրանց առաջացումը կարելի է կանխարգելել՝ բարեփոխելով ձեր ապրելակերպը։ Ահա որոշ խորհուրդներ՝

  • անցեք ճարպերի քիչ քանակներ պարունակող սննդակարգի
  • եթե գեր եք, կարգավորեք ձեր քաշը
  • սահմանափակեք սուրճ, ալկոհոլ, շոկոլադ կամ կոֆեին պարունակող այլ մթերքների կամ ըմպելիքների ամենօրյա օգտագործումը
  • եթե ծխող եք, դադարեցրեք ծխելը
  • խուսափեք մեծ քանակով սնունդ ընդունելուց, դրա փոխարեն այն ընդունեք փոքր չափաբաժիններով և հաճախակի
  • սնունդն ընդունեք դանդաղ և ոչ հապշտապ՝ մինչև կուլ տալը լավ ծամելով և մանրացնելով ուտելիքը
  • խուսափեք ուտելու ընթացքում մեծ քանակի հեղուկներ, հատկապես գազավորված ըմպելիքներ ընդունելուց
  • խուսափեք «խնդրահարույց» սննդամթերքներից կամ հեղուկներից, որոնք կարող են խորացնել ձեր գանգատները՝ սուրճ, ալկոհոլ, շոկոլադ, լոլիկ և այլն
  • խուսափեք շատ կծու, թթու, քաղցր և դառը սննդից, որը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը և ստամոքսաելքի հատվածում առաջացնում կծկողաշարժողական խանգարումներ
  • երեկոյան վերջին սնունդն ընդունեք անկողին մտնելուց 3-4 ժամ առաջ. սա վերաբերվում է նաև մրգերին
  • բարձրացրեք անկողնու գլխային հատվածը, եթե գիշերները ձեր գանգատները սրանում են։

Դեղամիջոցներ

Եթե միայն ապրելակերպի փոփոխություններով ռեֆլյուքսի ախտանիշները չեն մեղմանում, կարիք է առաջանում բժշկի խորհրդով ընդունել որոշ դեղամիջոցներ։

Առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների հիմնական խմբերն են՝

  • ստամոքսի թթուն չեզոքացնող անտացիդներ
  • թթվի արտադրությունը կրճատող դեղամիջոցներ
  • թթվի արտադրությունն արգելափակող և կերակրափողը լավացնող դեղամիջոցներ

Ավելի լուրջ իրավիճակներում կամ եթե «թույլ» դեղամիջոցները բավարար արդյունք չեն ապահովում, ապա բժիշկը կարող է նշանակել դեղատոմսով դուրս գրվող դեղեր, որոնց հիմնական խմբերն են՝

  • ուժեղ H2 ընկալիչի բլոկատորներ
  • ուժեղ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ
  • ստորին կերակրափողային սեղմանն ուժեղացնող դեղամիջոցներ:

Եթե դուք այլ առողջական խնդրի կապակցությամբ ստանում եք դեղեր, ապա խնդրեք ձեր բժշկին, որ նա համոզվի, որ դրանց մեջ չկան ձեր ռեֆլյուքսի հետ կապված գանգատները խորացնող ակտիվ ազդող նյութեր կամ բաղադրիչներ։

Իմացե՛ք ավելին թթվային ռեֆլյուքսի բուժման մեջ օգտագործվող դեղամիջոցների մասին:

Վիրահատություն և այլ միջամտություններ

Ծանր ռեֆլյուքսի կամ ապրելակերպի բարելավման և դեղաբուժման անարդյունավետության ժամանակ բժիշկը կարող է ձեզ առաջարկվել լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնց նպատակն է ստորին կերակրափողային սեղմանի գործունեության վերականգնումը և ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսի կանխարգելումը։

Նման դեպքերում ավելի հաճախ կիրառվում են ֆունդոպլիկացիա (ստոծանու ճողվածքների ժամանակ), կերակրափողը ստամոքսին միանալու տեղում LINX սարքի տեղադրում և տրանսօրալ անկտրվածք ֆունդոպլիկացիա: Զրուցեք այս տարբերակների վերաբերյալ ձեր բժշկի հետ:

Հոդվածը վերանայվել է՝ 02-05-2021