Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդությունը (ԳԷՌՀ) զարգանում է, երբ ստամոքսի թթվային պարունակություն հոսում է դեպի վեր՝ կերակրափող։

Կերակրափողում հայտնված թթու պարունակությունը գրգռում է լորձաթաղանթը և առաջացնում այրոցք, ետկրծոսկրային ցավեր և այլ ախտանիշներ, որոնք հայտնի են որպես «թթվային ռեֆլյուքս» կամ պարզապես «ռեֆլյուքս»:

ԳԷՌՀ կարող է հանդիպել ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ դիտվում է 40-ն անց չափահասների շրջանում։

Թթվային ռեֆլյուքսը կարող է առաջանալ նաև նորմալ վիճակում, սակայն վերածվում է հիվանդության, երբ ուղեկցվում է շաբաթական առնվազն երկու անգամ առաջացող գանգատներով, որոնք ազդում են ինքնազգացողության և կյանքի որակի վրա։ ԳԷՌՀ-ի ժամանակ կերակրափողում հայտնված թթուն կարող է առաջացնել վերջինիս լորձաթաղանթի գրգռում և բորբոքում (էզոֆագիտ), ինչպես նաև բերել բարդությունների, օրինակ՝ խոցերի առաջացում և կերակրափողի նեղացում։

Կան տարբեր գործոններ, որոնք առանձին վերցրած կամ միմյանց հետ զուգակցվելով կարող են նպաստել ԳԷՌՀ-ի զարգացմանը։ Այս գործոնները բերում են կերակրափողի ստորին հատվածում առկա շրջանաձև մկանների՝ ստորին կերակրափողային սեղմանի գործունեության խաթարման։

Բազմաթիվ մարդիկ կարող են վերահսկել ԳԷՌՀ-ի առաջացրած անհարմարավետությունները ապրելակերպի փոփոխությունների և որոշ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների օգնությամբ: Սակայն երբեմն պահանջվում է ավելի ուժեղ ազդող դեղերի օգտագործում կամ վիրահատություն՝ ուղղված գանգատների մեղմացմանը, բարդությունների ռիսկի նվազեցմանը, կյանքի որակի բարձրացմանը և կերակրափողային խոցերի լավացմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 23-04-2021