Սրտի առիթմիաներ. բուժում

Սրտի առիթմիաներ. բուժում

Եթե ունեք սրտի ռիթմի խանգարում, բուժումը կարող է անհրաժեշտ լինել կամ չլինել:

Սովորաբար, բուժում պահանջվում է միայն այն դեպքում, երբ առիթմիան՝

Դանդաղացած սրտազարկի բուժումը

Եթե հազվասրտությունը (բրադիկարդիա) չունի շտկման ենթակա պատճառ կամ ռիթմը վերականգնվելու հավանականություն չկա, բժիշկները հաճախ բուժում են արհեստական ռիթմավարով («փեյսմեյքեր»), քանի որ որևէ դեղամիջոց չի կարող հուսալի կերպով արագացնել սրտազարկը:

Սրտի արհեստական ռիթմավարը փոքր սարք է, որը սովորաբար ներդրվում է անրակի շրջանում: Այն ունի մեկ կամ ավելի շատ էլեկտրոդով ավարտվող լարեր, որոնք արյունատար անոթներով ներմուծվում են ձեր սրտի խոռոչ: Արհեստական ռիթմավարը շարունակաբար վերահսկում է սրտի ռիթմը, և եթե վերջինս խիստ դանդաղում է կամ սիրտը կանգ է առնում, ռիթմավարն այդ լարերով սրտին է ուղարկում էլեկտրական ազդանշաններ, որոնց ազդեցությամբ էլ սիրտը սկսում է կծկվել կայուն ռիթմով:

Արագացած սրտազարկի բուժումը

Հաճախասրտության դեպքում (տախիկարդիա) բժիշկը կարող է ձեզ առաջարկել մեկ կամ մի քանի բուժումներ:

  • Վագուսային (վագալ) փորձեր. վերփորոքային հաճախասրտության նոպանկարող է մեղմացվել կամ հանվել՝ օգտագործելով որոշ հնարքներ, որոնց նպատակը սրտի ռիթմը դանդաղեցող թափառող նյարդի (վագուս) խթանումն է: Նման հնարքներից են շունչը պահելը և ողջ մարմնով լարվելը, խիստ սառը կամ սառցաջրով դեմքը շփելը կամ արհեստական հազալը:
  • Դեղեր. հաճախասրտության բազմաթիվ տեսակների ժամանակ բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք հսկում են սրտի ռիթմը կամ վերականգնում են նորմալ սրտի ռիթմը: Շատ կարևոր է, որ նշանակված հակաառիթմիկ դեղերն ընդունեք այնպես, ինչպես նշել է բժիշկը, որպեսզի նվազեցնեք կողմնակի ազդեցությունները: Եթե ունեք շողացող առիթիա, բժիշկը կարող է նաև նշանակել հակամակարդիչներ, որպեսզի օգնի արյան մակարդուկի (թրոմբ) առաջացման կանխարգելմանը:
  • Կարդիովերսիա. առիթմիայի որոշ տեսակների, օրինակ՝ շողացող առիթմիայի ժամանակ բժիշկը կարող է օգտագործել կարդիովերսիա՝ որպես միջամտություն կամ դեղամիջոցների միջոցով: Հիվանդը նախապես սեդացիայի է ենթարկվում և ցավազրկվում է, որից հետո կրծքավանդակի առաջային մակերեսին տեղադրված էլեկտրոդներով վերահսկվող, ռիթմի հետ սինխրոն էլեկտրական հարված է հասցվում սրտին, որը վերականգնում է սրտի նորմալ ռիթմը:
  • Կաթետերային աբլացիա. այս միջամտության ժամանակ արյունատար անոթներով սրտի մեջ ներդրվում է մեկ կամ մի քանի կաթետեր, որոնց ծայրերին առկա էլեկտրոդներով հայտնաբերվում և ջերմային կամ ռադիոհաճախային էներգիայով ոչնչացվում են առիթմիա առաջացնող ախտաբանական օջախները:

Իմպլանտացվող սարքեր

Սրտի առիթմիաների բուժումը կարող է նաև ներառել իմպլանտացվող (ներդրվող) սարքեր:

  • Ռիթմավար. տե՛ս վերևում:
  • Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (անգլերեն հապավումը՝ ICD). բժիշկը կարող է խորհուրդ տալ այս սարքը, եթե առկա է վտանգավոր արագ կամ անկանոն փորոքային հաճախասրտության կամ ֆիբրիլյացիայի բարձր ռիսկ:

Վիրահատություն և այլ միջատություններ

Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական միջամտություններ, այդ թվում՝

  • «լաբրինթային» միջամտություն, որի դեպքում սրտային վիրաբույժը նախասրտի վրա կատարում է փոքր կտրվածքներ, որոնց լավացումից առաջացած սպիական հյուսվածքն արգելափակում է գերհաճախացած էլեկտրական գրգիռների հաղորդումը սրտի երկայնքով
  • աորտո-կորոնար շունտավորում, որի շնորհիվ բարելավվում է սրտի արյունամատակարարումը:

Հոդվածը վերանայվել է՝ 20-06-2021