Թութք (հեմորոյ)

Թութք (հեմորոյ)
Անգլերեն անվանումը՝ Hemorrhoids, Piles

Թութքը հետացքի ներսում կամ շուրջբոլորը հանգույցների առաջացումն է, որոնք կազմված են այտուցված և լայնացած արյունատար անոթներից:

Այն, որ թութքի հանգույցը պարունակում է լայնացած երակներ, թույլ է տալիս որոշ հեղինակների այս հիվանդությունը դիտարկել որպես հետանցքի շրջանի «երակների վարիկոզ հիվանդություն»:

Թութքը կամ հեմորոյը բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է: Այն հաճախ կապված է փորկապության հետ: Թութքային հանգույցների առաջացման համար նպաստող գործոններ կարող են հանդիսանալ նաև՝

  • 50 տարեկան և ավելի բարձր տարիք
  • հղիություն
  • մարմնի ավելցուկային կշիռ կամ գիրություն:

Թութք ունենալիս դուք կարող եք նկատել, որ աղիները դատարկելուց հետո զուգարանի թղթի վրա բաց կարմիր արյան հետքեր են հայտնվում: Կարող են առաջ գալ նաև հետանցքի շրջանում քոր, անհարմարության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ՝ թույլ, չափավոր կամ եզակի դեպքերում՝ սաստիկ: Որոշ դեպքերում կարող եք շոշափել ձեր հետանցքից դուրս եկած մեկ կամ մի քանի պինդ հանգույցներ:

Հաճախ առանց որևէ բուժման թութքի հանգույցներն ինքնուրույն անհետանում են և ախտանիշները վերանում են: Սակայն, եթե դուք աղիները դատարկելուց հետո նկատում եք արյուն կամ ունեք հետանցքի շրջանի ցավեր, կապ հաստատեք ձեր բժշկի հետ, որ նա հաստատի թութքի ախտորոշումը և ժխտի այլ հիվանդությունների առկայությունը: Թող ձեզ տագնապ չհարուցի, սակայն աղիների (օրինակ՝ ուղիղ աղիքի) քաղցկեղը երբեմն սկսվում է թութքին շատ նմանվող գանգատներով:

Հազվադեպ, հատկապես վիրահատական միջամտությունից հետո թութքը կարող է բերել որոշ բարդությունների՝ առատ արյունահոսություն, վարակի միացում, արտաթորելու (կղելու) վրա հսկողության խանգարումներ և հետանցքային խուղակ (ֆիստուլա)։

Երբ բժիշկը համոզվի, որ ձեր թութքը պետք է բուժել, նա խորհուրդ կտա, որ դուք փոփոխեք ձեր սննդակարգը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել հետանցքային (անալ) օգտագործման որոշ քսուքներ կամ մոմիկներ: Սուր գանգատների կամ թութքի բարդացած ընթացքի ժամանակ ձեզ կարող է նաև առաջարկվել վիրահատական բուժում:

Թութքի կանխարգելման ոչ դեղորայքային կամ բնական ուղիներից մեկը սննդակարգն առողջ դարձնելն է, ներառյալ՝ բջջանքով հարուստ սննդամթերքները ձեր ամենօրյա սննդի մեջ ներառելը, ջրի առատ ընդունումը և ֆիզիկապես ակտիվ ապրելակերպին անցնելը:

Ձեզ կարող են օգնել նաև տանն իրականացվող որոշ միջոցառումներ:

Հոդվածը վերանայվել է՝ 11-05-2019