Հեպատիտ А. բուժում

Հեպատիտ А. բուժում

Հեպատիտ A-ի դեմ որևէ առանձնահատուկ բուժում գոյություն չունի։

Օրգանիզմն ինքնուրույն կմաքրվի հեպատիտ A-ի վիրուսից: Դեպքերի մեծ մասի ժամանակ լյարդը լավանում է մոտ 6 ամսվա ընթացքում և որևէ երկարաժամկետ բարդություն չի զարգանում:

Հեպատիտ A-ի բուժումը սովորաբար սահմանափակվում է հարմարավետության պահպանմամբ և գանգատների ու ախտանիշների վերահսկմամբ:

  • Հանգիստ. հեպատիտ A-ով բազմաթիվ մարդիկ զգում են հոգնածություն, վատ ինքնազգացողություն և աշխատունակության անկում: Հանգիստ պայմանները նաև թույլ կտա, որ մեղմանան սրտխառնոցը կամ որովայնի ցավերը։
  • Սրտխառնոցի մեղմացում. սրտխառնոցը կարող է դժվարացնել սննդի ընդունումը: Փորձեք ամբողջ օրվա ընթացքում ստանալ նախաուտեստներ, այլ ոչ թե լիարժեք կերակուրներ: Բավարար կալորիաներ ստանալու համար ավելացրեք բարձր կայորականության մթերքների չափաբաժինը, օրինակ, ջրի փոխարեն խմեք մրգահյութեր կամ կաթ: Փսխումներ առաջանալիս առատ հեղուկները կարևոր են, որ կանխարգելվի ջրազրկումը:
  • Խուսափե՛ք ալկոհոլից և դեղամիջոցներ օգտագործեք խիստ զգուշությամբ. բորբոքված լյարդն ավելի դժվարությամբ է յուրացնում ալկոհոլն ու դեղամիջոցները: Ուստի, հեպատիտ ունենալիս ընդհանրապես խուսափեք ալկոհոլից, որը կարող է խորացնել լյարդի վնասումը: Ընդ որում, խուսափեք ալկոհոլից այնքան ժամանակ, քանի դեռ ձեր հիվանդությունը չի նահանջել և դրանից հետո՝ քանի դեռ ձեր բժիշկը թույլ չի տվել։ Առանց բժշկի իմացության մի ընդունեք որևէ դեղամիջոց, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառվող:

Կանխարգելե՛ք վարակի տարածումը

Հիշեք, որ եթե ունեք հեպատիտ A, ուրեմն վարակիչ եք և կարող եք տարածել վիրուսը։ Վարակիչ լինելու շրջանը սկսվում է գանգատները հայտնվելուց մոտ 2 շաբաթ առաջ ու ևս 1 շաբաթ՝ լավանալուց հետո (երբ գանգատներն անհետանում են)։

Երբ վարակիչ եք, պետք է առավել ուշադրություն դարձնել անձնական հիգիենային և հաճախակի լվալ ձեռքերը, խուսափել խոհանոցային գործերից, ինչպես նաև հնարավորության սահմաններում սահմանափակել այլ մարդկանց հետ շփումները և բացակայել աշխատանքից, հատկապես, եթե կապ ունեք խնամքի կամ սննդի սպասարկման ոլորտների հետ։

Հոդվածը վերանայվել է՝ 18-05-2021