Հեպատիտ B. բուժում

Հեպատիտ B. բուժում

Հեպատիտ B-ի բուժումը կախված է լյարդի ախտահարման բնույթից և ընթացքից (սուր կամ քրոնիկ):

Սուր հեպատիտ B-ի բուժումը

Սուր հեպատիտ B-ի ժամանակ սովորաբար առաջարկվում է օժանդակող բուժում, որն ուղղված է ինքնազգացողության բարելավմանը, որոշ ախտանիշների մեղմացմանը, բայց ոչ՝ հիվանդության բուժմանը: Նման դեպքերում, քանի դեռ օրգանիզմը պայքարում է վիրուսային վարակի դեմ, բժիշկը կարող է առաջարկել հանգիստ, համապատասխան սննդակարգ և առատ հեղուկներ: Ծանր դեպքերում կարող է առաջանալ հիվանդանոցային վերահսկողության և հակավիրուսային բուժման կարիք՝ ուղղված բարդությունների կանխարգելմանը:

Քրոնիկ հեպատիտ B-ի բուժումը

Քրոնիկ հեպատիտ B-ի ժամանակ բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային բուժում, այդ թվում՝ հակավիրուսային դեղամիջոցներ: Նման բուժումը կարող է օգնել տարիների ընթացքում լյարդային բարդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը։ Քրոնիկ հեպատիտ B-ով մարդկանց նաև խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել բժշկին և անցնել ընդհանուր առողջական վիճակն ու լյարդի գործունեությունը գնահատող տարբեր թեստեր:

Նույն կերպ, կանոնավոր վերահսկողություն է պահանջվում նաև այն դեպքերում, երբ արդեն զարգացել է լյարդի քրոնիկ ախտահարում կամ կարիք կա անցկացնելու երկարատև հակավիրուսային բուժում: Չի բացառվում, որ առաջանա ողջ կյանքի ընթացքում որոշ դեղեր ընդունելու կարիք: Զրուցեք բժշկի հետ երկարատև հակավիրուսային բուժման օգուտների և հնարավոր վտանգների մասին:

Հակավիրուսային դեղեր

Որոշ հակավիրուսային դեղեր կարող են օգնել վիրուսի դեմ պայքարին և դանդաղեցնել լյարդի վիրուսային ախտահարումը: Դրանք նշանակվում են ներքին ընդունման (օրալ) դեղաձևերով: Նման հակավիրուսային դեղամիջոցներից են՝ Էնտեկավիր (Բարակլուդ), Տենոֆովիր (Վիրեադ), Լամիվուդին (Էպիվիր), Ադեֆովիր (Հեպսերա) և Տելբիվուդին (Տիզեկա)։

Ինտերֆերոնի ներարկումներ

Ինտերֆերոն ալֆա-2b (Ինտրոն A) օրգանիզմի կողմից վարակի դեմ պայքարելու համար արտադրվող նյութի արհեստական տարբերակն է, որը նշանակվում է հեպատիտ B-ով այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են խուսափել երկարատև բուժումից կամ կանանց, ովքեր սահմանափակ բուժում ստանալուց հետո ցանկանում են մոտակա մի քանի տարվա ընթացքում հղիանալ: Հղիության ընթացքում ինտերֆերոն չի կարելի օգտագործել: Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, փսխում, դժվարաշնչություն և դեպրեսիա:

Հեպատիտ B-ի կանխարգելիչ բուժում

Եթե գիտեք, որ ենթարկվել եք հեպատիտ B-ի վիրուսով վարակվելու ազդեցությանը և համոզված չեք՝ պատվաստված եղել եք, թե ոչ, անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Նման իրավիճակի առնչվելիս առաջիկա 12 ժամվա ընթացքում իմունոգլոբուլինի (հակամարմին) ներարկումը կարող է օգնել, որ հեպատիտ B-ով չհիվանդանաք: Այս բուժումն ունի միայն կարճատև պաշտպանական ազդեցություն, ուստի կարող եք միաժամանակ ստանալ նաև հեպատիտ B-ի պատվաստանյութ, եթե երբեք չեք ստացել այն:

Ի՞նչ անել, եթե հղի եմ

Բոլոր հղի կանանց խորհուրդ է տրվում հղիության վաղ շրջանում անցնել հեպատիտ B-ի սքրինինգային հետազոտություն:

Եթե հղի եք և ունեք հեպատիտ B, ձեզ կարող է առաջարկվել բուժում, որն արդյունավետ կերպով կարող է կանխարգելել նորածին երեխայի վարակումը:

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2021