Հեպատիտ C. բուժում

Հեպատիտ C. բուժում

Այսօր քրոնիկ հեպատիտ C վարակի բուժումը դարձել է անհամեմատ արդյունավետ, քան տարիներ առաջ էր:

Հակավիրուսային դեղամիջոցներ

Հեպատիտ C վարակը բուժվում է հակավիրուսային դեղամիջոցներով, որոնց բուժական ազդեցությունը օրգանիզմը վիրուսից մաքրելն է: Հակավիրուսային բուժման վերջնական նպատակը բուժման կուրսն ավարտելուց առնվազն 12 շաբաթ անց արյան մեջ հեպատիտ C վիրուսի բացակայությունն է:

Վերջին տարիներին բժշկագիտության և դեղաբանության ձեռքբերումներից մեկը նոր՝ «ուղղակի ազդող» հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերումն է, որոնք երբեմն նշանակվում են նախորդ սերնդի դեղամիջոցների հետ զուգակցված:

Նոր դեղամիջոցների շնորհիվ զգալիորեն կրճատվել է կողմնակի ազդեցությունների հավանականությունը և կրճատվել բուժման տևողությունը՝ որոշ տեսակների համար հասնելով մինչև 8 շաբաթ: Դեղամիջոցի ընտրությունը և բուժման տևողությունը կախված են հեպատիտ C վիրուսի գենոտիպից, լյարդի ախտահարման աստիճանից, այլ առողջական խնդիրների առկայությունից և նախորդ բուժման տեսակից:

Զրուցեք այս թեմայի շուրջ բուժող բժշկի հետ:

Լյարդի փոխպատվաստում

Եթե քրոնիկ հեպատիտ C վարակը զարգացրել է ծանր բարդություններ, լյարդի փոխպատվաստումը կարող է դառնալ կյանքը փրկող միակ միջոցը: Բազմաթիվ դեպքերում միայն լյարդի փոխպատվաստումը չի բուժում հեպատիտ C-ն, և վարակը կարող է վերադառնալ՝ պահանջելով փոխպատվաստված լյարդի պահպանմանն ուղղված հակավիրուսային բուժում:

Պատվաստումներ

Հեպատիտ C-ի դեմ որևէ պատվաստանյութ չկա, սակայն բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ստանաք հեպատիտ A և B վիրուսների դեմ պատվաստանյութեր: Վերջիններս առանձին վիրուսներ են, որոնք նույնպես կարող են պատճառել լյարդի վնասում և բարդացնել քրոնիկ հեպատիտ C-ի ընթացքը:

Հոդվածը վերանայվել է՝ 18-05-2021