Ճողվածքի տեսակները

Ճողվածքի տեսակները

Ըստ տեղակայման և զարգացման մեխանիզմի տարբերում են որովայնային ճողվածքների տարբեր տեսակներ։

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

  • Ստոծանիական ճողվածքն առաջանում է, երբ ստամոքսի մի մասը ստոծանու բնական (որտեղից անցնում է կերակրափողը) կամ արհեստական բացվածքներով (բնածին արատների ժամանակ) ներթափանցում է կրծքի խոռոչ։ Սա համարվում է ներքին ճողվածք (այսինքն՝ արտաքինից չերևացող), որը թեև հազվադեպ է հանդիպում, սակայն հաճախ բերում է աղիքային անանցանելիության։
  • Աճուկային ճողվածքը հիմնականում զարգանում է տղամարդկանց մոտ, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է աճուկային խողովակից: Տարբերում են բնածին և ձեռքբերովի, թեք և ուղիղ աճուկային ճողվածքներ։ Աճուկային ճողվածքն ամենահաճախն է «օղակվում» և անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն առաջացնում։
  • Պորտային ճողվածքը հաճախ առաջանում է երեխաների (բնածին կամ ձեռքբերովի) և կանանց մոտ, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է պորտից: Պորտային ճողվածքները լինում են տարբեր չափերի և սովորաբար ունեն գնդաձև տեսք:
  • Վենտրալ (հետվիրահատական) ճողվածքը զարգանում է որովայնի խոռոչի վիրահատություններից հետո։ Վիրահատական վերքի ուշ լավացումը և սպիները կարող է նպաստել այս ճողվածքի առաջացմանը։
  • Ազդրային ճողվածքն ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում և զարգանում է, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է ազդրային խողովակից:
  • Էպիգաստրալ ճողվածքը առաջանում է, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է որովայնի պատի՝ կրծոսկրի թրաձև ելունից մինչև պորտն ընկած գծով: Սա համարվում է որովայնի սպիտակ գծի ճողվածքի տարբերակներից մեկը և ավելի հաճախ հանդիպում է մեծահասակ տղամարդկանց մոտ։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021