Բարձր արյան ճնշում (հիպերտոնիա)

Բարձր արյան ճնշում (հիպերտոնիա)
Անգլերեն անվանումը՝ High Blood Pressure, Arterial Hypertension

Երբ արյունը սրտի միջոցով արտամղվում է դեպի օրգան-համակարգեր, արյունատար անոթների վրա արյան ճնշումը գնալով նվազում է։

Ճնշումն իր ամենաբարձր կետին հասնում է սրտի կծկման և ամենացածր կետում՝ սրտի թուլացման պահին։ Զարկերակային ճնշումը հենց այս երկու ճնշումների չափումն է։

Սա է պատճառը, որ արյան ճնշումը ներկայացվում է երկու թվերով, որպես ամենաբարձր (սիստոլիկ) և ամենացածր (դիաստոլիկ) ցուցանիշներ։

Բժշկագիտության ոլորտում արյան ճնշումը հայտնի է որպես «զարկերակային ճնշում», իսկ բարձր արյան ճնշումը՝ որպես «զարկերակային գերճնշում» կամ «հիպերտոնիա» (հիպերթենզիա):

Ի՞նչ է բարձր արյան ճնշումը

Ձեր արյան ճնշումը համարվում է բարձր, եթե այն գերազանցում է 140/90 մմ ս.ս.-ը: «Մմ ս.ս.»-ը մեր արյան ճնշման չափման միավորն է, որը բացվում է որպես «միլիմետր սնդիկի սյուն»։

Եթե ավելի մանրամասնենք, ապա բարձր արյան ճնշումը նշանակում է, որ սիստոլիկ ճնշումը բարձր է 140-ից կամ դիաստոլիկը բարձր է 90-ից կամ երկուսը միասին։

Բարձր զարկերակային ճնշումը ստացել է մեծ կարևորություն, քանի որ այն բարձրացնում է սրտի նոպայի և ինսուլտի ռիսկը։ Նաև հիմնավորվել է, որ հիպերտոնիայի արդյունավետ բուժումը, հակառակը, կրճատում է այս և մյուս հետևանքների հավանականությունը։

Ինչո՞ւ է ձեր արյան ճնշումը կարևոր

Արյան ճնշումը կարևորվում է, որովհետև, եթե այն նորմայից բարձր է, ապա արյան հոսքը ձեր օրգաններում տուժում է։ Տարիների ընթացքում բարձր արյան ճնշումը բարձրացնում է ձեզ հայտնի մի շարք լուրջ և կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, երիկամային անբավարարությունը և շաքարային դիաբետը։ Ապացուցված է նաև բարձր արյան ճնշման և աչքի հիվանդությունների, էրեկտիլ դիսֆունկցիաների և այլ հիվանդությունների ու վիճակների միջև գործող հստակ պատճառահետևանքային կապը։

Միայն եզակի դեպքերում է, երբ բարձր զարկերակային ճնշումը պահանջում է անհետաձգելի հիվանդանոցային բուժում։ Սովորաբար դա կապված է լինում զարկերակային ճնշման շեշտակի բարձրացման հետ մինչև շատ բարձր թվեր կամ երբ առկա են սրտի նոպայի կամ ինսուլտի զարգացման նախանշաններ։

Տարբեր ուղեցույցներում առաջարկվում է, որ նույնիսկ գանգատների և ռիսկի այլ գործոնների բացակայության պայմաններում, եթե անձի մոտ գրանցվում է երկարատև գերճնշում, հատկապես, երբ նրա արյան ճնշումը հասնում է 160/100 մմ ս.ս.-ի, ապա պետք է դիմել բժշկի և ստանալ ճնշումը նվազեցնող դեղեր։

Նույն կերպ, 18 տարին լրացած անձանց խորհուրդ է տրվում արյան ճնշումը հսկել առնվազն երկու տարին մեկ անգամ կամ, եթե կարիք կա, ապա ավելի հաճախակի։

Որո՞նք են բարձր արյան ճնշման պատճառները

Ինչքան էլ տարօրինակ հնչի, սակայն մեծամասամբ բարձր արյան ճնշման պատճառները մնում են անհայտ։ Նման դեպքերը հայտնի են որպես «առաջնային» կամ «էսենցյալ» հիպերթենզիա։

Զարկերակային գերճնշման առաջնային պատճառի անհայտ լինելուց անկախ, հստակ է, որ կան տարբեր վիճակներ և ապրելակերպեր, որոնք կարող են բարձր արյան ճնշման առկայությունը դարձնել ավելի հավանական։ Դրանք հայտնի են որպես «ռիսկի գործոններ»։ Ահա դրանցից ամենակարևորները՝

Քիչ դեպքերում բարձր արյան ճնշման պատճառը կարող է լինել հստակ, օրինակ՝ երիկամային զարկերակների նեղացում կամ որոշ հորմոնային խանգարումներ։ Նման դեպքերն դիտարկվում են որպես «երկրորդային» հիպերտոնիա։

Որո՞նք են բարձր արյան ճնշման նշանները

Բազմաթիվ մարդկանց մոտ բարձր արյան ճնշումը կարող է չառաջացնել որևէ գանգատ և երկար տարիների ընթացքում մնալ աննկատ։ Սա է պատճառը, որ նույնիսկ իրեն առողջ համարող մարդու զարկերակային ճնշումը պետք է կանոնավոր կերպով չափել, հատկապես, եթե նրա մոտ առկա են վերը թվարկված ռիսկի գործոններից մեկը կամ միաժամանակ մի քանիսը։

Բարձր արյան ճնշումը, հատկապես եթե այն «անսովոր» է տվյալ մարդու համար, կարող է առաջացնել գլխացավ և գլխապտույտ։ Հազվադեպ իրավիճակներում և ճնշման բարձր թվերի հասնելու դեպքում կարող են ի հայտ գալ նաև կրծքավանդակում ցավեր կամ ինսուլտին բնորոշ որոշ ախտանիշներ։

Բարձր արյան ճնշման ախտորոշումը

Մարդու արյան ճնշումը օրերի միջև և օրվա ընթացքում տատանվում է։ Սովորաբար, երբ անձի մոտ հայտնաբերվում է 140/90 մմ ս.ս. և ավելի բարձր ցուցանիշներ, ապա զարկերակային ճնշման չափումները կրկնվում են օրվա տարբեր ժամերին, տարբեր իրավիճակներում և մի քանի օր շարունակաբար։

Օրվա ընթացքում հատկապես գիշերային և ցերեկվա ժամերի միջև արյան ճնշման տատանումները գրանցելու համար երբեմն անհրաժեշտություն է ծագում օգտվելու զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգից։

Ինչպե՞ս է բուժվում բարձր արյան ճնշումը

Մարդկանց մեծ մասի համար բարձր արյան ճնշման բուժման առաջին քայլը ապրելակերպի փոփոխությունն է, որը ներառում է՝

Ապրելակերպի վերոնշյալ փոփոխությունները ոչ միշտ կարող են ունենալ բավարար ազդեցություն, և որոշ մարդկանց բժիշկը կարող է նշանակել դեղորայքային բուժում։ Մերօրյա հակաճնշումային դեղերը շատ արդյունավետ են, սակայն կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։

Սովորաբար բժիշկները սկսում են ցածր դեղաչափով մեկ-երկու դեղեր նշանակելուց, և դեպքերի մեծ մասի համար դա բավարար է լինում։ Այլ դեպքերում գուցե զուգակցվեն տարբեր խմբերի մի շարք դեղեր։ Բոլոր դեպքերում, զարկերակային ճնշման կարգավորումը պահանջում է երկար ժամանակ, իսկ որոշ դեղեր գուցե անհրաժեշտ լինի ընդունել ողջ կյանքի ընթացքում։

Եթե զարկերակային գերճնշումն արդեն իսկ առաջացրել է առողջական հետևանքներ, ապա ճնշման կարգավորման ուղղությամբ բուժմանն ավելացվում է նաև այդ վիճակների բուժումը։

Բարձր արյան ճնշման կանխարգելումը

Բարձր արյան ճնշման կանխարգելման հիմքն առողջ ապրելակերպն է, այդ թվում՝ ֆիզիկապես ակտիվ առօրյա, առողջ սննդակարգ, մարմնի նորմալ զանգվածի պահպանում և ծխելուց հրաժարում։

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019