ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. բուժում

ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. բուժում

Ներկայում ՄԻԱՎ վարակի դեմ պատվաստանյութ կամ որևէ լիարժեք բուժում գոյություն չունի:

Եթե մեկ անգամ վարակվել եք ՄԻԱՎ-ով, ապա ձեր օրգանիզմը չի կարող ազատվել վիրուսից: Սակայն, կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են ՄԻԱՎ վարակի ընթացքը դարձնել կառավարելի, հետաձգել հիվանդության հարաճուն զարգացումը մինչև ՁԻԱՀ, ինչպես նաև կանխարգելել բարդությունները: Բուժումը նաև օգնում է, որ բարելավվի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը, ինչպես նաև նորմալին հասնող կյանքի տևողությունը:

Հակառետրովիրուսային բուժում (ՀՌԲ)

Հակառետրովիրուսային բուժումը ՄԻԱՎ-ի դեմ ազդող որոշ դեղամիջոցների ողջ կյանքի ընթացքում և հետևողական օգտագործումն է, որը դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, հնարավորություն է տալիս երկարացնելու ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքն ու բարելավելու դրա որակը:

ՄԻԱՎ ախտորոշված յուրաքանչյուր մարդ պետք է սկսի ՀՌԲ՝ անկախ հիվանդության փուլից, ախտանիշներից կամ բարդությունների առկայությունից:

ՀՌԲ դեղեր

ՀՌԲ սովորաբար երեք կամ ավելի տարբեր խմբերի դեղամիջոցերի համակցումն է՝ միաժամանակյա օգտագործումը, որն այսօր համարվում է արյան մեջ շրջանառվող վիրուսային մասնիկների քանակը՝ վիրուսային ծանրաբեռնվածությունը (ՎԾ) կրճատող լավագույն տարբերակը: Ընդ որում, կան երեք դեղերը մեկ հաբում ներկայացնող դեղաձևեր, որոնք կարող են օգտագործվել «օրական մեկ անգամ՝ մեկ հաբ» ռեժիմով:

Բուժման սկիզբ և շարունակություն

ՄԻԱՎ վարակով յուրաքանչյուր անձ, անկախ CD4 T բջիջների քանակից կամ ախտանիշներից, պետք է ստանա հակավիրուսային դեղեր:

Նույնիսկ արյան մեջ ՎԾ չհայտնաբերվող մակարդակի իջնելուց արդյունավետ ՀՌԲ մեջ մնալը առողջ մնալու լավագույն ճանապարհն է:

ՀՌԲ արդյունավետ լինելու համար կարևոր է, որ ձեր դեղերն ընդունեք այնպես, ինչպես նշանակված է՝ առանց մոռանալու կամ բաց թողնելու հերթական դեղաչափերը: Արյան մեջ ՎԾ չհայտնաբերվող մակարդակի պայմաններում ՀՌԲ մեջ մնալը օգնում է, որ՝

  • իմունային համակարգն ամուր պահպանվի
  • կրճատվի որևէ վարակ ձեռք բերելու հավանականությունը
  • կրճատվի բուժում-կայուն ՄԻԱՎ-ի զարգացման հավանականությունը
  • կրճատվի այլ մարդկանց ՄԻԱՎ փոխանցելու հավանականությունը:

Այնուամենայնիվ, մշտապես ՀՌԲ մեջ մնալը խիստ դժվար է: Կարևոր է, որ ձեր բժշկի հետ քննարկեք հնարավոր կողմնակի ազդեցությունների, դեղերը խմելու հետ կապված դժվարությունների, հոգեկան կամ թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրների հետ կապված հարցերը, որոնք խոչընդոտում են ՀՌԲ պահպանումը:

Կարևոր է նաև, որ տևական բուժումը մշտապես վերահսկվի նշանակող բժշկի կողմից: Պարբերաբար այցելեք ձեր բժշկին, որ ստուգեք ձեր առողջական վիճակը, վերահսկեք կողմնակի ազդեցությունները և գնահատեք բուժման պատասխանը:

Տարիքի հետ կապված հիվանդությունների բուժում

Տարիքի հետ աճում է նաև սրտային, ոսկրային կամ նյութափոխանակության հետ կաված խնդիրների տարածվածությունը, որոնց բուժման համար բժիշկը կարող է նշանակել տարբեր խմբի դեղեր: Ուստի, շատ կարևոր է, որ նման դեպքերում բժիշկների հետ քննարկեք ձեզ նշանակված և ՀՌԲ դեղերի հնարավոր փոխազդեցության խնդիրը:

Բուժման պատասխան

Բժիշկը ՀՌԲ արդյունավետությունը գնահատում է ըստ ձեր արյան մեջ ՎԾ-ի և CD4 T քանակի: Այս հետազոտությունները սովորաբար նշանակվում է բուժման առաջին ամիսներին՝ 2-4 շաբաթը մեկ, իսկ ավելի ուշ՝ յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ:

Լավագույն դեպքում ՀՌԲ շնորհիվ ձեր արյան մեջ ՎԾ-ը պետք է կրճատվի՝ հասնելով չհայտնաբերվող մակարդակի: Սակայն, սա դեռ չի նշանակում, որ օրգանիզմը լիարժեքորեն «մաքրվել է» ՄԻԱՎ-ից. վիրուսը կարող է պահպանվել օրգանիզմի այլ շրջաններում, օրինակ՝ ավշային հանգույցներում և ներքին օրգաններում: Ահա թե ինչու ՀՌԲ պետք է շարունակել ձեր ողջ կյանքի ընթացքում:

Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021