Խռմփոց

Խռմփոց
Անգլերեն անվանումը՝ Snoring Self-Help

Խռմփոցն առաջանում է այն ժամանակ, երբ քնած ժամանակ ձեր կոկորդի որոշ մասերը շնչառության հետ սկսում են տատանվել:

Խռմփոցի առկայությունը նշանակում է, որ ձեր ազատ շնչառությանն ինչ-որ մի բան խոչընդոտում է:

Ձեր ընտանիքի գիշերային քունը և անդորրը խանգարելուց բացի, խռմփոցը կարող է լինել առողջական որևէ լուրջ խնդրի հետևանք: Եվ, լինելով այդ հիվանդության ախտանշաններից մեկը, խռմփոցն ինքը կարող է պատճառել այլ՝ ավելի ծանր առողջական խնդիրներ:

Ի՞նչու եմ ես խռմփացնում

Խռմփոցն ունի տարբեր պատճառներ, որոնցից ավելի հաճախ հանդիպում են հետևյալները՝

Եթե դուք գիշերները խռմփացնում եք, իսկ ցերեկվա ժամերին ձեզ զգում եք թույլ և քնկոտ, ձեզ մոտ հավանաբար առկա է քնի օբոստրուկտիվ անպոէ («օբստրուկցիան» նշանակում է խցանում, փակվածություն, իսկ «ապնոէն»՝ շնչառության կանգ): Սա մի վիճակ է, երբ քնած ժամանակ վերին շնչուղիներն այն աստիճան են նեղանում կամ փակվում, որ շնչառությունը դառնում է խիստ դժվարացած կամ կարճատև դադարում: Քնի օբստրուկտիվ ապնոէով հիվանդ մարդը գիշերները շատ բարձրաձայն խռմփացնում է, և ժամանակ առ ժամանակ այդ խռմփոցներն ընդհատվում են շնչառության կարճատև ընդհատումներով:

Քնի օբստրուկտիվ ապնոէն ուշադրության արժանի լուրջ առողջական խնդիր է: Քնի մշտական անբավարարության, ցերեկային ժամերի հոգնածության զգացման, քնկոտության և ուշադրության կենտրոնացման խանգարումներից բացի այս հիվանդությունը բարձրացնում է նաև տարբեր սրտանոթային հիվանդությունների, այդ թվում զարկերակային գերճնշման (հիպերտոնիա), շաքարախտի (դիաբետ), ինսուլտի և սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկերը:

Միևնույն ժամանակ, ցերեկային քնկոտության և ուշադրության կենտրոնացման խանգարումների պատճառով քնի օբստրուկտիվ ապնոէն կարող է դառնալ նաև ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների պատճառ:

Եթե խռմփացնում է ձեր երեխան, պատճառը կարող է լինել նրա հավելյալ քաշը կամ մեծացած նշագեղձերը:

Բուժում

Դուք պետք է զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ձեր խռմփոցը խանգարում է ձեզ և ձեր ընտանիքի գիշերային հանգիստը, առավել ևս, եթե ի հայտ են եկել քնած ժամանակ շնչառության կարճատև ընդհատման դրվագներ: Որոշ դեպքերում ձեզ կարող է առաջարկվել քնի շուրջգիշերյա հետազոտություն:

Ինչպե՞ս վերացնեմ խռմփոցը

Խռմփոցի դեմ կան տարբեր մեթոդներ, և դրանք արդյունավետ լինելու համար պետք է մեղմացվի կամ վերացվի խռմփոցն առաջացնող պատճառը:

Օրինակ, դուք կարող եք քնելուց առաջ ալկոհոլային խմիչքներ չօգտագործել, թողնել ծխելը, անկողնում պառկել մի կողմի, այլ ոչ թե մեջքի վրա, առկայության դեպքում բուժել ձեր ալերգիան կամ ալերգիկ հիվանդությունը (օրինակ՝ ալերգիկ հարբուխը), ձերբազատվել ձեր հավելյալ կիլոգրամներից և ավելացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը:

Քթային ստրիպները կամ այլ միջոցները կարող են քնած ժամանակ բաց վիճակում պահել ձեր բերանը կամ կանխել լեզվի ներանկումը: Նույն կերպ, շուկայում առկա են նաև քնի օբստրուկտիվ ապնոէի նշանները մեղմացնող սարքեր (օրինակ՝ CPAP): Որոշ դեպքերում գուցե վիրահատական բուժման անհրաժեշտություն առաջանա:

Եթե ձեր երեխան խռմփացնում է մեծացած նշագեղձերի պատճառով, բժիշկը կարող է նշանակել հակաբորբոքային բուժում կամ առաջարկել ադենոիդները և նշագեղձերը հեռացնելու վիրահատություն:

Հոդվածը վերանայվել է՝ 18-05-2019