Մարդու աճի կամ սոմատոտրոպ հորմոն

Մարդու աճի կամ սոմատոտրոպ հորմոն
Անգլերեն անվանումը՝ Human Growth Hormone, Somatotrop Hormone

Մարդու աճի հորմոնը (հGH) կամ պարզապես աճի հորմոնը արտադրվում է գլխուղեղում տեղակայված մակուղեղում։

Աճի հորմոնի այլ անվանումն է «սոմատոտրոպ հորմոն» (STH)։

Ի՞նչ է մարդու աճի հորմոնը

Աճի հորմոնը փոքր սպիտակուցային մոլեկուլ է, որն արտադրվում է գլխուղեղի ամենախորին մասում տեղակայված կարևոր ներզատական գեղձի՝ մակուղեղի (հիպոֆիզ) առաջնային բլթի կողմից։ Արտադրվելուց հետո այս հորմոնը մուտք է գործում արյան հուն, տեղափոխվում օրգանիզմի բոլոր հյուսվածքները և խթանում դրանց աճը։

Աճի հորմոնի անբավարարությունը երեխաների մոտ առաջացնում է աճի դանդաղեցում (հիպոֆիզային գաճաճություն), իսկ չափահասների մոտ՝ առողջական այլ խնդիրներ։

Երեխաների մոտ աճի հորմոնի գերարտադրությունն առաջացնում է գիգանտիզմ (հսկայություն, արտասովոր բարձր հասակ), իսկ չափահասների մոտ՝ ակրոմեգալիա (դեմքի ոսկրերի, դաստակների և ոտնաթաթերի արտասովոր գերաճ)։ Ոսկրային այսպիսի փոփոխություններից բացի աճի հորմոնի ավելցուկային քանակները բերում են նաև առողջական այլ խնդիրների։

Ներկայումս առկա է աճի հորմոնի սինթետիկ (արհեստական) տարբերակը։

Աճի հորմոնի բժշկական օգտագործումը

Աճի հորմոնը կարող է բժշկի կողմից նշանակվել դանդաղած աճով ու զարգացմամբ երեխաներին և այն չափահասներին, ում մոտ արյան հետազոտությամբ հայտնաբերվում է հորմոնի նորմայից ցածր ցուցանիշներ։

Աճի հորմոնը սովորաբար նշանակվում է ներարկման ճանապարհով, եթե հակացուցումները բացակայում են (օրինակ՝ սկոլիոզ):

Աճի հորմոնի ոչ օրինական օգտագործումը

Աճի հորմոնը կամ այն պարունակող հավելումը կարող է առաջարկվել ոչ բժշկական ցուցումներով, օրինակ՝ մկանների աճի համար։ Սա խիստ վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել ակրոմեգալիա, 2-րդ տիպի դիաբետ, բարձր արյան ճնշում, լյարդի ախտահարում, սրտային հիվանդություններ և վաղաժամ ծերացում։

Լրացուցիչ տեղեկատվություն

Աճի հորմոնի հետազոտության մասին

Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք մարդու աճի հորմոնի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։

Արյան հետազոտության մասին

Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝

  • ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
  • ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
  • ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2019