Հիպերգլիկեմիա. բուժում
10-04-2021
3 րոպե

Դիաբետը պահանջում է երկարատև, հաճախ՝ ողջ կյանքի ընթացքում շարունակվող բուժում և վերահսկում, սակայն դիաբետ ունեցող անձը կարող է ձեռնարկել քայլեր՝ նվազեցնելու արյան գլյուկոզի կտրուկ բարձրացման դրվագները:
Տնային բուժում
Զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ինչպես է պետք արդյունավետ կերպով կառավարել ձեր արյան շաքարը և ինչպես կարող են բուժման տարբեր տարբերակներն օգնել, որ գլյուկոզի մակարդակը մնա ցանկալի (թիրախային) միջակայքում: Բժիշկը կարող է առաջարկել բարձր արյան գլյուկոզի բուժման մի շարք մոտեցումներ:
- Մնացե՛ք ֆիզիկապես ակտիվ. կանոնավոր վարժանքները հաճախ արդյունավետ կերպով կարգավորում են ձեր արյան շաքարը: Սակայն, խուսափեք վարժանքներից, եթե ձեր մեզում առկա են կետոններ. սա կարող է էլ ավելի բարձրացնել արյան շաքարի մակարդակը:
- Ընդունե՛ք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը. եթե ունեք հիպերգլիկեմիայի հաճախակի դրվագներ, բժիշկը կարող է փոփոխել ձեր դեղերի քանակները, տեսակները կամ ընդունման ժամերը:
- Հետևե՛ք դիաբետի սննդակարգին. ճիշտ ընտրված սննդակարգը, օրինակ՝ փոքր քանակներով ուտելը կամ հաճախակի նախաուտեստները, ինչպես նաև քաղցրահամ ըմպելիքներից խուսաափելը կարող է օգնել արյան գլյուկոզի կտրուկ բարձրացման կանխարգելմանը: Հարցրեք ձեր բժշկին կամ դիետոլոգին, թե ինչպես ձեր սննդակարգը դարձնել հիպերգլիկեմիայի վերահսկման առումով առավել օգտակար:
- Ստուգե՛ք ձեր արյան շաքարը. վերահսկեք արյան գլյուկոզն այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը: Հաճախացրեք գլիկոմետրիան, եթե ի հայտ է եկել մեկ այլ առողջական խնդիր կամ սուր հիպերգլիկեմիայի կամ հիպոգլիկեմիայի (ցածր արյան գլյուկոզ) վերաբերյալ ունեք որոշակի անհանգստություններ:
- Համապատասխանեցրե՛ք ձեր ինսուլինի դեղաչափերը. ինսուլինային ծրագրի հարմարեցումները կամ կարճատև ազդող ինսուլինի հավելյալ դեղաչափերը կարող են օգնել հիպերգլիկեմիայի վերահսկմանը: Որոշ իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել ինսուլինի հավելյալ դեղաչափեր, որ ժամանակավորապես օգնի բարձր արյան մակարդակների շտկմանը: Զրուցեք ձեր բժշկի հետ այս և փոխկապակցված այլ թեմաների շուրջ:
Դուք կարող եք ձեռնարկել նաև լրացուցիչ միջոցներ, եթե ունեք արյան գլյուկոզի սովորականից ավելի բարձր մակարդակների՝
- կտրվեք բոլոր գործերից և հանգիստ պառկեք
- կապ հաստատեք ձեր բժշկի հետ և լսեք նրա խորհուրդները. չի բացառվում, որ նա առաջարկի դիաբետի դեմ ձեր դեղի դեղաչափը փոփոխել կամ գուցե ինսուլինի արտահերթ դեղաչափի կարիք զգացվի (օրինակ՝ 2-4 միավոր ամեն 2 ժամը մեկ)
- ստուգեք ձեր մեզում կետոնների (ացետոնի) առկայությունը սովորական մեզի սթրիփի միջոցով և արդյունքի մասին տեղեկացրեք ձեր բժշկին
- ջրազրկումը դիմագրավելու համար խմեք մեծ քանակներով ջուր, շաքար կամ ալկոհոլ չպարունակող հեղուկներ, սակայն խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից (կոլա, սուրճ և այլն)
- կանոնավոր կերպով ստուգեք ձեր արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն նվազում է։
Ծանր հիպերգլիկեմիայի անհետաձգելի բուժում
Եթե ձեզ մոտ զարգացել են դիաբետիկ կետոացիդոզի կամ հիպերգլիկեմիկ հիպերօսմոլյար վիճակի ախտանիշներ, պահանջվում է հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպում: Անհետաձգելի բուժումը կարող է նվազեցնել ձեր արյան շաքարը մինչև նորմալին մոտ մակարդակի:
- Հեղուկների լրացում. ձեզ կնշանակեն հեղուկներ, սովորաբար՝ ներերակային ինֆուզիոն ճանապարհով (կաթիլային), քանի դեռ ջրազրկումը չի վերացել: Ինֆուզիաները փոխլրացնում են առատ միզարձակմամբ օրգանիզմի կորցրած հեղուկները, ինչպես նաև օգնում են արյան բարձր շաքարի նոսրացմանը:
- Էլեկտրոլիտների լրացում. էլեկտրոլիտներն արյան միներալներն են, որոնք անհրաժեշտ են ձեր հյուսվածքների նորմալ գործունեության համար: Ինսուլինի բացակայությունը կարող է նվազեցնել արյան որոշ էլեկտրոլիտների (իոնների) մակարդակը: Դուք կարող եք էլեկտրոլիտներ ստանալ ներերակային ինֆուզիաների միջոցով (կաթիլային), որը թույլ է տալիս պահպանել ձեր սրտի, մկանների և նյարդաբջիջների նորմալ գործունեությանը:
- Ինսուլինային բուժում. ինսուլինը ետ է զարգացնում այն գործընթացները, որոնց պատճառով արյան մեջ կուտակվում են կետոններ: Ուստի, ներերակային հեղուկների և էլեկտրոլիտների հետ միասին դուք կստանաք նաև ինսուլինային բուժում:
Երբ ձեր օրգանիզմի քիմիական հավասարակշռությունը վերականգնվում է, բժիշկը սկսում է ախտորոշիչ փնտրտուքը՝ հասկանալու սուր հիպերգլիկեմիայի պատճառը: Կախված իրավիճակից, նա կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ և բուժումներ:
Եթե բժիշկը կասկածում է, որ ձեր արյան գլյուկոզի մակարդակը կտրուկ բարձրացել է որևէ բակտերիալ վարակի պատճառով, ապա կարող է ձեր նշանակումներին ավելացնել հակաբիոտիկներ: Նույն կերպ, նա կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ կամ բուժումներ, եթե հնարավոր է համարում սրտականի ինֆարկտի զարգացումը:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021