Բարձր արյան ճնշում. բուժում
12-03-2021
3 րոպե

Ապրելակերպի փոփոխությունը կարող է օգնել բարձր արյան ճնշման (գերճնշում կամ հիպերտենզիա) վերահսկմանը և կառավարմանը:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ապրելակերպի հետևյալ փոփոխությունները՝
- ծխախոտից հրաժարում
- կերակրի աղի սահմանափակմամբ «առողջ սրտի» սննդակարգ
- կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
- առողջ քաշի պահպանում կամ քաշի նվազեցում, եթե ունեք ավելցուկային կիլոգրամներ կամ գեր եք
- ալկոհոլի քանակի սահմանափակում:
Սակայն երբեմն միայն ապրելակերպի փոփոխությունները բավարար չեն: Եթե սննդակարգն ու վարժանքները չեն օգնում, բժիշկը կարող է նշանակել արյան ճնշումը նվազեցնող դեղեր:
Դեղեր
Բժշկի կողմից նշանակվող դեղերի տեսակը կամ դեղաչափերը կախված են ձեր արյան ճնշման ցուցանիշներից և ընդհանուր առողջական վիճակից: Հաճախ երկու և ավելի շատ դեղերի զուգակցումն ավելի արդյունավետ է լինում, քան միայն մեկ դեղով բուժումը (մոնոթերապիա): Երբեմն ձեզ համար ամենաարդյունավետ դեղի կամ դեղերի լավագույն զուգակցման ընտրությունը կարող է որոշակի ժամանակ պահանջել՝ իրենից ներկայացնելով անհատական «փորձություն» (երբեմն՝ նաև սխալներով):
Սովորաբար բժիշկները որպես բուժման նպատակ սահմանում են զարկերակային ճնշման 130/80 մմ ս.ս.-ից ցածր ցուցանիշները, եթե դուք՝
- առողջ եք և ձեր տարիքը 65 և ավելի բարձր է
- մինչև 65 տարեկան չափահաս եք և ունեք մոտակա 10 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդության զարգացման 10% և ավելի բարձր ռիսկ
- ունեք քրոնիկ երիկամային հիվանդություն, դիաբետ կամ սրտի իշեմիկ հիվանդություն:
Հարցրեք բժշկին, թե կոնկրետ ձեր դեպքում զարկերակային ճնշման որ թվերն են հանդիսանալու ձեր բուժման նպատակը:
Զարկերակային գերճնշման բուժման համար բժիշկը կարող է ձեզ նշանակել դեղերի հետևյալ տեսակներից մեկնումեկը կամ երկու կամ ավելի տեսակների զուգակցումներ՝
- միզամուղներ
- անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ, անգլերեն՝ ACE) արգելակիչներ
- անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ, անգլերեն՝ ARBs)
- կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ)։
Որոշ դեպքերում, եթե այս խմբերի դեղամիջոցները բավարար արդյունք չեն ապահովում, բժիշկը կարող է ավելացնել լրացուցիչ դեղամիջոցներ:
Իմացե՛ք ավելին զարկերակային գերճնշման բուժման դեղերի մասին:
Կայուն հիպերտենզիայի բուժումը
Եթե ճնշումը նվազեցնող առնվազն երեք տեսակի դեղամիջոցներով (որոնցից մեկը միզամուղ է) բուժման պայմաններում զարկերակային ճնշումը մնում է կայուն բարձր, բժիշկները նման վիճակն անվանում են կայուն կամ «համառ» գերճնշում: Այսպիսի դեպքերում բուժող բժիշկը սկսում է որոնել բարձր արյան ճնշման երկրորդային պատճառներ:
Կայուն հիպերտենզիայի առկայությունը բնավ չի նշանակում, որ ձեր զարկերակային ճնշումը կարգավորելու որևէ հնարավորություն այլևս չկա: Դա պարզապես նշանակում է, որ պետք է ընտրել ավելի արդյունավետ բուժման պլան և ձեր զարկերակային ճնշումը կարգավելուն ուղղված ավելի մեծ ջանքեր գործադրել:
Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021