Թիրեոտոքսիկոզ. բուժում

Թիրեոտոքսիկոզ. բուժում

Կան թիրեոտոքսիկոզի կամ հիպերթիրեոզի բուժման մի քանի տարբերակներ:

Թիրեոտոքսիկոզի բուժման լավագույն մոտեցումը կախված է տարիքից, ընդհանուր առողջական վիճակից, վահանաձև գեղձի գերակտիվացման պատճառից, ծանրության աստիճանից և ձեր նախապատվությունից:

  • Ռադիոակտիվ յոդ. ներքին ընդունման (բերանով խմվող) ռադիոակտիվ յոդը ներծծվում և կուտակվում է ձեր վահանաձև գեղձում և շաբաթների կամ ամիսների ընթացքում ետզարգացնում գեղձային հյուսվածքը: Հիվանդության ախտանիշները սովորաբար մեղմանում են մի քանի ամսվա ընթացքում: Ռադիոակտիվ յոդի ավելցուկն օրգանիզմից հեռացվում է շաբաթներից մինչև ամիսների ընթացքում: Այս բուժումը կարող է այնքան կրճատել վահանաձև գեղձի ակտիվությունը, որ զարգանա թերակտիվություն (հիպոթիրեոզ), որից հետո դուք կարիք ունեք ամեն օր ընդունել թիրոքսինին փոխարինող արհեստական հորմոնային դեղամիջոց:
  • Հակաթիրեոիդային դեղամիջոցներ. այս դեղամիջոցներն աստիճանաբար մեղմացնում են թիրեոտոքսիկոզի ախտանիշները՝ կանխարգելելով գեղձային հյուսվածքի կողմից հորմոնների ավելցուկային քանակների արտադրությունը: Հակաթիրեոիդային դեղամիջոցներից են՝ Մեթիմազոլ (Տապազոլ) և Պրոպիլթիոուրացիլ: Այս դեղորայքներով բուժում անցկացնելիս սովորաբար թիրեոտոքսիկոզի ախտանիշները սկում են մեղմանալ մի քանի շաբաթից մինչև մեկ ամսվա ընթացքում, սակայն բուժումը շարունակվում է առնվազն մեկ տարի, հաճախ՝ ավելի երկար: Որոշ մարդկանց մոտ դեղորայքային բուժումը կայուն կերպով լուծում է խնդիրը, սակայն այլ մարդկանց մոտ վահանաձև գեղձը կարող է վերաակտիվանալ: Երկու դեղամիջոցներն էլ կարող են լրջորեն վնասել լյարդը, երբեմն առաջացնելով մահ: Պորպիլթիոուրացիլն ավելի շատ է ախտահարում լյարդը, քան Մեթիմազոլը, ուստի նշանակվում է միայն այն ժամանակ, եթե չեք կարող ընդունել Մեթիմազոլ: Սակավաթիվ մարդկանց մոտ այս խմբի դեղերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկացան, եղնջացան, ջերմության բարձրացում կամ հոդացավ, ինչպես նաև բարձրացնել վարակների նկատմամբ ձեր օրգանիզմի ընկալունակությունը:
  • Բետա-պաշարիչներ (բլոկատորներ). բետա-բլոկատորները սովորաբար նշանակվում են բարձր արյան ճնշումը բուժելիս և չեն ազդում վահանաձև գեղձի հորմոնների մակարդակների վրա, սակայն կարող են մեղմացնել թիրեոտոքսիկոզի որոշ ախտանիշներ, օրինակ՝ ձեռքերի մատների դող (տրեմոր), արագացած սրտազարկ և սրտխփոցի զգացում: Ուստի, բժիշկը կարող է նշանակել որևէ բետա-բլոկատոր մինչև ձեր թիրեոիդ հորմոնների մակարդակի մոտենալը նորմալ միջակայքին: Այս խմբի դեղերը սովորաբար չեն նշանակվում ասթմա ունեցող անձանց: Կողմնակի ազդեցություններից են թուլության զգացումը և սեռական դիսֆունկցիան:
  • Վիրահատություն (թիրոիդէկտոմիա). հազվադեպ, եթե հղի եք, լավ չեք տանում հակաթիրեոիդային դեղամիջոցները կամ չեք ցանկանում ստանալ ռադիոակտիվ յոդով բուժում, բժիշկը կարող է ձեզ առաջարկել վիրահատություն: Թիրեոիդէկտոմիայի ժամանակ վիրաբույժը հեռացնում է ձեր գեղձի մեծ մասը (կոչվում է սուբտոտալ թիրեոիդէկտոմիա): Վիրահատության ռիսկերից են ձայնալարերի վնասումը և հարվահանաձև գեղձերի հեռացումը, որոնք օգնում են արյան կալցիումի մակարդակի վերահսկմանը: Որոշ դեպքերում կարող է առաջանալ ողջ կյանքի ընթացքում Լևոթիրոքսինի (Լևոքսիլ, Սինթրոիդ և այլն) ընդունման անհրաժեշտություն, որ ապահովվի թիրեոիդ հորմոնների նորմալ մակարդակը: Եթե հեռացվել են ձեր հարվահանաձև գեղձերը, նաև առաջանում է արյան կալցիումի մակարդակը նորմալացնող լրացուցիչ բուժման կարիք:

Գրեյվսի օֆթալմոպաթիայի բուժումը

Եթե Գրեյվսի հիվանդությունն ազդում է ձեր աչքերի վրա (Գրեյվսի օֆթալմոպաթիա), թեթև ախտանիշների դեպքում կարող եք օգտագործել արհեստական արցունք և աչքերն օծող գելեր, ինչպես նաև խուսափել քամուց և վառ լույսի աղբյուրներից: Եթե գանգատներն ավելի արտահայտված են, բժիշկը կարող է խորհուրդ տալ կորտիկոստերոիդային բուժում, օրինակ՝ Պրեդնիզոն, որը նվազեցնում է հետակնագնդային այտուցը: Ծանր դեպքերում կարող է առաջարկվել վիրահատական բուժում (օրբիտալ դեկոմպրեսիա կամ աչքի մկանների պլաստիկա):

Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021