Ցածր արյան գլյուկոզ (հիպոգլիկեմիա)

Ցածր արյան գլյուկոզ (հիպոգլիկեմիա)
Անգլերեն անվանումը՝ Hypoglycaemia, Low Blood Sugar

Հիպոգլիկեմիան («հիպո») արյան գլյուկոզի մակարդակի նվազումն է մինչև 4 մմոլ/լ և ավելի ցածր:

Հիպոգլիկեմիայի պատճառները

Հիպոգլիկեմիան կարող է զարգանալ արագորեն հետևյալ պայմաններում՝

  • դուք հետաձգել կամ բաց եք թողել ձեր հերթական սննդի ընդունումը
  • դուք սովորականից ավելի մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության եք ենթարկվել
  • դուք ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ) և ստացել եք ինսուլինի չափից դուրս բարձր դեղաչափ:

Հիպոգլիկեմիայի ախտանիշները

«Հիպո» վիճակում դուք կարող եք զգալ հետևյալը՝

  • ուժեղ քաղցի զգացում
  • առատ քրտնարտադրություն
  • խիստ արտահայտված ընդհանուր թուլություն
  • ընդհանուր գունատություն
  • գլխապտույտ կամ գլխում «դատարկության» զգացում
  • շրթունքների դող
  • ամբողջ մարմնի դող կամ ցնցումներ:

Ավելի ծանր հիպոգլիկեմիան կարող է առաջացնել՝

  • շփոթվածություն կամ շշմածություն
  • ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ
  • դյուրագրգիռ և նյարդային վիճակ
  • անհասկանալի և տարօրինակ վարք, որը կարող է նմանվել հարբածությանը:

Ժամանակին բուժում չստանալու դեպքում հիպոգլիկեմիայի վիճակը կարող է վերածվել գիտակցության կորստի՝ հիպոգլիկեմիկ կոմայի, որը անհետաձգելի բուժօգնություն պահանջող մարդու կյանքին սպառնացող ծանր վիճակ է:

Եթե ձեզ մոտ կամ ձեր ներկայությամբ որևէ անձի մոտ կասկածում եք հիպոգլիկեմիկ վիճակ, առանց ուշացնելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Եթե այդ մարդու գիտակցությունը բացակայում է, մի փորձեք նրա բերանը շաքար, կոնֆետ և այլ քաղցր սննդամթերքներ դնելուց:

Ինչպես օգնեմ ինքս ինձ «հիպո» վիճակներում

Եթե ձեր արյան գլյուկոզի մակարդակն իջել է 4 մմոլ/լ և ավելի ցածր, այս միջոցառումները կարող են բավականին արդյունավետ և օգտակար լինել:

Քայլ 1

Ընդունեք 15 գրամ արագ լուծվող ածխաջրատներ, օրինակ՝

  • 6-7 հատ մարմելադ ԿԱՄ
  • կես բաժակ սովորական քաղցրահամ (ոչ դիետիկ և ալկոհոլ չպարունակող) ըմպելիք ԿԱՄ
  • կես բաժակ քաղցրահամ մրգահյութ ԿԱՄ
  • 3 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր կամ գլյուկոզի հաբեր (համարժեք 15 գրամ ածխաջրատներին):

Քայլ 2

Սպասեք 15 րոպե և կրկին չափեք ձեր արյան շաքարը (գլյուկոզը):

  • Եթե ձեր գլյուկոզը հասել է (կամ գերազանցել է) 4 մմոլ/լ-ը, անցեք 3-րդ քայլին:
  • Եթե ձեր գլյուկոզը մնում է 4 մմոլ/լ-ից ցածր թվերի վրա, կրկնեք 1-ին քայլը:

Քայլ 3

Ընդունեք երկար ազդող ածխաջրատներով սնունդ, օրինակ՝

  • 1 շերտ հաց ԿԱՄ
  • 1 բաժակ կաթ ԿԱՄ
  • 1 կտոր քաղցրահամ միրգ ԿԱՄ
  • 2-3 կտոր ծիրանի, թզի կամ այլ մրգի չիր ԿԱՄ
  • 1 տուփ բնական և ցածր յուղայնության յոգուրտ ԿԱՄ
  • մակարոն ԿԱՄ
  • բրինձ:

Եթե, այնուամենայնիվ, ձեր արյան շաքարը մնում է ցածր թվերի վրա, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:

Եթե զգում եք, որ ձեր ինքնազգացողությունը և վիճակը չի բարելավվում, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը վերանայվել է՝ 12-06-2019