Հիպոգլիկեմիա. բուժում

Հիպոգլիկեմիա. բուժում

Հիպոգլիկեմիայի բուժումը կախված է վիճակի առաջացման արագությունից, ծանրության աստիճանից և պատճառից:

Անհապաղ բուժում

Հիպոգլիկեմիայի ախտանիշների դեպքում առանց հետաձգելու արեք այս հաջորդական քայլերը:

  • Օգտագործե՛ք 10-20 գրամ արագ ազդող պարզ ածխաջրեր. դրանք սպիտակուց կամ ճարպ չպարունակող քաղցրահամ սննդամթերքներ կամ հեղուկներ են, որոնք արագորեն ներծծվում կամ փոխակերպվում են գլյուկոզի՝ գլյուկոզի հաբեր կամ գել, քաղցրահամ մրգահյութ, սովորական (ոչ դիետիկ) ըմպելիքներ, մեղր և քաղցրավենիք:
  • 15 րոպե հետո կրկնակի ստուգե՛ք շաքարի մակարդակը. եթե արյան շաքարը դեռևս 3,9 մմոլ/լ-ից (70 մգ/դլ) ցածր է, կրկին կերեք կամ խմեք 15-20 գրամ արագ ազդող ածխաջրեր և 15 րոպե հետո նորից ստուգեք արյան շաքարը: Կրկնեք այս քայլերն այնքան, մինչև արյան շաքարը դառնա 3,9 մմոլ/լ-ից (70 մգ/դլ) բարձր:
  • Կերե՛ք նախաուտեստ կամ ճաշ. արյան շաքարի նորմալանալուց հետո ընդունեք սնունդ, որը կօգնի շաքարի կայունացմանը և կլրացնի օրգանիզմի գլիկոգենային պաշարները:

Ծանր հիպոգլիկեմիայի անհետաձգելի բուժում

Հիպոգլիկեմիան համարվում է ծանր, երբ վերականգնվելու համար անհրաժեշտ է մեկ այլ մարդու օգնությունը: Օրինակ, եթե ի վիճակի չեք սննդի միջոցով ածխաջրեր ստանալ, կարող է առաջանալ գլյուկագոնի ներարկման կամ ներերկային գլյուկոզ ստանալու անհրաժեշտություն:

Ընդհանուր առմամբ, ինսուլին ստացող դիաբետով մարդիկ պետք է ունենան անհետաձգելի օգնության գլյուկագոնային հավաքածու: Ճիշտ կլինի, եթե ընտանիքի անդամները և ընկերներն իմանան այդ հավաքածուի տեղը և օգտագործման ձևը:

Եթե օգնություն եք ցուցաբերում անգիտակից վիճակում գտնվող մարդուն, մի՛ փորձեք նրան սնունդ կամ ըմպելիքներ տալ: Եթե չունեք գլյուկագոնային հավաքածու կամ չգիտեք օգտագործման կարգը, առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Պատճառ հանդիսացող հիվանդությունների բուժում

Կրկնվող հիպոգլիկեմիայի կանխարգելումը պահանջում է պատճառ հանդիսացող հիվանդության ախտորոշում և բուժում: Պատճառից կախված, բուժումը կարող է ներառել դեղեր կամ վիրահատական բուժում (օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի մասնահատում):

Հոդվածը վերանայվել է՝ 11-04-2021