Ցածր արյան ճնշում. բուժում

Ցածր արյան ճնշում. բուժում

Որևէ գանգատ չառաջացնող կամ միայն թեթև ախտանիշներով ուղեկցվող ցածր արյան ճնշումը կամ հիպոտենզիան հազվադեպ է բուժման կարիք ունենում:

Սակայն, եթե ցածր արյան ճնշումն առաջացնում է անհանգստացնող ախտանիշներ, բժիշկը կարող է տալ խորհուրդներ կամ առաջարկել բուժում:

Նման դեպքերում բուժումը կախված է հիպոտենզիայի պատճառից: Օրինակ, եթե ձեր ճնշումն ընկել է որևէ դեղամիջոցի պատճառով, ապա վերջինիս ընդունման դադարեցումը, դեղաչափի կրճատումը կամ մեկ այլ դեղով փոխարինումը կարող է նորմալացնել արյան ճնշումը:

Եթե այնքան էլ պարզ չէ, թե ինչ պատճառով է ձեր զարկերակային ճնշումը նվազել, ապա բուժման առաջնային նպատակը ձեր ճնշումը բարձրացնելն է և առկա գանգատները մեղմացնելը:

Կախված ձեր տարիքից, ընդհանուր առողջական վիճակից և զարկերակային հիպոտենզիայի տեսակից, բժիշկը կարող է առաջարկել մի շարք մոտեցումներ:

  • Ավելացրե՛ք կերակրի աղի քանակը. փորձագետները սովորաբար խորհուրդ են տալիս սահմանափակել սննդի մեջ կերակրի աղի քանակները, քանի որ նատրիումը կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը (հիպերթենզիա): Սակայն, ցածր արյան ճնշմամբ մարդկանց կերակրի աղը կարող է օգտակար լինել: Այնուամենայնիվ, օրգանիզմում նատրիումի ավելցուկը, հատկապես մեծ տարիքով մարդկանց համար, կարող է բերել սրտային անբավարարության, ուստի, մինչև ձեր սննդակարգում աղ ավելացնելը զրուցե՛ք բժշկի հետ:
  • Խմե՛ք ավելի շատ ջուր. հեղուկները մեծացնում են արյան ծավալը և օգնում ջրազրկման կանխարգելմանը, որի արդյունքում հիպոտենզիան կանխարգելվում կամ բուժվում է: Կրկին, պետք է ուշադիր լինել կամ խուսափել առատ հեղուկներից, եթե առկա է սրտային անբավարարություն:
  • Սեղմող (կոմպրեսիոն) գուլպաներ. էլաստիկ գուլպաներն ավելի հաճախ օգտագործվում են վարիկոզ երակներին ուղեկցող ցավը և այտուցը մեղմացնելու համար: Այս գուլպաները կիպ գրկում են ոտքերը և սահմանափակում արյունատար անոթների լայնացումը՝ օգնելով ցածր արյան ճնշման կարգավորմանը:
  • Դեղեր. որոշ դեղեր կարող են նշանակվել, երբ արյան ճնշումն ընկնում է արագ ոտքի կանգնելիս (կոչվում է «օրթոստատիկ կամ պոստուրալ հիպոտենզիա»), օրինակ՝ Ֆլուդրոկորտիզոն, որը մեծացնում է արյան ծավալը: Քրոնիկ օրթոստատիկ հիպոտենզիայով մարդկանց բժիշկները հաճախ նշանակում են Միդոդրին (Օրվատեն), որը սահմանափակում է արյունատար անոթների լայնացման ունակությունը և կանխարգելում դիրքի կտրուկ փոփոխության հետ կապված զարկերակային ճնշման անկումները:

Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021