Հիպոթիրեոզ. բուժում

Հիպոթիրեոզ. բուժում

Հիպոթիրեոզի ստանդարտ բուժումը ներառում է սինթետիկ թիրեոիդային հորմոն հանդիսացող Լևոթիրոքսինի (Լևո-Տ, Սինթրոիդ և այլն) ամենօրյա ընդունումը:

Այս ներքին ընդունման դեղամիջոցը վերականգնում է հորմոնի համարժեք մակարդակները և ետզարգացնում հիպոթիրեոզի գանգատներն ու մյուս ախտանիշները:

Բուժումը սկսելուց հետո շուտով կսկեք զգալ ինքնազգացողության բարելավում: Դեղամիջոցն աստիճանաբար նվազեցնում է հիպոթիրեոզի պատճառով բարձրացած խոլեսթերինի մակարդակները, ինչպես նաև սկսվում է աստիճանաբար կարգավորվել ձեր մարմնի քաշը: Լևոթիրոքսինով բուժումը սովորաբար շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, սակայն դեղաչափը կարող է փոփոխվել՝ կախված թիրեոտրոպ հորմոնի (TSH) ամենամյա ստուգման արդյունքներից:

Ճիշտ դեղաչափի ընտրությունը կարող է ժամանակ պահանջել

Բուժման վաղ փուլերում Լևոթիրոքսինի դեղաչափը որոշելու համար բժիշկը սովորաբար ստուգում է ձեր արյան TSH-ի մակարդակը բուժումը սկսելուց հետո 6-8 շաբաթ հետո, այնուհետև՝ 6 ամիս հետո: Հորմոնի ավելցուկային քանակները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝

  • ախորժակի բարձրացում
  • անքնություն
  • սրտխփոց
  • դող:

Եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն կամ ծանր հիպոթիրեոզ, բժիշկը կարող է բուժումը սկսել դեղամիջոցի ավելի փոքր քանակներով և աստիճանաբար բարձրացնել դեղաչափը: Հորմոնային բուժման այսպիսի զգուշավորությունը թույլ է տալիս, որ սիրտը հարմարվի նյութափոխանակության արագացմանը:

Տեսականորեն Լևոթիրոքսինը որևէ կողմնակի ազդեցություն չի առաջացնի, եթե ստանաք համարժեք դեղաչափ: Եթե փոփոխում եք դեղամիջոցի բրենդը, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:

Իհարկե, փորձեք բաց չթողնել ձեր հերթական դեղաչափը կամ ինքնազգացողության բարելավումից հետո ինքնուրույն դադարեցրել Լևոթիրոքսինի ընդունումը: Հակառակ դեպքում հիպոթիրեոզի ախտանիշները աստիճանաբար կվերականգնվեն:

Lևոթիրոքսինի պատշաճ ներծծումը

Որոշ դեղամիջոցներ, հավելումներ և նույնիսկ սննդամթերքներ կարող են ազդել Լևոթիրոքսինի ներծծման ունակության վրա: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե օգտագործում եք սոյայի հիմքով մթերքների մեծ քանակներ, մեծ քանակով բջջանք պարունակող սննդամթերքներ կամ օգտագործում եք որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝

  • երկաթի հավելումներ կամ երկաթ պարունակող մուլտիվիտամիններ
  • ալյումինի հիդրօքսիդ, որն առկա է որոշ անտադիցներում
  • կալցիումի հավելումներ:

Լևոթիրոքսինի ընդունման լավագույն ժամանակը դատարկ ստամոքսն է, ընդ որում, ամեն օր նույն ժամին: Լավագույն տարբերակն այն է, որ հորմոնն ընդունեք առավոտյան և համբերեք մեկ ժամ՝ մինչև նախաճաշելը կամ այլ դեղամիջոցներ ընդունելը: Եթե ցանկանում եք ձեր հորմոնն ընդունել քնելուց առաջ, ապա ընթրիքից կամ վերջին ուտեստից հետո պետք է սպասել մոտ 4 ժամ:

Եթե բաց եք թողել Լևոթիրոքսինի հերթական դեղաչափը, հաջորդ օրն ընդունեք երկու հաբ:

Ենթակլինիկական հիպոթիրեոզ

Եթե ունեք ենթակլինիկական հիպոթիրեոզ, քննարկեք բուժումը ձեր բժշկի հետ: TSH հորմոնի համեմատաբար թեթև բարձրացման դեպքում թիրեոիդային հորմոնային բուժումը հավանաբար ձեզ քիչ օգուտ կտա կամ գուցե վնասակար լինի: Մյուս կողմից, ավելի բարձր TSH մակարդակի ժամանակ հորմոնային բուժումը կարող է օգնել խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը, սրտի արտամղող ունակության բարելավմանը և ձեր կենսաուժի վերականգնմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 07-05-2021