Երկաթ-դեֆիցիտային անեմիա. բուժում

Երկաթ-դեֆիցիտային անեմիա. բուժում

Երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժման համար բժիշկը կարող է խորհուրդ տալ երկաթի հավելումների ընդունում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկաթի դեֆիցիտ առաջացնող պատճառի բուժում:

Երկաթի հավելումներ

Ձեր օրգանիզմում երկաթի պաշարները լրացնելու համար բժիշկը կարող է նշանակել երկաթի հաբեր: Նորածինների և երեխաների համար երկաթի պատրաստուկներն առկա են նաև հեղուկ դեղաձևերով: Բժիշկը ձեզ նաև կհրահանգավորի, որ՝

  • երկաթի հաբերն ընդունեք քաղցած վիճակում
  • երկաթի պատրաստուկները չզուգակցեք անտացիդների հետ (ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղեր)
  • երկաթի հաբերն ընդունեք վիտամին C-ի հետ (վերջինս բարելավում է բարակ աղիներում երկաթի ներծծումն արյան հուն):

Նկատի ունեցեք, որ երկաթի հավելումները կարող են առաջացնել փորկապություն և գուցե կարիք առաջանա ավելացնել աղիների պարունակությունն ավելի փափուկ դարձնող լրացուցիչ միջոցներ: Երկաթը նաև կարող է կղանքը դարձնել սև, որն ինքնին անվնաս կողմնակի երևույթ է:

Հիշեք նաև, որ երկաթի պակասը հնարավոր չէ մեկ գիշերվա մեջ շտկել: Դուք հավանաբար կարիք կունենաք երկաթի հավելումներն ընդունել մի քանի ամսվա կամ ավելի երկար ժամանակի ընթացքում, որ լիարժեք լրացնեք ձեր օրգանիզմի երկաթի պաշարները: Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը կարող է բարելավվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, բայց սա չի նշանակում, որ առանց բժշկին տեղեկացնելու կարող եք ինքնուրույն դադարեցնել ձեր բուժումը:

Երկաթի դեֆիցիտի պատճառների բուժում

Եթե երկաթի հավելումները չեն բարձրացնում ձեր արյան երկաթի մակարդակները, հավանական է, որ առկա է քրոնիկ արյունահոսության աղբյուր կամ աղիներում երկաթի ներծծման խնդիր, որը պահանջում է լրացուցիչ հետազոտություն և բուժում:

Կախված պատճառից, երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժումը կարող է ներառել՝

  • դեղամիջոցներ, օրինակ՝ ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, եթե նպատակն առատ դաշտանային արյունահոսությունը մեղմացնելն է
  • հակաբիոտիկներ և այլ դեղամիջոցներ, օրինակ՝ պեպտիկ խոցերը բուժելիս
  • վիրհատություն, օրինակ՝ արյունահոսող պոլիպի, ուռուցքի կամ արգանդի միոմայի հեռացում:

Ծանր երկաթ-դեֆիցիտային անեմիայի ժամանակ կարող է առաջանալ երկաթի ներերակային ներմուծման կամ արյան փոխներարման անհրաժեշտություն (երկաթի և հեմոգլոբինի արագ փոխարինում):

Հոդվածը վերանայվել է՝ 27-04-2021