Լեյկեմիա. բուժում

Լեյկեմիա. բուժում

Լեյկեմիայի բուժումը կախված է բազմաթիվ գործոններից:

Բժիշկը որոշում է բուժման տարբերակը՝ ելնելով տարիքից և ընդհանուր առողջական վիճակից, լեյկեմիայի տեսակից և կլինիկական ընթացքից, ինչպես նաև հիվանդության տարածումից դեպի օրգանիզմի այլ շրջաներ, այդ թվում՝ կենտրոնական նյարդային համակարգ:

Սուր լեյկեմիայով մարդկանց մեծ մասի բուժումը սկսվում է ախտորոշումից անմիջապես հետո, մինչդեռ քրոնիկ լեյկեմիան տարիներ շարունակ կարող է բուժում չպահանջել։

  • Քիմիոթերապիա. քիմիոթերապիան լեյկեմիայի բուժման հիմնական մեթոդն է: Քիմիոթերապիայի ժամանակ նշանակվում են լեյկեմիայի բջիջները ոչնչացնող դեղամիջոցներ (ներերակային, ենթամաշկային ներարկումներ կամ հաբեր): Կախված լեյկեմիայի տեսակից, բժիշկը կարող է նշանակել միայն մեկ կամ մի քանի դեղամիջոցներ:
  • Թիրախային բուժում. թիրախային դեղորայքային բուժումները հիմնված են քաղցկեղային բջիջների ներսում առանձնահատուկ ախտաբանական փոփոխություններն արգելափակելու վրա, որի արդյունքում ախտահարված բջիջը մահանում է: Մինչև բուժումը սկսելը կարիք է առաջանում հետազոտել լեյկեմիկ բջիջները, որ որոշվի, թե արդյոք թիրախային բուժումը կարող է տվյալ դեպքում օգտակար լինել։ Թիրախային բուժման դեղամիջոցները, այսպիսով, ազդում և ոչնչացնում են քաղցկեղային բջիջները՝ հնարավորինս քիչ ազդելով առողջ բջիջների վրա, որի շնորհիվ ստացվում են ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան քիմիոթերապիայի դեպքում:
  • Ճառագայթային բուժում. ճառագայթային բուժման ժամանակ օգտագործվում են ռենտգենյան կամ այլ տեսակի ճառագայթներ, որ ոչնչացվեն լեյկեմիկ բջիջները՝ վնասելու կամ աճը կանգնեցնելու միջոցով: Ճառագայթային բուժումը կարող է ընդգրկել օրգանիզմի միայն մեկ շրջանը, որտեղ կան լեյկեմիայի բջիջների կուտակումներ կամ ամբողջ օրգանիզմը: Ճառագայթային բուժումը նաև կարող է նշանակվել ոսկրածուծի փոխպատվաստման նախապատրաստման շրջանում:
  • Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև կոչվում է ցողունային բջիջների փոխպատվաստում, օգնում է առողջ ցողունային բջիջների վերահիմնադրմանը ախտահարված ոսկրածուծն լեյկեմիկ բջիջներ չպարունակող ցողունային բջիջներով փոխարինելու միջոցով, որի շնորհիվ վերականգնվում է առողջ ոսկրածուծը։ Մինչև ոսկրածուծի փոխպատվաստումը նշանակվում է խիստ բարձր դեղաչափերով քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում, որը թույլ է տալիս ոչնչացնել լեյկեմիա առաջացնող ոսկրածուծը, որից հետո ներարկվում են արյուն արտադրող ցողունային բջիջներ: Դուք կարող եք ստանալ դոնորական կամ ձեր սեփական ցողունային բջիջները:
  • Իմունոթերապիա. իմունոթերապիայի նպատակը քաղցկեղի դեմ պայքարում իմունային համակարգը ներգրավվելն է: Իմունային համակարգը կարող է չհայտնաբերել քաղցկեղը, քանի որ քաղցկեղային բջիջներն արտադրում են իմունային բջիջներից «անտեսանելի» դարձնող սպիտակուցներ: Իմունոթերապիան ազդում է այս գործընթացի վրա և վերականգնում իմունային բջիջների կողմից քաղցկեղային բջիջները հայտնաբերելու ունակությունը:
  • Լեյկեմիայի դեմ պայքարող իմունային բջիջների ինժեներիա. սա բուժման հատուկ մեթոդ է, որը կոչվում է քիմերիկ հակածին ընկալիչ (CAR)-T բջիջ բուժում: Նման բուժման միջոցով բակտերիաների դեմ պայքարող T-բջիջները ձևափոխվում և ստանում են քաղցկեղի դեմ պայքարելու ունակություն: Բուժման այս մեթոդի ժամանակ վերցվում է արյուն, որի T-բջիջները ենթարկվում են գենային ինժեներիայի և արյունը ետ է ներարկվում պացիենտին: CAR-T բջիջ բուժումը կարող է օգնել լեյեկեմիայի որոշ տեսակների դեպքում:

Քրոնիկ լեյկոզի բուժումները

Քրոնիկ լեյկոզի բուժումը կարող է ներառել սուր լեյկոզի բուժման տարբերակները, ինչպես նաև՝

  • հսկողություն և բուժման հետաձգում, մինչև դրա անհրաժեշտությունն առաջանա
  • անհրաժեշտության դեպքում փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա)
  • կենսաբանական բուժում, օրինակ՝ հակաքաղցկեղային ազեդեցությամբ ինտերֆերոնային բուժում:

Բուժման կողմնակի ազդեցություններ

Լեյկոզի բուժումները կարող են առաջացնել տարբեր անցանկալի ազդեցություններ։ Օրինակ, քիմիոթերապիան կարող է առաջացնել սրտխառնոց և փսխում, հոգնածություն, մազաթափություն, փորլուծություն, փորկապություն և ստոմատիտ։ Ինտերֆերոնը կարող է զարգացնել գրիպանման ախտանիշներ կամ այլ կողմնակի ազդեցություններ՝ մկանացավեր և ախորժակի նվազում։

Ցողունային բջիջների փոխպատվաստումը նույնպես կարող է առաջացնել անցանկալի ազդեցություններ՝ սկսած մաշկային կապտուկների հեշտ առաջացումից մինչև արյունահոսություններ, ընդհանուր թուլություն և բերանի խոռոչի վարակային հիվանդություններ։ Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել լեյկեմիայի բուժման կողմնակի ազդեցությունները մեղմացնող դեղամիջոցներ։

Հոդվածը վերանայվել է՝ 23-05-2021