Ցածր արյան ճնշում (հիպոտոնիա)

Ցածր արյան ճնշում (հիպոտոնիա)
Անգլերեն անվանումը՝ Low Blood Pressure, Hypotension

Երբ սրտի կծկմամբ արյունը մղվում է դեպի մյուս օրգանները, անոթներով անցնելիս արյան ճնշումը գնալով նվազում է։

Այն իր ամենաբարձր կետին հասնում է սրտի կծկման և ամենացածր կետին՝ սրտի թուլացման պահին։

Զարկերակային ճնշումը հենց այս երկու ճնշումների միասնական ներկայացումն է: Զարկերակային ճնշումը չափվում է սնդիկի սյան միլիմետրերով (մմ ս.ս.) և ներկայացվում է երկու ցուցանիշներով որպես վերին (սիստոլիկ) և ստորին (դիաստոլիկ) թվեր։

Ի՞նչ է ցածր արյան ճնշումը

Ցածր արյան ճնշումը հայտնի է նաև որպես հիպոտոնիա։ Բժիշկների մեծ մասը մարդու արյան ճնշումը համարում է ցածր, եթե նրա մոտ գրանցվում է 90/60 մմ ս.ս.-ից ցածր զարկերակային ճնշում։

Արդյոք ցածր արյան ճնշումը խնդի՞ր է

Որոշ մարդկանց համար ցածր արյան ճնշումը լավ առողջության նշան է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ճնշման հետ կապված որևէ գանգատ չեն ներկայացնում։ Սովորաբար նման մարդիկ ունեն շատ նիհար մարմնակառուցվածք։ «Հիպոտոնիկների» մոտ սովորաբար գրանցվում է նաև «դանդաղ պուլս»։ Համընդհանուր համոզմունք կա, որ ավելի լավ է մարդ լինի հիպոտոնիկ, քան հիպերտոնիկ։

Այլ մարդիկ կարող են զգալ, որ իրենց արյան ճնշումն ընկած է՝ ելնելով ինքնազգացողության վատթարացումից և որոշ գանգատների ի հայտ գալուց։ Նման դեպքերում պետք է դիմել ձեր բժշկին։

Արյան ճնշման կտրուկ անկումը (կոլապս) արդեն համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ։

Որո՞նք են ցածր արյան ճնշման նշանները

Հիպոտոնիայի ախտանիշները կարող են ներառել՝

Այս ախտանիշները կարող են առաջանալ առանց որևէ տեսանելի պատճառի, սակայն դրանք ավելի հաճախ դրսևորվում են, երբ մարդը կտրուկ փոխում է իր դիրքը, օրինակ՝ պառկած տեղից և զուգարանում երկար նստած մնալուց հետո արագ ոտքի է կանգնում։

Շատ հաճախ ցածր արյան ճնշումը որևէ նշան չի ունենում և զարկերակային ճնշումը չափելիս հիպոտոնիան հայտնաբերվում է պատահականորեն։

Ցածր արյան ճնշումը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ հատկապես մեծ տարիքով և որևէ լուրջ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, ովքեր ունեն ընկնելու մեծ հավանականություն։

Որո՞նք են ցածր արյան ճնշման պատճառները

Արտահայտված նիհարությունից բացի, հիպոտոնիայի պատճառ կարող են դառնալ նաև՝

  • գերտաքացում՝ եղանակային տոթ պայմաններ, շատ տաք («եռման») ցնցուղ կամ լոգանք, շոգեբաղնիք և այլն
  • շրջանառող արյան ծավալի նվազում՝ դոնորական արյան հանձնում, արյունահոսություններ և ջրազրկում
  • հղիություն
  • որոշ դեղերի ազդեցություն
  • մեծ քանակով թմրամիջոցների կամ ալկոհոլային խմիչքների օգտագործում
  • ալերգիկ ռեակցիա
  • լուրջ և ծանր վարակային հիվանդություններ
  • որոշ սրտանոթային հիվանդություններ
  • նյարդային համակարգի և ներզատական (էնդոկրին) հիվանդություններ
  • սաստիկ ցավերի առկայություն (ցավային շոկ)։

Առանձնացնում են նաև ցածր արյան ճնշման մի հատուկ ձև՝ այսպես կոչված «պոստուրալ հիպոթենզիա» կամ «օրթոստատիկ հիպոթենզիա», որը կապված է մարմնի դիրքի կտրուկ փոփոխության հետ։ Այս դեպքում նստած կամ պառկած դիրքերում մարդու զարկերակային ճնշումը նորմալ է, սակայն ճնշումը հանկարծակի նվազում է, երբ այդ մարդը ոտքի է կանգնում։ Պոստուրալ հիպոթենզիան բերում է հիպոտոնիային բնորոշ նշանները՝ գլխապտույտ, ընդհանուր թուլություն և այլն։ Պոստուրալ հիպոթենզիա կարող է առաջանալ նաև երկար ժամանակ կանգնած դիրքում մնալիս։

Ե՞րբ է պետք հանդիպել ձեր բժշկին

Եթե դուք կարծում եք, որ ձեզ մոտ կան ցածր արյան ճնշման վերոնշյալ ախտանիշները, լավ կլինի այդ մասին տեղեկացնել ձեր բժշկին։

Ցածր արյան ճնշման բուժումը

Հիպոտոնիայի բուժումն իրենից ներկայացնում է նախ և առաջ դրա պատճառային գործոնը վերացնելը։ Ձեր բժիշկը հիմնական հիվանդությունն ախտորոշելու համար կարող է նշանակել որոշ հետազոտություններ։

Սովորաբար, գանգատներ չառաջացնող հիպոտոնիան չեն բուժում։ Սակայն ձեր բժիշկը կարող է տալ օգտակար խորհուրդներ՝ ուղղված ճնշման կտրուկ անկման կանխարգելմանը (օրինակ՝ ջրազրկման կանխարգելում, տոթ և տաք միջավայրերից խուսափում և այլն)։

Հոդվածը վերանայվել է՝ 20-06-2019