Մագնիսա-ռեզոնանսային պատկերում

Մագնիսա-ռեզոնանսային պատկերում
Անգլերեն անվանումը՝ Magnetic Resonance Imaging (MRI)

​Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը կամ տոմոգրաֆիան (ՄՌՏ)​ գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ձեր ներքին օրգանների մանրակրկիտ պատկերները:

ՄՌՏ-ն խիստ օգտակար է տարբեր տեղակայման ուռուցքների (այդ թվում՝ քաղցկեղների), ողնաշարի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների, ինչպես նաև այնպիսի փափուկ հյուսվածքների վնասվածքների կամ հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են ուղեղը կամ սիրտը: Այն կարող է հայտնաբերել ձեր զարկերակների և երակների խնդիրները՝ առանց վիրահատական միջամտության: ՄՌՏ-ն օգտակար է նաև բժշկության որոշ ոլորտներում բուժման մեթոդն ընտրելիս և կազմակերպելիս:

Ի՞նչ է ՄՌՏ սքանավորումը

ՄՌՏ-ն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ, որ գեներացնի ձեր մարմնից ստացված ազդանշաններ, որոնք ընդունվում են ռադիոընդունիչի կողմից և համակարգչային ծրագրերի միջոցով արտածում ձեր ներքին օրգանների պատկերը:

ՄՌՏ սքանավորման առավելություններն են՝

  • պատկերների մանրակրկիտություն
  • ռենտգենյան ճառագայթման բացակայություն
  • ցավերի բացակայություն:

Ե՞րբ է ՄՌՏ սքանավորումը նշանակվում

ՄՌՏ սքանավորումը կարելի է օգտագործել, որ հետազոտվեն հետևյալ օրգանները՝

  • գլխուղեղ և ողնաշար
  • ոսկրեր և հոդեր
  • կրծքագեղձեր
  • սիրտ և արյունատար անոթներ
  • ներքին օրգաններ, օրինակ՝ լյարդ, արգանդ կամ շագանակագեղձ:

ՄՌՏ-ն սովորաբար նշանակվում է հետևյալ դեպքերում՝

  • ուռուցքներ (ներառյալ՝ քաղցկեղներ)
  • հոդերի վնասվածքներ կամ հիվանդություններ
  • փափուկ հյուսվածքների վնասվածքներ
  • ներքին օրգանների ախտահարումներ:

Բաներ, որոնք պետք է հաշվի առնել

Թեև ՄՌՏ սքանավորումը համարվում է հղիության համար անվտանգ հետազոտություն, այնուամենայնիվ արժի այս թեմայով զրուցել հետազոտող բժշկի հետ:

ՄՌՏ սքանավորման ժամանակ հետազոտվողը որոշ ժամանակ (ավելի քան 10 րոպե, որոշ դեպքերում՝ 1-2 ժամ) պետք է գտնվի սահմանափակ տարածքում, որը որոշ մարդկանց և հատկապես երեխաների համար կարող է դառնալ լուրջ խնդիր:

Սրտի արհեստական ռիթմավարով («փեյսմեյքեր»), օրգանիզմում մետաղական կոնստրուկցիաներով կամ իմպլանտներով մարդիկ չեն կարող անցնել ՄՌՏ հետազոտություն, քանի որ վերոնշյալ սարքերը մագնիսական դաշտերի ազդեցությամբ կարող են առաջացնել լուրջ խնդիրներ:

ՄՌՏ սքանավորման նախապատրաստությունը և ընթացքը

ՄՌՏ հետազոտությունից առաջ՝

  • սնունդ ընդունելու կարիք չունեք
  • ձեզ կարող են ներարկել կոնտրաստային նյութ (ներքին օրգանների ավելի մանրակրկիտ պատկերներ ստանալու համար)
  • անպայման տեղեկացրեք բժշկին, եթե ձեր մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ
  • մինչև հետազոտման սենյակ մտնելը ձեր մարմնի վրայից հեռացրեք մետաղական և արդուզարդի բոլոր առարկաները
  • եթե հղի եք, ունեք երիկամային որևէ խնդիր կամ կարծում եք, որ փակ տարածության մեջ մնալը ձեզ համար կարող է խնդիր առաջացնել, զրուցեք այս թեմաներով հետազոտող բժշկի հետ:

ՄՌՏ հետազոտության ընթացքում՝

  • դուք պառկելու եք հարմարավետ պատգարակի վրա, որը շարժելով բժիշկը կհարմարեցնի ձեր դիրքը
  • հետազոտող անձնակազմը կարող է գտնվել հարևան սենյակում, սակայն դուք կարող եք ցանկացած ժամանակ բարձրախոսով շփվել միմյանց հետ
  • ՄՌՏ սքաները խիստ աղմկոտ է, և դուք կարող եք ձեզ հետ բերել կամ տեղում խնդրել ականջակալ
  • երեխաներին հավանաբար անհրաժեշտ կլինի ներարկել ընդհանուր անզգայացնող դեղեր, որ ապահովվի նրանց անշարժ պառկած վիճակը:

ՄՌՏ սքանավորման կողմնակի ազդեցությունները և բարդությունները

ՄՌՏ սքանավորուման հետ կապված կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներ չկան, բայցառությամբ այն դեպքերի, երբ հետազոտվողի մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ:

Երբ ՄՌՏ-ն կատարվում է կոնտրաստային նյութի ներարկմամբ, կարող են ի հայտ գալ վերջինիս հետ կապված կողմնակի ազդեցություններ (ալերգիկ ռեակցիա, երիկամների գործունեության վատացում և այլն):

ՄՌՏ սքանավորման այլընտրանքները

Եթե որևէ պատճառով ՄՌՏ սքանավորում չի կարող իրականացվել, որոշակի վերապահումներով այս հետազոտության փոխարեն կարող են անցկացվել ռենտգեն հետազոտություն, CT սքանավորում կամ գերձայնային հետազոտություններ (սոնոգրաֆիա):

Առաջարկում ենք նաև դիտել ՄՌՏ հետազոտության վերաբերյալ տեսանյութ

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2019