Առողջական խնդիրներ
Մելանոմաներ

3 րոպե
Մելանոմաները մաշի ամենաչարորակ ուռուցքն է, քանի որ ունի բավականին արագ տարածվելու հակում։
Մելանոման զարգանում է, երբ վենամաշկի (էմիդերմիս) ամենախորը շերտում գտնվող և մաշկի գույնը պայմանավորող մելանին պիգմենտն արտադրող «մելանոցիտներ» կոչվող բջիջները սկսում են անվերահսկելի կերպով արագ աճել և բազմանալ:
Մելանոման կարող է զարգանալ մարմնի ցանկացած հատվածում՝ ներառյալ գլուխ, պարանոց, սեռական օրգաններ, վերջույթներ:
Վաղ հայտնաբերման դեպքում մելանոման հնարավոր է վիրաբուժական եղանակով ամբողջությամբ հեռացնել։ Այնուամենայնիվ, մելանոման հանդիսանում է մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևը․ այն կարող է ներաճել մաշկի խորը շերտեր («ինվազիվ մելանոմա») և, տարածվելով արյան և ավշի հոսքով, առաջացնել հեռավոր մետաստազներ: Մելանոման կազմում է մաշկի քաղցկեղի 1%-ը, բայց, միևնույն ժամանակ հանդիսանում է մաշկի չարորակ ուռուցքներից մահացության ամենահաճախ հանդիպող պատճառը:
Այս հոդվածում ներկայացված է մաշկային մելանոման: Երբեմն հանդիպում է նաև մելանոմայի լորձաթաղանթային տարբերակը, որի ժամանակ ախտահարվում են ստամոքսաղիքային ուղու, ինչպես նաև միզասեռական ուղու լորձաթաղանթը: Մելանոմայի հազվադեպ հանդիպող տեսակներից են նաև աչքի մելանոման, հետանցքի մելանոման և հեշտոցի մելանոման։
Մելանոմայի զարգացման պատճառները և ռիսկի գործոնները բավականաչափ ուսումնասիրված են, որոնց մեջ մեծ տեղ է հատկացվում հատկապես արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման ներգործությանը և մաշկային խալերին։ Մեծաքանակ և անսովոր խալերը բնութագրվում են մելանոմայի զարգացման բարձր ռիսկով:
Մելանոմաների մեծամասնությանը բնորոշ է սև կամ մուգ շագանակագույն գունավորումը և բնութագրվում են որպես էապես տարբերվող և անսովոր մաշկային գոյացություն: Այնուամենայնիվ, ցանկացած մաշկային գոյացություն, որին բնորոշ է կարճ ժամանակահատվածում արագ փոփոխվելը, մեծանալը և մաշկի մակերևույթից բարձրանալը պետք է հետազոտվի բժշկի կողմից: Մելանոմաների ախտորոշման հիմքում ընկած է ABCDE չափորոշիչը։
Տարբերում են մելանոմայի 4 հիմնական տեսակներ.
- մակերեսային-տարածվող մելանոմա․ համարվում է առավել հաճախ հանդիպող (70%) տեսակը և սովորաբար առաջանում է մաշկի վրա արդեն առկա խալից
- լենտիգո-մալիգնա մելանոմա․ հիմնականում մեծահասակների մոտ հանդիպող տեսակն է, որն ավելի հաճախ տեղակայում է դեմքին, ականջներին, ձեռքերին կամ մաշկի այն հատվածներին, որոնք ավելի հաճախ են ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը
- հանգուցավոր մելանոմա․ hանդիպում է 15% դեպքերում, հիմնականում սև գույնի է, թեև հնարավոր է նաև մանուշակագույն և կարմիր գունավորումը
- ակրո-լենտիգինոզ մելանոմա․ տեղակայվում է ձեռքի ափերին, ոտնաթաթերին, եղունգի մահճի տակ և հաճախ հանդիպում է մուգ մաշկ ունեցող անձանց մոտ և կապված չէ ՈՒՄ ճառագայթման հետ:
Տարբերակում են մելանոմայի զարգացման 5 փուլ՝
- փուլ 0․ ուռուցքը տեղակայված է վերնամաշկի սահմաններում (melanoma in situ), մետաստազավորումը բնորոշ չէ
- փուլ I․ բնորոշ է մաշկի սահմաններում տեղակայումը և կախված մելանոմայի հաստությունից, միտոտիկ ակտիվությունից, խոցոտման առկայությունից բաժանվում է երկու ենթափուլերի՝ IA և IB
- փուլ II․ բնորոշ է մաշկի ներաճումը դեպի բուն մաշկ (դերմա) և տարածման բավականին բարձր հավանականությունը (կախված մելանոմայի հաստությունից և խոցոտման առկայությունից բաժանվում է A, B, C ենթափուլերի)
- փուլ III․ բնորոշվում է պրոցեսի՝ դեպի ավշահանգույցներ տարածմամբ կամ դեպի ռեգիոնալ ավշահանգույցներ կամ դեպի մաշկ (մաշկի տեղային մետաստազներ) կամ «տրանզիտային մետաստազներ»
- փուլ IV․ բնորոշվում է քաղցկեղի արյան հոսքով տարածվմամբ և տարբեր օրգաններում հեռավոր մետաստազներով (թոքեր, լյարդ, գլխուղեղ, ոսկրեր, ստամոքս-աղիքային տրակտ):
Մելանոմայի բուժումը կախված է տարբեր գործոններից՝ առաջնային ուռուցքի հաստություն, մետաստազների առկայություն, հիվանդության զարգացման փուլ, սպեցիֆիկ գենետիկ մուտացիաների, ուղեկցող հիվանդությունների առկայություն և այլն: Մելանոմաների բուժման հիմնական տարբերակներն են վիրահատությունը, ճառագայթային բուժումը, քիմիոթերապիան և ադյուվանտային իմունոթերապիան։ Բուժումը ներառում է նաև ախտանիշների և կողմնակի ազդեցությունների վերացումը:
Գոյացության ամբողջական վիրահատական հեռացումը մաշկի մելանոմայի բուժման հիմնական մեթոդն է: Մելանոմայի ժամանակ կիրառելի վիրաբուժական մեթոդներն են՝ լայն բացազատում, ավշահանգույցների գծանշում և «պահակային» ավշահանգույցների կենսազննում և ավշահանգույցների լիմֆոդիսեկցիա։
Այնուամենայնիվ, քաղցկեղի բուժումը միշտ չէ, որ արդյունավետ է լինում: Երբ հիվանդությունը դուրս է գալիս վերահսկողությունից, այն անվանում են պրոգրեսիվող կամ տերմինալ: Այդ դեպքում հիվանդները կանգնում են բարդ հոգեբանական խնդրի առջև։ Նման դեպքերում կարող է առաջարկվել զուտ ախտանիշային բուժում և սոցիալ–հոգեբանական աջակցություն ներառող պալիատիվ (ամոքիչ) բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: