Մենինգիոմա. բուժում

Մենինգիոմա. բուժում

Որպես դանդաղ աճող նորագոյացություն, մենինգիոման հաճախ որևէ բուժում չի պահանջում և բժիշկը կարող է միայն խորհուրդ տալ երկարատև վերահսկողություն:

Ընդհանուր առմամբ, եթե ունեք մենինգիոմա, ապա ձեզ առաջարկվող բուժումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝

  • ուռուցքի չափս և տեղակայում
  • ուռուցքի աճի արագություն կամ այսպես կոչված «ագրեսիվություն»
  • տարիք և ընդհանուր առողջական վիճակ
  • բուժման նպատակներ:

«Համբերել և տեսնել» մոտեցում

Մենինգիոմայով ոչ բոլոր մարդկանց է անհրաժեշտ անհապաղ սկսել որևէ բուժում: Փոքր և դանդաղ աճող մենինգիոմաները, որոնք որևէ ախտանիշ չեն պատճառում, գուցե բուժման կարիք չունենան:

Եթե որոշվում է, որ բուժման անհրաժեշտություն չկա, ապա հավանաբար բժիշկը ձեզ կառաջարկի, որ պարբերաբար այցելեք նրան և անցնեք պատկերման և այլ հետազոտություններ:

Այունամենայնիվ, եթե բժիշկը հերթական ստուգումից հետո կարծում է, որ եկել է մենինգիոման բուժելու ժամանակը (օրինակ՝ սկսել են զարգանալ բարդություններ), ապա նա կարող է ձեզ առաջարկել մի շարք տարբերակներ, որոնք նկարագրված են ստորև:

Վիրահատություն

Եթե մենինգիոման առաջացնում է կայուն կամ ժամանակի ընթացքում վատթարացող գանգատներ և անհանգստացնող ախտանիշներ, ապա բժիշկը կարող է ձեզ առաջարկել վիրահատական բուժում:

Վիրահատությունը համարվում է լիարժեք հաջողված, եթե տեխնիկապես հնարավոր է մենինգիոման հեռացնել ամբողջապես: Սակայն, երբեմն նորագոյացությունը կարող է աճել ուղեղի կենսականորեն կարևոր կառուցվածներին կիպ հարևանությամբ, և հնարավոր չլինի իրականացնել վիրահատություն կամ ուռուցը հեռացնել ամբողջապես:

Կախված իրավիճակից, վիրահատությանը կարող է հաջորդել հետևյալ միջոռացումներից մեկնումեկը:

  • Եթե հաջողվում է մենինգիոման հեռացնել ամբողջապես, ապա որևէ հետագա բուժման անհրաժեշտություն կարող է և չլինել:
  • Եթե ուռուցքը բարորակ է և վիրահատությունից հետո մնում է դրա միայն փոքր մասը, ապա բժիշկը կարող է խորհուրդ տալ պարբերաբար հետազոտություններ կամ ավելացնել ստերեոտակտիկ ճառագայթային բուժում:
  • Եթե ուռուցքն ատիպիկ կամ չարորակ է, ապա ավելի հավանական է, որ վիրահատությունը փոխարինվի ճառագայթային բուժմամբ:

Մենինգիոմայի վիրահատությունը պարունակում է ռիսկեր, այդ թվում՝ վարակում և արյունահոսություն: Այլ հնարավոր վտանգները կախված են մենինգիոմայի տեղակայումից: Օրինակ, տեսողական նյարդը շրջապատող մենինգիոմայի հեռացումը կարող է բերել տեսողության կորստի: Զրուցեք ձեր բժշկի ու վիրաբույժի հետ մենինգիոմայի վիրահատական բուժման հետ կապված ռիսկերի թեմայով:

Ճառագայթային բուժում

Եթե վիրահատությամբ չի հաջողվում մենինգիոման ամբողջապես հեռացնել, բժիշկը կարող է ձեզ առաջարկել ճառագայթային բուժում՝ որպես վիրահատության փոխարինող կամ հաջորդող տարբերակ:

Ճառագայթային բուժման նպատակը մնացորդային մինինգիոմային բջիջները ոչնչացնելն է և դրա կրկնվելու հավանականությունը կրճատելը: Ինչպես հուշում է անվանումը, նման բուժման համար օգտագործվում է ուռուցքային օջախին ուղղված ճառագայթներ:

Ճառագայթային բուժման ներկա արդիականացումը թույլ է տալիս հնարավորինս մեծացնել ուռուցքային բջիջների վրա ճառագայթների ոչնչացնող ազդեցությունը՝ միաժամանակ թուլացնելով առողջ հյուսվածքների վրա նույն ազդեցության ուժը:

Դեղորայքային բուժում

Մենինգիոմայի դեղորայքային բուժումը (քիմիոթերապիա) հազվադեպ է կիրառվում: Բժիշկը կարող է ձեզ նշանակել դեղամիջոցներ, եթե վիրահատության կամ ճառագայթային բուժման արդյունքները գոհացուցիչ չեն:

Այս պահին գոյություն չունի մենինգիոմայի քիմոթերապևտիկ բուժման որևէ լիարժեք ընդունելի սխեմա, սակայն գիտնականներն ինտենսիվորեն ուսումնասիրում են մոլեկուլյար-թիրախավորված մոտեցումները:

Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2021