Դաշտանադադար. բուժում

Դաշտանադադար. բուժում

Դաշտանադադարն ինքնին որևէ բուժում չի պահանջում, սակայն բժիշկը կարող է նշանակել այնպիսի միջոցներ, որոնք մեղմացնում են ձեր գանգատները կամ կանխարգելում և (կամ) վերահսկելի դարձնում տարիքով պայմանավորված քրոնիկ հիվանդությունները:

Օրինակ, դաշտանադադարի շրջանում բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ մոտեցումներից մեկնումեկը կամ մի քանիսը:

  • Հորմոնային բուժում. էստրոգենային բուժումը դաշտանադադարային ջերմահորդանքների բուժման ամենաարդյունավետ տարբերակն է: Կախված ձեր անհատական և ընտանեկան անամնեզից, բժիշկը կարող է խորհուրդ տալ էստրոգենի ամենացածր դեղաչափերը ամենակարճ ժամանակահատվածի համար: Եթե ձեր արգանդը պահպանված է (վիրահատությամբ հեռացված չէ), ապա էստրոգենի հետ միասին պետք է ընդունել նաև պրոգեստերոն: Էստրոգենը նաև օգնում է ոսկրահյուսվածքի կորստի`օստեոպորոզի կանխարգելմանը: Այնուամենայնիվ, այս հորմոնի երկարաժամկետ օգտագործումը կարող է որոշ չափով բարձրացնել սրտանոթային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկերը, ուստի ավելի նպատակահարմար է դեղամիջոցը ստանալ դաշտանադադարի մոտեցման շրջանում և ոչ երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Զրուցեք բժշկի հետ էստրոգենային բուժման հնարավոր օգուտների և հավանական ռիսկերի մասին:
  • Հեշտոցային էստրոգեն. հեշտոցի չորությունը մեղմացնելու համար նաև կարող է օգտագործվել տեղային ազդեցության էստրոգեն՝ որպես հեշտոցային նրբաքսուք (կրեմ), հաբ կամ օղակ: Այսպիսի բուժումը պահանջում է էստրոգենի շատ քիչ քանակություն, քանի որ ակտիվ նյութն անմիջականորեն ներծծվում է հեշտոցի հյուսվածք: Հեշտոցային օգտագործման էստրոգենը կարող է նաև թեթևացնել սեռական հարաբերության հետ կապված անհարմարավետությունը և միզային ախտանիշները:
  • Ցածր դեղաչափերով հակադեպրեսանտներ. որոշ հակադեպրեսանտներ, հատկապես՝ սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչները կարող են մեղմացնել դաշտանադադարային ջերմահորդանքները: Դրանց փոքր դեղաչափերը կարող են օգտակար լինել հատկապես այն կանանց, ովքեր ունեն տրամադրության խանգարումներ կամ առողջական պատճառներով չեն կարող ընդունել էստրոգեն:
  • Գաբապենտին (Գրալիզ, Հորիզանտ, Նեյոնտին). Գաբապենտինը հակացնցումային դեղամիջոց է, որը նաև ունի ջերմահորդանքները թեթևացնող ազդեցություն: Դեղամիջոցը սովորաբար նշանակվում է այն կանանց, ովքեր չեն կարող օգտագործել էստրոգենային բուժում կամ ում գանգատներն առավել անհանգստացնող են դառնում հատկապես գիշերային ժամերին:
  • Կլոնիդին (Կատապրես). անցյալում բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման մեջ նշանակվող Կլոնիդինը կարող է որոշակիորեն մեղմացնել ջերմահորդանքները:
  • Օստեոպորոզի կանխարգելման կամ բուժման դեղեր. կախված իրավիճակից, բժիշկը կարող է խորհուրդ տալ օստեոպորոզի կանխարգելման կամ բուժման դեղամիջոցներ: Կան դեղեր, որոնք կարող են օգնել ոսկրանյութի կորստի կանխարգելմանը և կոտրվածքների ռիսկի կրճատմանը: Բժիշկը նաև կարող է նշանակել վիտամին D-ի հավելումներ, որոնք կօգնեն ձեր ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը:

Որևէ բուժման տարբերակ ընտրելուց առաջ զրուցեք բժշկի հետ ձեր նախընտրած մեթոդի օգուտների և ռիսկերի մասին: Եթե ստանում եք որևէ բուժում, պարբերաբար (առնվազն՝ տարեկան 1-2 անգամ) այցելեք ձեր բժշկին, քանի որ ժամանակի ընթացքում ձեր կարիքները և բուժման նպատակները կարող են փոփոխվել:

Իմացե՛ք ավելին դաշտանադադարի ախտանիշների դեմ նշանակվող դեղամիջոցների մասին:

Հոդվածը վերանայվել է՝ 09-07-2021