Առատ դաշտան. բուժում

Առատ դաշտան. բուժում

Առատ դաշտանի կամ մենոռագիայի առանձնահատուկ բուժումը հիմնված է մի շարք գործոնների վրա:

Դրանցից են՝

  • ձեր ընդհանուր առողջական վիճակը և հիվանդության պատմությունը
  • ձեր վիճակի պատճառը և ծանրության աստիճանը
  • որոշ դեղերի, միջատությունների կամ թերապիաների նկատմամբ ձեր տանելիությունը
  • այն բանի հավանականությունը, որ շուտով ձեր դաշտանները կդառնան ավելի պակաս առատ
  • ծննդաբերելու վերաբերյալ ձեր ապագա պլանները
  • ձեր առողջական վիճակի ազդեցությունը կյանքի ընթացքի և ապրելակերպի վրա
  • բուժման մեթոդի վերաբերյալ ձեր կարծիքը կամ անձնական նախապատվությունը:

Դեղորայքային բուժում

Առատ դաշտանի դեղորայքային բուժումը կարող է ներառել հետևյալ նշանակումները:

  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ). որոշ ՈՍՀԲԴ, օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն (Ալեվե), կարող են օգնել դաշտանային արյան կորստի քչացմանը։ ՈՍՀԲԴ օգտակար են հատկապես այն դեպքերում, երբ առատ դաշտանն ուղեկցվում է ցավոտ դաշտանային կծկանքներով (դիսմենոռեա):
  • Տրանեքսամաթթու. տրանեքսամաթթուն (Լիստեդա, Տրանեքսամ և այլն) օգնում է դաշտանային արյան կորստի նվազեցմանը և կարող է օգտագործվել միայն արյունահոսության ժամանակ:
  • Ներքին ընդունման (օրալ) հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ. հակաբեղմնավորիչ ազդեցությունից բացի այս դեղամիջոցները կարող են օգնել դաշտանային ցիկլի կարգավորմանը և առատ կամ երկարաձգված դաշտանային արյունահոսության նվազեցմանը:
  • Ներքին ընդունման (օրալ) պրոգեստերոն. պրոգեստերոն հորմոնը կարող է օգնել հորմոնային անհավասարակշռության շտկմանը և առատ դաշտանի մեղմացմանը:
  • Հորմոնային ներարգանդային պարույր (Լիլետտա, Միրենա). այս ներարգանդային պարույրները ազատում են Լևոնորգեստրել կոչվող պրոգեստին, որը բարակեցնում է արգանդի լորձաթաղանթը և թուլացնում առատ դաշտանային արյունահոսությունն ու կծկանքները:

Եթե ունեք հորմոնային դեղամիջոց ստանալուց հետո սկսված առատ դաշտան, որը սկսվել է , բժիշկը կարող է հանել այդ դեղամիջոցը կամ փոխարինել մեկ այլ պատրաստուկով:

Եթե առատ դաշտանային արյունահոսությունը առաջացրել է սակավարյունություն (անեմիա), բժիշկը կարող է խորհուրդ տալ երկաթ պարունակոող հավելումների կանոնավոր ընդունում: Եթե ձեր արյան երկաթի մակարդակը ցածր է, սակայն չունեք անեմիայի նշաններ, բժիշկը կարող է առաջարկել, որ օգտագործեք երկաթի հավելումներ, այլ ոչ թե սպասեք մինչև անեմիայի զարգացմանը:

Միջամտություններ

Եթե առատ դաշտանի դեղորայքային բուժումն արդյունք չի տալիս, բժիշկը կարող է առաջարկել վիրաբուժական բուժում:

  • Լայնացում և կյուրետաժ. այս միջամտության ընթացքում բժիշկը բացում է (լայնացնում է) ձեր արգանդի վզիկը և քերում է արգանդի խոռոչի լորձաթաղանթը, որ կրճատվի դաշտանային արյունահոսությունը: Թեև այս միջատությունը տարածված է և հաճախ հաջողությամբ օգտագործվում է սուր կամ ակտիվ արյունահոսությունը բուժելիս, առատ դաշտանի կրկնության ժամանակ կարող է առաջանալ լրացուցիչ միջամտության կարիք:
  • Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. եթե առատ դաշտանի պատճառն արգանդի միոման է, բժիշկը կարող է առաջարկել արգանդային զարկերակի էմբոլիզացաի, որի նպատակը միոման սնուցող զարկերակը «փակելու» միջոցով նույն միոմայի արյան հոսքը դադարեցնելն է և դրանով իսկ պատճառված արյունահոսության դադարեցումը: Բժիշկը տեղային անզգայացման ներքո կատարում է աջ ազդրային զարկերակի պունկցիա և դրա մեջ է մտցվում կաթետր, որը ռենտգենոսկոպիկ հսկողության տակ հասցվում է անմիջապես արգանդի զարկերակ: Այս կաթետերով ներարկվում է էմբոլիզացիոն մասնկիներ, որից հետո միոման կորցնում է արնամատակարարումը և փոխարինվում է շարակցական հյուսվածքով (ֆիբրոզ), որը հանգեցնում է միոմայի զգալի փոքրացմանը և (կամ) վերացմանը: Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի ժամանակ միոմատոզ հանգույցները չեն հեռացվում. էմբոլիզացիոն մասնիկները խցանում են անոթները, և միոման «չորանում է»:
  • Ֆոկուսացված գերձայնային վիրահատություն. այս միջամտությունը նման է արգանդային զարկերակի էմբոլիզացիային, սակայն միոմատոզ հանգույցները վերացվում են գերձայնային ալիքների օգնությամբ: Այն կտրվածքներ չի պահանջում:
  • Միոմէկտոմիա. սա արգանդի միոմաների վիրահատական հեռացումն է: Կախված միոմատոզ հանգույցների (ֆիբրոիդներ) չափերից, քանակից ու տեղակայումից, վիրաբույժը կարող է ընտրել «բաց» վիրահատություն (որովայնային միոմէկտոմիա), լապարոսկոպիկ միոմէկտոմիա (որովայնի պատին մի քանի փոքր կտրվածքներով) կամ հիստերոսկոպիկ միոմէկտոմիա (հեշտոցի և արգանդի վզիկի միջով):
  • Էնդոմետրիալ աբլացիա. սա արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիում) ոչնչացման (աբլացիա) միջամտություն է, որի համար կարող են օգտագործվել լազեր, ռադիոհաճախականություն կամ ջերմային այրում: Էնդոմետրիալ աբլացիայից հետո բազմաթիվ կանանց դաշտանային արյունահոսությունը զգալիորեն թուլանում է: Միջամտությունից հետո հղիացումը կարող է ընթանալ տարբեր բարդություններով, ուստի խորհուրդ է տրվում մինչև դաշտանադադարի սկսվելն օգտագործել հուսալի կամ մշտական հակաբեղմնավորիչ միջոցներ:
  • Էնդոմետրիալ ռեզեկցիա. այս վիրահատական միջամտության ժամանակ օգտագործվում է էլեկտրավիրաբուժական լար, որի օգնությամբ հեռացվում է արգանդի լորձաթաղանթը: Ինչպես էնդոմետրիալ աբլացիան, այդպես էլ էնդոմետրիալ ռեզեկցիան օգտակար են այն կանանց համար, ովքեր ունեն խիստ առատ դաշտանային արյունահոսություն: Միջամտությունից հետո կնոջ հղիացում խորհուրդ չի տրվում:
  • Արգանդի հեռացում (հիստերէկտոմիա). հիստերէկտոմիան արգանդի մարմնի և վզիկի վիրահատական հեռացումն է, որն առաջացնում է անպտղություն և դաշտանային ցիկլերի դադարում: Հիստերէկտոմիան իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո և պահանջում մի քանի օրյա հիվանդանոցային հսկողություն: Ձվարանների հեռացումը (երկկողմանի օօֆորէկտոմիա) կարող է առաջացնել վաղաժամ դաշտանադադար:

Վերոնշյալ վիրահատական միջամտությունների մեծ մասը կատարվում է արտահիվանդանոցային պայմաններում, և գուցե ձեզ թույլ տան նույն օրը վերադառնալ տուն: Որովայնային միոմէկտոմիայից կամ հիստերէկտոմիայից հետո մի քանի օր անցկացնելու եք հիվանդանոցում:

Երբ առատ դաշտանը մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկն է (օրինակ՝ վահանաձև գեղձի խնդիրներ), սովորաբար հիմնական հիվանդության բուժումը մեղմացնում է դաշտանային արյունահոսությունները:

Հոդվածը վերանայվել է՝ 13-04-2021