Մետֆորմին

Մետֆորմին
Անգլերեն անվանումը՝ Metformin

Մետֆորմինը դեղ է, որը հաճախ նշանակվում է 2-րդ տիպի դիաբետի բուժման մեջ:

Մետֆորմին պետք է ստանալ միայն ըստ բժշկի նշանակման:

Ի՞նչ է մետֆորմինը

Մետֆորմինի հիդրոքլորիդը դիաբետի բուժման դեղ է:

Ե՞րբ է մետֆորմինը նշանակվում

Մետֆորմինը նշանակվում է 2-րդ տիպի դիաբետով մարդկանց արյան գլյուկոզի մակարդակը հսկելու համար: Այն կարող է նշանակվել չափահաս մարդկանց և 10 տարեկանից բարձր երեխաներին:

Մետֆորմինը չի առաջացնում կշռի բարձրացում, այլ հակառակը, կարող է օգնել կշռի նվազեցմանը, ուստի այն սովորաբար նշանակվում է 2-րդ տիպի դիաբետ և մարմնի ավելցուկային կշիռ ունեցող մարդկանց:

Չափահասների մոտ մետֆորմինը կարող է օգտագործվել առանձին կամ դիաբետի այլ դեղերի, այդ թվում՝ ինսուլինի հետ զուգակցված:

Ինչպե՞ս է մետֆորմինն ազդում

Մետֆորմինը նվազեցնում է արյան գլյուկոզի մակարդակը երկու ճանապարհով՝

  • կրճատում է լյարդից գլյուկոզի ազատումը (որտեղ այն պահեստավորվում է)
  • օգնում է օրգանիզմի բջիջներին, որպեսզի արյան հունից ներծծեն գլյուկոզի ավելի մեծ քանակներ:

Մետֆորմինի ինչպիսի՞ ձևեր կան

Մետֆորմինը մատչելի է տարբեր՝

  • բրենդային անվանումներով
  • տուփերով
  • դեղաձևերով՝ հաբեր, երկարատև ազատվող հաբեր կամ դիաբետի այլ դեղերի հետ նույն հաբում առկա զուգակցումներ (պատրաստուկներ)
  • ուժգնությամբ (դեղաչափ, դոզա):

Մետֆորմինի ռիսկերն ու օգուտները

Մետֆորմինը նվազեցնում է դիաբետով պայմանավորված առողջական բարդությունները: Մետֆորմինը նաև՝

  • չի առաջացնում մարմնի կշռի ավելացում
  • նվազեցնում է «վատ» խոլեսթերինի մակարդակը
  • միայն շատ ցածր հավանականությամբ կարող է պատճառել գլյուկոզի մակարդակի կտրուկ անկում (հիպոգլիկեմիա):

Մետֆորմինի ավելի հաճախ հանդիպող ստամոքս-աղիքային բնույթի կողմնակի ազդեցություններից են՝

Յուրաքանչյուր անձ դեղին տալիս է առանձնահատուկ պատասխան: Ուստի պարտադիր չէ, որ ձեզ մոտ ի հայտ գան թվարկված անցանկալի երևույթները:

Սակայն, վերոնշյալ կողմնակի ազդեցություններն ամբողջական ցանկը չէ: Դուք կարող եք ծանոթանալ դեղի ազդեցության բոլոր առանձնահատկություններին ու մանրամասներին՝ ծանոթանալով դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկին (ներդիր) և զրուցելով այս թեմայով ձեր բժշկի հետ:

Եթե դուք կարծում եք, որ ձեզ մոտ ի հայտ են եկել կյանքին սպառնացող կողմնակի ազդեցություններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Մետֆորմինի այլընտրանքները

Սովորաբար մետֆորմին չի նշանակվում լյարդի կամ երիկամների ծանր ախտահարումների ժամանակ: Այն խորհուրդ չի տրվում նաև կրծքով կերակրող մայրերին: Որոշ մարդիկ կարող են մետֆորմինի նկատմամբ դրսևորել ալերգիկ ռեակցիաներ՝ հազ, շնչարգելություն, շնչառությանն ուղեկցող խզզոցներ, դեմքի, շրթունքների կամ լեզվի այտուցվածություն, մաշկացան կամ եղնջացան և այլն:

Մետֆորմին ընդունելիս դուք նաև կարիք ունեք ուշադիր հսկելու ձեր դիաբետի ընթացքը: Դուք հատկապես ուշադիր պետք է լինեք, որպեսզի հնարավորինս վաղ հայտնաբերեք արյան բարձր (հիպերգլիկեմիա) կամ ցածր (հիպոգլիկեմիա) գլյուկոզի նշանների առաջացումը:

Եթե մետֆորմինի նշանակումը խնդրահարույց է, բժիշկը կարող է ձեզ առաջարկել դիաբետի բուժման որևէ այլ դեղ:

Հոդվածը վերանայվել է՝ 25-06-2019