Նարկոլեպսիա. բուժում

Նարկոլեպսիա. բուժում

Նարկոլեպսիան որևէ բուժում չունի, սակայն դեղերը և ապրելակերպի ձևափոխումները կարող են օգնել ախտանիշների կառավարմանը:

Դեղեր

Նարկոլեպսիայի բուժման մեջ նշանակվող հիմնական դեղերը կամ դրանց խմբերը ներկայացված են ստորև:

  • Խթանիչներ. կենտրոնական նյարդային համակարգի խթանիչները համարվում են նարկոլեպսիայի առաջնային բուժման դեղեր, որոնք օգնում են ցերեկային ժամերին արթուն մնալուն: Նարկոլեպսիայի բուժման մեջ բժիշկները հաճախ նախ փորձում են Մադաֆինիլը (Պրովիգիլ) կամ Արմոդաֆինիլը (Նուվիգիլ): Այս դեղերն այնչափ կախվածություն չեն զարգացնում և չեն առաջացնում էյֆորիաներ և տրամադրության անկումներ, որքան ավելի հին խթանիչները: Կողմնակի ազդեցությունները տարածված չեն և ներառում են սրտխառնոցը կամ տագնապը: Նոր խթանիչներից Սունոսին (Սոլրիամֆետոլ) և Պիտոլիզանտը (Վակիքս) նշանակվում են նարկոլեպսիայի, գլխացավի և տագնապի բուժման մեջ: Պիտոլիզանտն օգտակար է նաև կատապլեքսիայի դեպքում: Որոշ մարդկանց համար առաջանում է Մեթիլֆենիդատի (Ապտենզիո XR, Կոնցերտա, Ռիտալին և այլն) կամ այլ աֆետամիններ նշանակելու կարիք: Դրանք խիստ արդյունավետ են, սակայն կարող են առաջացնել կախվածություն և որոշ կողմնակի ազդեցություններ՝ նյարդայնություն և սրտխփոց:
  • Սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչներ (ՍՀԸԱ, անգլերեն՝ SSRIs) կամ սերոտոնինի և նորէպինեֆրինի ետզավթման արգելակիչներ (ՍՆՀԱ, անգլերեն՝ SNRI). բժիշկները հաճախ նշանակում են այս հակադեպրեսանտները, որոնք ընկճում են REM քունը և օգնում կատապլեքսիայի, հիպնագոգիկ ցնորքների և քնի կաթվածի ախտանիշների մեղմացմանը: Ավելի հաճախ նշանակվում է Ֆլուօքսետին (Պրոզակ, Սարաֆեմ) և Վենլաֆաքին (Էֆֆեքսոր XR): Կողմնակի ազդեցություններից են քաշի ավելացումը, անքնությունը և մարսողական խնդիրները:
  • Եռացիկլիկ հակադեպրեսանտներ. արդեն հնացած այս հակադեպրեսանտները, օրինակ՝ Պրոտրիպտիլին (Վիվակտիլ), Իմիպրամինը (Տոֆրանիլ) և Կլոմիպրամինը (Անաֆրանիլ) կարող են արդյունավետ լինել կատապլեքսիայի ժամանակ, սակայն բազմաթիվ մարդիկ դժգոհ են կողմնակի ազդեցություններից, այդ թվում՝ բերանի չորություն և «ընկնելու» զգացողություն (նախաուշագնացություն):
  • Նատրիումի օքսիբատ (Քսիրեմ). այս դեղամիջոցը խիստ արդյունավետ է կատապլեքսիայի դեպքում: Նատրիումի օքսիբատն օգնում է նարկոլեպսիայի ժամանակ հաճախ տուժող գիշերային քնի բարելավմանը: Բարձր դեղաչափերով կարող է նաև օգնել ցերեկային քնկոտության մեղմացմանը: Այն նշանակվում է երկու դեղաչափով՝ մինչև գիշերային քունը և դրանից հետո մինչև 4 ժամվա ընթացքում։ Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, գիշերային անմիզապահությունը և լուսնոտության վատթարացումը: Չի կարելի զուգակցել քնաբեր դեղերի, թմրաբեր ցավազրկողների և ալկոհոլի հետ, քանի որ կարող է զարգանալ դժվարաշնչություն, կոմա և անգամ` մահ:

Եթե ունեք այլ առողջական խնդիրներ, օրինակ՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ դիաբետ (շաքարախտ), հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես կարող են ձեր դեղերը փոխազդել նարկոլեպսիայի դեղերի հետ:

Առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղեր կամ պատրաստուկներ (օրինակ՝ ալերգիայի և մրսածության դեմ օգտագործվող) կարող են առաջացնել քնկոտություն: Նարկոլեպսիայի դեպքում ձեր բժիշկը հավանաբար կզգուշացնի, որ խուսափեք նման միջոցներ ընդունելուց:

Գիտնականներն ուսումնասիրում են նարկոլեպսիայի նոր դեղեր, այդ թվում՝ հիստամինային քիմիական շղթայի վրա ազդող, հիպոկրետինի փոխարինիչներ, հիպոկերտինի գենային թերապիա և իմունոթերապիա:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021