Քթային արյունահոսություն. բուժում

Քթային արյունահոսություն. բուժում

Քթային արյունահոսությունների մեծ մասը թույլ ու կարճատև է և չի պահանջում որևէ բժշկական օգնություն:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Քթային արյունահոսությունները տարածված են երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող տարեց մարդկանց մոտ, սակայն կարող են առաջանալ նաև վնասվածքից կամ ընդհանուր մրսածությունից հետո (ՍՇՎՎ):

Եթե ձեզ մոտ առկա է քթային արյունահոսություն՝

  • թեքվեք առաջ և առանց թուլացնելու մոտ 10 րոպե քթի թևերը մատներով պինդ սեղմեք միջնապատին (քթի ոսկրային մասից անմիջապես ներքև)
  • այնուհետև բաց թողեք քիթը և տեսեք, թե արդյոք արյունահոսությունը շարունակվո՞ւմ է
  • գլուխը ետ մի գցեք, այլապես արյունն ըմպանով և կուլ տալով կկուտակվի ձեր ստամոքսում՝ առաջացնելով սրտխառնոց և փսխում
  • շնչեք բերանով և ոչ թե կուլ տվեք, այլ դուրս թքեք ձեր ըմպանում հավաքվող արյունը
  • դուք կարող եք ձեր քթի մեջքին (միջակնային շրջանից քիչ ներքև) դնել սառցեպարկ կամ հաճախակի փոփոխվող խիստ սառը թրջոցներ:

Երբ արյունահոսությունը դադարում է՝

  • մի փորձեք «քչփորել» ձեր քիթը (պարզելու արյունահոսության պատճառը կամ առկայությունը) կամ քթով ուժեղ արտաշնչել, նույնիսկ եթե նման ցանկություն կա, քանի որ դա կարող է բերել արյունահոսության կրկնության
  • խուսափեք ֆիզիկական ակտիվությունից առնվազն 24 ժամ
  • մի մտցրեք ձեր քթի խոռոչն անձեռոցիկ կամ բամբակե խծուծ:

Եթե արյունահոսությունը նորից սկսվում է, կրկնեք վերոնշյալ խորհուրդները:

Եթե քթային արյունահոսությունը խիստ առատ է և քթի թևերը միջնապատին 15 րոպե սեղմելուց հետո չի դադարում, առանց հետաձգելու այցելեք մոտակա հիվանդանոց կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Եթե արյունահոսությունը սկսվել է դեմքի կամ քթի վնասվածքից հետո, ապա քթի թևերը միջնապատին սեղմելը կարող է դառնալ ցավոտ կամ անհնար: Նման դեպքերում շտապեք մոտակա հիվանդանոց:

Բժշկական օգնության դիմեք նաև այն դեպքում, երբ քթային արյունահոսությունը հաճախակի կրկնվում է, զարգանում են նոր ախտանիշներ կամ դուք խիստ անհանգստացած եք:

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021