Նարցիստիկ անձնային խանգարում. բուժում

Նարցիստիկ անձնային խանգարում. բուժում

Նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդկանց համար դժվար է բուժման դիմելը, քանի որ նրանք չեն ընդունում, որ ունեն որևէ, այդ թվում՝ առողջական խնդիր:

Ուստի նման դեպքերում բուժման առաջին քայլն այն է, որ այս հիվանդությամբ տառապող անձը տեղեկացված լինի և գիտակցի, որ իր վարքագիծը վնաս է հասցնում ինչպես իր կյանքին, այնպես էլ այլ մարդկանց հետ փոխհարաբերություններին:

Հոգեթերապիան կամ հոգեթերապևտի հետ զրույցը համարվում է նարցիստիկ անձնային խանգարման բուժման ամենաօգտակար մոտեցումը, թեև այս առումով լրացուցիչ հետազոտությունների կարիք կա: Հոգեթերապիայի նպատակն է զարգացնել ձեր «ես»-ի ավելի իրական պատկերը տեսնելու ունակություններ և հմտություններ, ինչպես նաև խրախուսել այլ մարդկանց հետ ավելի դրական փոխհարաբերություններ կառուցելը:

Նման դեպքերում ձեզ կարող են առաջարկել հետևյալ հոգեթերապևտիկ մեթոդներից մեկնումեկը:

  • Փսիխոդինամիկ բուժում. սա երկարատև անհատական թերապիա է, որը կարող է օգնել ձեզ՝ հասկանալու ձեր իսկ սեփական վարքագծերը, տրամադրությունները և աղճատող մտքերը: Ձեր «ներքին աշխարհն» ավելի լավ իմանալը թույլ է տալիս, որ գտնեք այլ մարդկանց հետ փոխհարաբերվելու ավելի դրական և արդյունավետ ուղիներ:
  • Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա. սա թույլ է տալիս առանձնացնել ձեր բացասական, անօգուտ և անհիմն վարքագծային հատկանիշները և դրանք փոխարինել ավելի արդյունավետներով և դրականներով:
  • Ընտանեկան կամ զույգային (ամուսնական) թերապիա. նարցիստիկ անձնային խանգարումը կարող է խաթարել ընտանեկան կապերը: Այս թերապիայի նպատակը ձեզ մոտ իրավիճակային խնդիրները լուծելու և դրական հաղորդակցման հմտություններ զարգացնելու միջոցով ընտանեկան դրական փոխհարաբերություններն ամրապնդելն է:

Նարցիստիկ անձնային խանգարման որևէ հատուկ դեղորայքային բուժում գոյություն չունի: Սակայն այս խանգարմամբ որոշ մարդիկ կարող են ունենալ այլ խնդիրներ ևս, օրինակ՝ տագնապ կամ դեպրեսիա, որոնք իրենց հերթին պահանջում են համապատասխան դեղերի ընդունում:

Եթե նարցիստիկ անձնային խանգարում ունեցող մարդու մոտ նկատում եք ինքնասպանության բարձր ռիսկ, ապա անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021