Քնի օբստրուկտիվ ապնոէ. բուժում

Քնի օբստրուկտիվ ապնոէ. բուժում

Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման տարբերակները տարբերվում են՝ կախված ծանրության աստիճանից և պատճառից:

Ապրելակերպի փոփոխություններ

Քնի օբստրուկտիվ ապնոէի թեթև դեպքերի ժամանակ բժիշկը կարող է առաջարկել ապրելակերպի փոփոխություններ, այդ թվում՝

  • քաշի նվազեցում, եթե գեր եք
  • կանոնավոր վարժանքներ
  • ալկոհոլի օգտագործման սահմանափակում (կամ ընդհանրապես հրաժարում), և անկողին մտնելուց առաջ ալկոհոլի բացառում
  • ծխախոտի օգտագործման դադարեցում, եթե ծխող եք
  • քթի փակվածության կամ ալերգիայի դեղամիջոցների օգտագործում (միայն բժշկի նշանակմամբ)
  • մեջքին պառկած վիճակում քնելուց խուսափում (հարցրեք բժշկին)
  • հանգստացնող (սեդատիվ), քնաբերներ, տագնապամարիչ դեղամիջոցներից խուսափում:

Եթե այս միջոցները չեն բարելավում ձեր քունը կամ եթե ձեր ապնոէն չափավորից մինչև ծանր աստիճանի է, բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման այլ մեթոդներ:

Կան հատուկ սարքեր, որոնք կարող են օգնել շնչուղիների անցանելի մնալուն: Այլ դեպքերում գուցե կարիք լինի դիմել վիրահատական միջամտություններին:

Թերապիաներ

  • Շնչուղիներում օդի դրական ճնշմամբ բուժում. շնչուղիներում օդի դրական ճնշում ապահովող սարքը կարող է զգալիորեն օգնել շնչառության բարելավմանը: Ամենատարածված տեսակը կոչվում է շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշման (անգլերեն՝ CPAP) սարք, որը քնի ընթացքում ճնշման տակ տրվող օդի պայմաններում բացում է ձեր շնչուղին։ Դուք կրում եք պլաստիկ դիմակ կամ քթային կանյուլա, որը ճկուն խողովակով միացված է անկողնու մոտ տեղադրվող փոքր CPAP սարքին: Օդը կարող է տրվել շարունակական (կայուն) կամ փոփոխական (ավտոտիտրացվող) ճնշման ներքո: Չնայած նրան, որ CPAP թերապիան արդյունավետ է ապնոէների քանակը նվազեցնելու առումով և ավելի քիչ ծախսատար է քան մյուս բուժման մեթոդները, որոշ մարդկանց համար այն անհարմար է։ Որոշները գանգատվում են ծուղակում գտնվելու զգացողությունից, կրծքավանդակում անհարմարության զգացումից և մաշկի կամ քթի գրգռվածությունից։ Այլ կողմնակի ազդեցություններից են բերանի չորությունը, քթահոսությունը, շուրթերի ու լնդերի ցավոտությունը։
  • Բերանային համրարանքներ. թեև շնչուղիներում օդի դրական ճնշումը հաճախ արդյունավետ բուժում է, բերանային հարմարանքները կարող են դառնալ արդյունավետ այլընտրանք թեթևից միջին աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէով հիվանդների համար: Դրանք գիշերային քնի ընթացքում բաց են պահում ըմպանը, օրինակ, ուղղելով ստորին ծնոտը դեպի առաջ և բացելով կծվածքը։ Չնայած նրան, որ CPAP-ն ավելի արդյունավետ է, բերանային հարմարանքները լավացնում են քնի որակը, մեղմացնում ցերեկային քնկոտությունը և ավելի լավ են տարվում հիվանդերի կողմից, քան CPAP-ը։ Այս հարմարանքները կարող են պատրաստվել ատամնաբույժի կողմից։

Վիրահատություն կամ այլ միջամտություններ

Վիրահատության հարցը սովորաբար բարձրանում է միայն այն ժամանակ, երբ բուժման այլ տեսակներն արդյունավետ չեն կամ ձեր կարիքներին ու պահանջներին չեն համապատասխանում:

  • Հյուսվածքի վիրահատական հեռացում. ուվոպալատոֆարինգոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում են շնչառությանը խանգարող բերանի խոռոչի ետին մասի և ըմպանի վերին մասի փափուկ հյուսվածքները: Անհրաժեշտության դեպքում կարող են միաժամանակ հեռացվել նաև մեծացած նշագեղձերը կամ ադենոիդները: Վիրահատությունը պահանջում է ընդհանուր անզգայացում և իրականացվում է հիվանդանոցում: Որոշ իրավիճակներում կարող է կիրառվել նաև լազեր կամ ռադիոհաճախականության էներգիա: Այսպիսի միջամտությունները չեն բուժում քնի օբստրուկտիվ ապնոէն, սակայն կարող են մեղմացնել խռմփոցը:
  • Վերին շնչուղիների խթանում. սա ենթալեզվային նյարդն ըստ կարիքի խթանող հարաբերականորեն նոր սարք է, որը կարող է օգնել չափավորից մինչև ծանր քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մարդկանց, ովքեր չեն դիմանում կամ հարմարվում CPAP կամ BPAP սարքերին:
  • Այլ վիահատական միջամտություններ. վերին շնչուղիների անատոմիական խնդրից կախված, կարող է առաջարկվել նաև լեզվի հիմքի առաջբերում, մաքզիլլոմանդիբուլյար առաջբերում և այլ միջամտություններ:

Վիրահատության այլ տեսակները կարող են օգնել խռմփոցի և քնի ապնոէի նվազեցմանը՝ խոչընդոտներից ազատելով կամ լայնացնելով վերին շնչուղիները, օրինակ՝

  • պոլիպների հեռացման կամ քթի միջնապատի ծռվածությունը ուղղող քթային վիրահատություններ
  • մեծացած նշագեղձերի կամ ադենոիդների հեռացման վիրահատություն (տոնզիլէկտոմիա և ադենոիդէկտոմիա):

Հոդվածը վերանայվել է՝ 23-05-2021