Ցավոտ դաշտան (դիսմենոռեա)

Ցավոտ դաշտան (դիսմենոռեա)
Անգլերեն անվանումը՝ Painful periods, Dysmenorrhoea

Կանանց մեծ մասը դաշտանի օրերին որովայնի ստորին շրջաններում զգում են որոշակի ցավեր կամ դիսկոմֆորտ։

Ցավոտ դաշտանը կամ դիսմենոռեան ավելի տարածված է երիտասարդ կանանց շրջանում և տարիքի հետ կարող է մեղմանալ կամ լիարժեք վերանալ։

Կան ցավոտ դաշտանի երկու տեսակներ՝ առաջնային և երկրորդային։

Առաջնային դիսմենոռեա

Սա ցավոտ դաշտանի տարածված տեսակն է, որը հանդիպում է սեռահասունացման մեջ գտնվող աղջիկների և երիտասարդ կանանց մոտ։ Նման դեպքերում դաշտանի ցավոտությունը արգանդի վիճակի հետ որևէ կապ չունի։

Դեռևս լիարժեք բացատրված չէ, թե ինչն է առաջնային դիսմենոռեայի պատճառը, սակայն որոշ վերապահումներով ընդունվում է, որ հավանական պատճառը օրգանիզմի կողմից արտադրվող որոշ քիմիական նյութերի՝ պրոստոգլանդինների կուտակումն է արգանդի էնդոմետրիումում (լորձաթաղանթ)։ Այս նյութերն իրականում օգնում են արգանդին, որ դաշտանի շրջանում վերջինիս պատերը դառնան ավելի լարված։

Կծկանքային ցավերը առաջնային դիսմենոռեայի ամենահաճախ հանդիպող նշանն են։ Սովորաբար այս ցավերն ի հայտ են գալիս դաշտանից մեկ օր առաջ և տևում 1-3 օր (թեև ցավերի տևողությունը կարող է տարբեր դաշտանների ժամանակ լինել տարբեր)։

Երկրորդային դիսմենոռեա

Ցավերի այս տեսակն առաջանում է արգանդի վիճակի վրա ազդող որևէ կոնկրետ պատճառի ազդեցությամբ՝ էնդոմետրիոզ, արգանդի միոմա, ադենոմիոզիտներ և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ։

Դուք գուցե տեղյակ չլինեք այս հիվանդությունների առկայության մասին, սակայն դաշտանային ցավերի բնույթի փոփոխությունը (օրինակ՝ ավելի ցավոտ կամ ավելի տևական դառնալը) ձեզ կարող է հուշել երկրորդային դիսմենոռեայի առկայության մասին։ Երկրորդային դիսմենոռեան ավելի հատուկ է 30-անց և ծննդաբերած կանանց։

Երկրորդային դիսմենոռեայի մյուս նշաններից կարող են դրսևորվել դաշտանից դուրս արյունահոսությունը, ցավոտ սեռական հարաբերությունը, անկանոն դաշտանները կամ դաշտանի ցավերին նմանվող, սակայն դաշտանների միջև առաջացող ցավերը։ Նման դեպքերում ձեր բժշկին այցելելը դառնում է կարևոր։

Ինչպիսի՞ն են լինում ցավերը

Դաշտանի ցավերը սովորաբար տեղակայվում են որովայնի ստորին մասում։ Երբեմն դրանք կարող են տարածվել դեպի գոտկատեղ կամ հետույք։

Ցավը կարող է դրսևորվել որպես սուր ջղաձգումներ կամ ունենալ կայուն բութ բնույթ։ Կախված անձից, ցավը երբեմն կարող է դրսևորվել որպես անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) կամ էլ կարող է ընդհանրապես բացակայել։

Դաշտանային ցավերը և դիսկոմֆորտը կարող են ուղեկցվել այլ նշաններով, այդ թվում՝

Բոլոր այս նշանները կարող են տարբեր ամիսների համար դրսևորվել տարբեր ձևով, սակայն դրանք բոլորն էլ չեն ենթադրում հիվանդանոցային բուժում։ Անպայման դիմեք ձեր բժշկին, եթե այս նշանները կամ դրանցից մեկնումեկը հերթական դաշտանի ժամանակ սովորականից շատ ավելի սաստիկ են։

Ինչքա՞ն է տևում ցավոտ դաշտանը

Ավելի հաճախ դաշտանի ցավերը նախորդում են բուն դաշտանին, քան թե սկսվում միջին օրերին կամ վերջում։

Սկսվելով, դրանք կարող են տարբեր ուժգնությամբ շարունակվել ամբողջ դաշտանի ընթացքում և աստիճանաբար մեղմանալ դաշտանի ավարտին։

Ցավերն ուղղակիորեն կապված են դաշտանային ցիկլի հետ, ուստի որոշ կանանց մոտ դրանք կարող են իրենց գագաթնակետին հասնել ամենաառատ արյունահոսության օրերին։

Որպես կանոն, դաշտանային ցավերը տարիքի հետ մեղմանում են, իսկ բազմաթիվ կանանց մոտ դառնում թեթև ու տանելի հատկապես առաջին ծննդաբերությունից հետո։

Ինչպե՞ս կարող եմ օգնել ինքս ինձ

Դուք կարող եք ինքներդ նպաստել դաշտանային ցավերի մեղմանալուն, փորձելով հետևյալը՝

  • մեղմ վարժանքները կարող են մեղմացնել ցավերը
  • այսպես կոչված «ձգող» վարժությունները (օրինակ՝ յոգա) կարող են թուլացնել սթրեսի և լարվածության զգացումները
  • փորձեք ցավող տեղամասի տաքացնող միջամտությունները (ջեռակ) կամ ընդունեք տաք ցնցուղ
  • մեղմ մերսեք ցավող շրջանները
  • ցավերը մեղմացնող դեղերի համար դիմեք ձեր բժշկին։

Հոդվածը վերանայվել է՝ 27-06-2019