Ցավոտ սեռական հարաբերությունը կանանց մոտ. բուժում

Ցավոտ սեռական հարաբերությունը կանանց մոտ. բուժում

Ցավոտ սեռական հարաբերության կամ դիսպարեունիայի բուժումը կախված է պատճառից:

Դեղամիջոցներ

Եթե սեռական ակտին ուղեկցող ցավի պատճառը վարակն է կամ այլ հիվանդության առկայությունը, դրանց բուժումը կարող է վերացնել ձեր խնդիրը։ Բժիշկը կարող է վերանայել այդ հիվանդությունների բուժումը, եթե կարծում է, որ ձեր ընդունած դեղամիջոցները կարող են առաջացնել հեշտոցի բնական օծման խախտում:

Հետդաշտանադադարի շրջանում գտնվող բազմաթիվ կանանց մոտ ցավոտ սեռական հարաբերությունը ևս կապված է էստրոգենի ցածր մակարդակով պատճառված հեշտոցի չորության հետ: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հեշտոցային օգտագործման տեղային էստրոգեն:

ԱՄՆ-ի Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) հաստատել է Օսպեմիֆեն (Օսֆենա) դեղամիջոցն այն կանանց համար, ովքեր հեշտոցի անբավարար օծման պատճառով ունեն դիսպարեունիա։ Այս դեղամիջոցը հեշտոցի լորձաթաղանթի վրա ազդում է այնպես, ինչպես էստրոգենը:

Հեշտոցի չորությունը մեղմացնող դեղամիջոցներն, այնուամենայնիվ, կարող են առաջացնել տաք ներհոսներ («ջերմային ալիք») և բարձրացնել ինսուլտի, արյան մակարդուկների (թրոմբ) և արգանդի լորձաթաղանթի քաղցկեղների զարգացման ռիսկը:

Սեռական հարաբերությանն ուղեկցող ցավերի մեղմացման մեկ այլ դեղամիջոց է Պրաստերոնը (Ինտրառոզա), որն ամեն օր հեշտոցում ներդրվող պատիճ է:

Այլ բուժումներ

Որոշ ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ) նույնպես կարող են օգնել ցավերի մեղմացմանը:

  • Դեսենսիտիզացնող (ապազգայունացնող) թերապիա. բժիշկը ձեզ կներկայացնի հեշտոցի թուլացման որոշ հնարքներ և վարժություններ, որոնք կարող են մեղմացնել ցավը:
  • Խորհրդատվություն կամ սեռական թերապիա. եթե սեռական ակտի ժամանակ առաջացող ցավերն ունեն հոգեբանական ծագում, նույնիսկ բուժումից հետո սեռական խթանիչները կարող են առաջացնել բացասական հուզական ռեակցիաներ: Նման դեպքերում դուք կամ ձեր սեռական զուգընկերը կարող եք կամավոր հրաժարվել կամ խուսափել սեռական կյանքից: Խորհրդատվությունը և հոգեբանական աջակցությունը կարող են օգնել, որ բարելավեք ձեր միջանձնային հարաբերությունները և վերականգնեք նախկին սեռական մտերմությունը: Հոգեթերապևտը կարող է առաջարկել կոգնիտիվ վարքաբանական թերապիա՝ ուղղված բացասական մտքերի և վարքագծերի փոփոխմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 28-03-2021