Խուճապի (պանիկ) նոպա
Խուճապի նոպան տանջալի տագնապի դրվագ է, որն ուղեկցվում է սաստիկ վախով և տարբեր վեգետատիվ նշաններով:
Գրականության մեջ դուք կարող եք հանդիպել «խուճապի գրոհ», «պանիկ նոպա» կամ «խուճապային նոպա» արտահայտությունները, որոնք բոլորն էլ վերաբերվում են հոգեախտաբանական նույն վիճակին՝ խուճապի նոպային։
Խուճապի նոպան կարող է ի հայտ գալ ցանկացած ժամանակ։ Այն սկսվում է հանկարծակի և զարգանում արագ և հախուռն՝ հասնելով իր գագաթնակետին հաշված րոպեների ընթացքում։ Մարդը համակվում է խորը, ծանր վախով ու տագնապով, թեև իրականում որևէ իրական վտանգ կամ պատճառ առկա չէ:
Խուճապի նոպայի ախտանիշները
Խուճապի նոպան հաճախ ներառում է հետևյալ ախտանիշները՝
- առատ քրտնարտադրություն
- դող և սարսուռ
- սրտխփոց և սրտազարկերի հաճախացում
- կրծքավանդակի շրջանի ցավեր
- շնչառության խանգարումներ, ավելի հաճախ՝ շնչառության հաճախացում և հևոց
- երբեմն՝ շնչահեղձության զգացում
- սրտխառնոցի զգացում կամ ստամոքսի շրջանի ցավեր
- գլխապտույտ, «օդում գտնվելու» զգացում կամ ուշագնացություն
- ողջ մարմնով մեկ՝ ծածկոցների և թմրածության զգացումներ
- դեպերսոնալիզացիա (երբ անձը «կտրվում է» ինքն իրենից կամ շրջապատից)
- մարմնով մեկ տաք կամ սառը ներհոսեր
- մահվան վախի զգացում
- մոտալուտ վտանգի կամ կործանման զգացում։
Այս նշանները «գերծանրաբեռնում» են մարդու ուղեղն ու մտքերը՝ նրան դարձնելով ֆիզիկապես անկարող նոպայի ողջ ընթացքում։ Նոպայից հետո նա զգում է արտահայտված գերհոգնածություն (հյուծվածություն)։
Խուճապի գրոհը կարող է հանդիսանալ հոգեբուժական լուրջ խնդրի՝ խուճապային խանգարման նշաններից մեկը, սակայն խուճապի նոպան և խուճապային խանգարումները իրարից տարբերվող առանձին վիճակներ են։
Խուճապի նոպայի պատճառները
Խուճապի նոպան տարածված երևույթ է և մարդկանց մինչև 40%-ն իրենց կյանքի ընթացքում զգացել են նման «վախի գրոհ»։
Խուճապի նոպայի առաջացմանը կարող են նպաստել հետևյալ գործոնները՝
- մշտական և կայուն սթրես
- ժառանգական նախատրամադրվածություն
- սթրեսի և բացասական հույզերի նկատմամբ զգայուն բնավորություն
- ուղեղի գործունեության փոփոխություններ։
Բուժում և կանխարգելում
Խուճապի նոպան բուժելու և դրանից խուսափելու համար գոյություն ունեն ինքնօգնության, հոգեբանական օժանդակության և դեղորայքային բուժման մի շարք հնարավորություններ։
Խուճապը և տագնապը միմյանց հետ փոխկապված վիճակներ են, ուստի դրանց բուժման մոտեցումները մեծամասամբ նույնն են։
Խուճապի նոպայի բուժման և կանխարգելման հարցերով ձեզ օգտակար տեղեկատվություն կարող է տրամադրել ձեր բժիշկը կամ հոգեկան առողջության ոլորտի մասնագետը (հոգեբույժ, հոգեթերապևտ կամ խորհրդատու)։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021