Խուճապի նոպա. ինքնօգնություն

Խուճապի նոպա. ինքնօգնություն

Խուճապի նոպային ուղեկցող և տանջող տագնապի նշանները կարելի է մեղմացնել մի շարք հնարքներով:

Խուճապի նոպան, հատկապես եթե դուք հեշտությամբ «տրվում եք» այդ գրոհին, կարող է դառնալ խիստ տանջալից և ձեզ դարձնել լրիվ անօգնական։

Սակայն կան նման իրավիճակից դուրս գալու կամ, ծայրահեղ դեպքում, ձեզ անհանգստացնող գանգատները մեղմացնող որոշ հնարքներ, որոնցից մի քանիսը կներկայացնենք այստեղ։

  • Մի քանի անգամ խորը շունչ քաշեք. սա որոշակիորեն կհանգստացնի ձեզ և կօգնի, որ ինքներդ համոզվեք, որ ձեր շնչառության հետ կապված որևէ խնդիր չունեք։
  • Խուսափեք ինքներդ ձեզ հետ խոսելուց, ինչը ստիպում է, որ դուք ձեր ուշադրությունը գամեք ձեզ մոտ առկա գանգատների կամ երևույթների վրա։ Օրինակ, պետք չէ ինքներդ ձեզ հրամայել՝ «դադարեցրո՛ւ խուճապդ»։ Մոռացե՛ք, որ խուճապի մեջ եք։
  • Համոզեք ինքներդ ձեզ, որ, թեև խուճապի նշաները տհաճ են, սակայն ձեր կյանքին որևէ վտանգ չեն սպառնում։
  • Շեղեք ձեր ուշադրությունը ձեր մարմնից, մտքերից և ձեզ մոտ առկա գանգատներից և երևույթներից դուրս ինչ-որ մեկ այլ բանի վրա։ Օրինակ՝ փորձեք հիշել ձեր հավանած երգերից մեկի բառերը կամ ձեր ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում առկա տեսարանների վրա։
  • Ձեր ներկա իրավիճակից «փախչելը» կամ խուսափելը կարող է ամրապնդել ձեր վախերն ու անհանգստությունն այն մասին, որ տվյալ վիճակն «իրոք անդիմադրելի» է և «իրոք, առկա է վտանգ»։ Դրա փոխարեն հանգիստ նստեք, վստահություն ձեռք բերեք, որ կարող եք հաղթահարել տհաճ վիճակը և համբերատար եղեք, մինչև անհիմն գանգատներն ինքնուրույն իսպառ կանհետանան։
  • Եթե պայմանները թույլ են տալիս, օգնության կանչեք ձեր մտերիմներից մեկնումեկին, ում ներկայությունը կարող է օգնել՝ հաղթահարելու ձեր ներքին տագնապը։ Զրուցեք նրա հետ տվյալ պահի հետ որևէ կապ չունեցող որևէ թեմայով։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021