Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն. բուժում

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն. բուժում

Վաղ և համարժեք բուժումը կարող է վերացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության (ՓԿՕԲՀ) պատճառ դարձած վարակը:

Այնուամենայնիվ, եթե ՓԿՕԲՀ-ն արդեն հասցրել է առաջացնել վերարտադրողական համակարգի վնասում կամ սպիական փոփոխություններ, դրանք այլևս որևէ բուժման ենթակա չեն:

ՓԿՕԲՀ բուժումը հաճախ ներառում է հետևյալը:

  • Հակաբիոտիկներ. ժամանակ խնայելու և բուժումը հնարավորինս վաղ սկսելու համար բժիշկը կնշանակի մի քանի հակաբիոտիկներ՝ մինչև լաբորատոր թեստերի պատասխանների ստանալը: Երբ թեստի արդյունքները ստացվեն, նա կարող է որոշակի շտկումներ անել ձեր նշանակումներում: Հակաբիոտիկային բուժման առաջին երեք օրվա ընթացքում բժիշկը նաև մանրակրկիտ կվերահսկի ձեր վիճակը, որպեսզի գնահատի դեղերի ազդեցությունը: Անպայման հետևեք բժշկի նշանակումներին, նույնիսկ եթե մի քանի օր հետո ձեր ինքնազգացողությունն անհամեմատ բարելավվում է:
  • Սեռական զուգընկերոջ բուժում. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության (ՍՃՓՀ) կրկնավարակը կանխարգելելու համար բժիշկը խորհուրդ կտա, որ ձեր սեռական զուգընկերը նույնպես հետազոտվի և բուժվի: Նկատի ունեցեք, որ ձեր վարակված զուգընկերը կարող է որևէ գանգատ չներկայացնել:
  • Սեռական հարաբերությունների ժամանակավոր ընդհատում. մինչև բուժման կուրսի ավարտը և ախտանիշների լիարժեք վերացումը պետք է հրաժարվել սեռական կյանքից:

Եթե հղի եք, ծանր հիվանդ, ունեք թարախակույտ (աբսցես) կամ ներքին ընդունման (բերանով ընդունվող) դեղամիջոցները արդյունք չեն տալիս, կարող է առաջանալ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն: Նման իրավիճակում կարող են նշանակվել ներերակային հակաբիոտիկներ, որոնք ձեզ ինքնազգացողության բարելավումից հետո կփոխարինվեն ներքին ընդունման հաբերով կամ պատիճներով:

Հազվադեպ կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն, օրինակ՝ վերարտադրողական համակարգում թարախակույտի ձևավորում, հզոր հակաբիոտիկային բուժման անարդյունավետություն կամ կասկածի տեղիք տվող ախտորոշում:

Հոդվածը վերանայվել է՝ 29-04-2021