Առողջական խնդիրներ
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

2 րոպե
Վախն օրգանիզմի բնական պատասխանն է վտանգին, այդ թվում՝ կյանքին սպառնացող իրավիճակներին։
Երբ մարդիկ անձամբ զգում են որևէ վտանգ կամ դրա ականատեսն են լինում, նրանց օրգանիզմը պատրաստվում է «պայքարիր կամ փախչիր» («fight or flight») ռեակցիային, այն է՝ սրտի ռիթմն արագանում է, շնչառությունը՝ հաճախանում, նրանք զգում են տագնապ և պատրաստվում դիմակայելու վտանգը կամ էլ «փախչելու» այդ իրավիճակից։ Նորմայում այսպիսի զգացողությունները կամ զգացումները սթրեսային իրադարձությունից հետո անհետանում են։
Երբ ինչ-որ մեկի մոտ առաջանում է հետտրավմատիկ (կամ պոստտրավմատիկ) սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), վախը, տագնապը և նախկինում կրած տրավմայի մասին վերապրումներն ու հիշողությունները ոչ թե անհետանում, այլ շարունակվում են երկար ժամանակ՝ բերելով առօրյա նորմալ կենսագործունեության խանգարման։
Մահվան ականատես լինելը, ծանր վնասվածքը, սեռական բռնությունը (փաստացի կամ սպառնալիք) կամ մարդուն մարմնական կամ հոգեկան տրավմայի բերող այլ իրավիճակները կարող են առաջացնել ՀՏՍԽ։ Այլ օրինակներից են պատերազմական տեղանքում ապրելը, ավտովթարները, հոգեբանական կամ ֆիզիկական կտտանքներին ենթարկվելը, բնական աղետներին ներկա գտնվելը և այլն։
Յուրաքանչյուր մարդ այսօրինակ ծանր տրավմատիկ սթրեսին արձագանքում է յուրովի, ու եթե որոշ անձանց մոտ կարող է առաջանալ խիստ արտահայտված անհանգստություն ու թախիծ, միևնույն է, նրանց գերիշխող մեծամասնությունը՝ յուրաքանչյուրն իր ձևով նման իրավիճակից վերականգնվում է և միայն սակավաթիվ անձանց մոտ կարող է զարգանալ ՀՏՍԽ։
ՀՏՍԽ հիմնական ախտանիշներից են՝
- անցյալում կրած արտակարգ իրավիճակների կամ հոգեբանական տրավմայի վերապրում (հիշողություններ, գիշերային մղձավանջներ կամ «ֆլեշբեքներ»)
- այդ տրավմայի վերաբերյալ հիշեցման ժխտում
- բացասական մտքեր և տրամադրություն
- արտաքին միջավայրի նկատմամբ բարձրացած զգոնություն և ֆիզիկական պատասխան այդ միջավայրի կտրուկ փոփոխություններին, որը կարող է ընկալվել որպես վտանգի նշան։
ՀՏՍԽ-ն կարող է լինել քրոնիկ և բերել մարդու կարողությունների կամ ունակությունների կտրուկ անկման, որը բացասաբար է ազդում ինչպես տվյալ անձի, այնպես էլ այլ մարդկանց հետ նրա փոխհարաբերությունների, շփումների և ընտանեկան կյանքի վրա։
ՀՏՍԽ-ի ժամանակ նաև կարող են զարգանալ այլ վիճակներ, օրինակ՝ դեպրեսիա կամ թմրամիջոցների օգտագործում (որպես հոգեկան վերապրումների «ինքնբուժման» փորձ)։
Բոլոր դեպքերում, ՀՏՍԽ-ն կարելի է հաջողությամբ բուժել հոգեբանական օժանդակության և վերականգնման տարբեր միջոցառումների հետ։ Որոշ դեպքերում նաև անհրաժեշտ է լինում նշանակել որոշ դեղեր։
Եթե ՀՏՍԽ-ով ինչ-որ մեկի մոտ առաջանում են ինքնավնասման կամ ինքնասպանության մտքեր, դա կարելի է համարել անհետաձգելի բուժօգնություն պահանջող իրավիճակ։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն կամ օգնել այդ մարդուն, որպեսզի տեղափոխվի մոտակա հիվանդանոց։
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2018 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: