Նախադիաբետ

Նախադիաբետ

Նախադիաբետը դիաբետին նախորդող և «նորմայից» դեպի «դիաբետ» անցման միջանկյալ շրջանն է։

Դիաբետը հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմն ի վիճակի չի լինում պահպանելու արյան շաքարի (գլյուկոզի) առողջ մակարդակները։ Նախադիաբետն այն վիճակն է, երբ արյան գլյուկոզը նորմայից բարձր է, բայց՝ ոչ այնքան բարձր, որ համարվի դիաբետ։ Եթե ձեզ մոտ առկա է նախադիաբետ, ապա դուք ունեք 2-րդ տիպի դիաբետի նկատմամբ ավելի բարձր ռիսկ, քան եթե ձեր արյան գլյուկոզը լիներ նորմալ թվերի վրա։

Ովքե՞ր ունեն նախադիաբետի ռիսկ

Նախադիաբետի ռիսկի գործոնները նույնն են, ինչ որ 2-րդ տիպի դիաբետինը։ Դրանցից առավել կարևոր են՝

  • ավելցուկային կշիռ կամ գիրություն
  • ոչ ակտիվ ապրելակերպ
  • արյան բարձր խտության լիպոպրոտեիդների (HDL) կամ «լավ» խոլեսթերինի ցածր և տրիգլիցերիդների բարձր մակարդակներ
  • բարձր արյան ճնշում
  • 2-րդ տիպի դիաբետով կամ սրտային հիվանդությամբ ընտանեկան պատմություն (ժառանգական գործոններ)։

Նախադիաբետի ախտորոշումը

Եթե ձեզ մոտ կա նախադիաբետ, ուրեմն ձեզ մոտ առկա է հետևյալ երկու վիճակներից մեկնումեկը կամ երկուսն էլ՝

  • գլյուկոզի տոլերանտության խանգարում, երբ ձեր արյան գլյուկոզի մակարդակը բարձր է, բայց ոչ այնքան բարձրացած, որ դասվի դիաբետին
  • քաղցած վիճակում գլյուկոզի խանգարում, երբ քաղցած վիճակում ձեր արյան գլյուկոզի մակարդակը բարձր է, բայց ոչ այնքան բարձր, որ ախտորոշվի որպես դիաբետ։

Նախադիաբետային այս երկու վիճակներն էլ կարող են ախտորոշվել գլյուկոզ-տոլերանտության թեստով։ Վերջինս արյան գլյուկոզի կրկնակի չափումն է քաղցած վիճակում և շաքարաջուր ընդունելուց 2 ժամ անց։

Նախադիաբետի վարումը

Նախադիաբետի առկայությունը դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ անպայման պետք է զարգանա 2-րդ տիպի դիաբետ։ Բայց սա նշանակում է, որ դիաբետի զարգացման հավանականությունը ձեզ մոտ ավելի բարձր է, քան մյուս մարդկանց մոտ։

Նախադիաբետը կարելի է վերահսկելի դարձնել ձեր ապրելակերպի այնպիսի փոփոխություններով, ինչը կնպաստեր նաև 2-րդ տիպի դիաբետի կանխարգելմանը։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է առողջ սննդակարգին, կանոնավոր ֆիզիկական ակտիվությանը և, եթե անհրաժեշտ է, մարմնի կշիռը նվազեցնելուն։

Նախադիաբետը բարձրացնում է նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, ուստի զարկերակային ճնշումը և խոլեսթերինը նույնպես պետք է գտնվեն ձեր մշտական հսկողության ներքո։

Հոդվածը վերանայվել է՝ 26-04-2020