Նախադիաբետ (պրեդիաբետ)

Նախադիաբետ (պրեդիաբետ)

Նախադիաբետը դիաբետին նախորդող և «նորմայից» դեպի «դիաբետ» անցման միջանկյալ շրջանն է։

Եթե 2-րդ տիպի դիաբետի ժամանակ օրգանիզմն ի վիճակի չէ պահպանելու արյան շաքարի (գլյուկոզի) առողջ մակարդակներ, ապա նախադիաբետն այն վիճակն է, երբ արյան գլյուկոզը նորմայից բարձր է, բայց՝ ոչ այնքան բարձր, որ համարվի դիաբետ։ Այնուամենայնիվ, ապրելակերպի «շտկումներ» չանելիս նախադիաբետով չափահասների և երեխաների շրջանում 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկն ավելի բարձր է, քան եթե նրանց արյան շաքարի մակարդակը լիներ նորմալ միջակայքում։

Եթե ունեք նախադիաբետ, ուրեմն ձեզ մոտ առկա է գլյուկոզի տոլերանտության խանգարում (երբ գլյուկոզի մակարդակը բարձր է, բայց ոչ այնքան բարձրացած, որ դասվի դիաբետին) կամ քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակի բարձրացում (երբ քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակը բարձր է, բայց ոչ այնքան բարձր, որ ախտորոշվի որպես դիաբետ) կամ երկուսն էլ: Նախադիաբետի այս երկու վիճակներն էլ կարող են ախտորոշվել գլյուկոզի նկատմամբ տոլերանտության և այլ թեստերով։

Եթե ունեք նախադիաբետ, ձեր սրտի, արյունատար անոթների և երիկամների վրա դիաբետի երկարաժամկետ բացասական ազդեցությունները կարող են արդեն սկսվել: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ նախադիաբետը կարող է վերածվել 2-րդ տիպի դիաբետի, թեև նախադիաբետը կարելի է համարել որպես ահազանգ է այն մասին, որ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը ձեզ մոտ ավելի բարձր է, քան մյուս մարդկանց մոտ։

Նախադիաբետի ռիսկի գործոնները նույնն են, ինչ որ 2-րդ տիպի դիաբետինը` ավելցուկային քաշ, ֆիզիկական թերակտիվություն, բարձր արյան ճնշում և այլն։ Բոլոր դեպքերում, առողջ սննդակարգը և բավարար ֆիզիկական ակտիվությունը ձեր առօրյայի մի բաղադրիչը դարձնելը, ինչպես նաև ձեր քաշը նորմալ միջակայքում պահելը կարող են օգնել արյան շաքարի մակարդակի նորմալացմանը: Ապրելակերպի նույն փոփոխությունները նաև կարող են օգնել չափահաս մարդկանց մոտ 2-րդ տիպի դիաբետի կանխարգելմանը կամ հետաձգմանը, իսկ երեխաների մոտ՝ արյան շաքարի նորմալացմանը: Նախադիաբետը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, ուստի զարկերակային ճնշումը և խոլեսթերինը նույնպես պետք է պահվեն ձեր մշտական հսկողության ներքո։

Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021