Վաղաժամ սերմնաժայթքում. բուժում

Վաղաժամ սերմնաժայթքում. բուժում

Վաղաժամ սերմնաժայթքման հաճախակի կիրառվող բուժական տարբերակներից են վարքաբանական հնարքները, տեղային անզգայացնողները (անեսթետիկներ), դեղամիջոցները և խորհրդատվությունը:

Նկատի ունեցեք, որ բուժման ամենաարդյունավետ տարբերակի կամ լավագույն զուգակցման գտնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել: Վաղաժամ սերմնաժայթքման բուժման ամենաարդյունավետ մոտեցումը ներառում է վարքաբանական բուժման և դեղամիջոցների միաժամանակյա կիրառում:

Վարքաբանական հնարքներ

Որոշ դեպքերում վաղաժամ սերմնաժայթքման բուժումը կարող է կազմված լինել պարզ քայլերից, օրինակ՝ նախատեսվող սեռական հարաբերությունից մեկ կամ երկու ժամ առաջ ձեռնաշարժությունը (մաստուրբացիա), որը թույլ է տալիս բուն սեռական ակտի ընթացքում հետաձգել սերմնաժայթքումը: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ որոշ ժամանակ զերծ մնալ սեռական հարաբերություններից և կենտրոնանալ «սեռական խաղերի» այլ տեսակների վրա, որը թույլ կտա թուլացնել սեռական շփումներից ծագող լարվածությունը:

Կոնքի հատակի վարժություններ

Կոնքի հատակի մկանների թուլությունը կարող է բացասաբար ազդել սերմնաժայթքումը հետաձգելու ունակության վրա: Այս շրջանի մկանների ուժն ամրապնդող վարժությունները հայտնի են նաև որպես «Կեգելի վարժություններ»:

  • Գտեք «ճիշտ» մկանները. կոնքի հատակի մկանները տեղորոշելու համար զուգարանում կտրուկ ընդհատեք միզելը կամ կծկեք այն մկանները, որոնք թույլ չեն տալիս, որ աղիքային գազերը դուրս գան: Այս հնարքները կատարելիս օգտագործում եք ձեր կոնքի հատակի մկանները: Երբ հասկանաք, թե որոնք են դրանք, կկարողանաք մարզել այս մկանները ցանկացած իրավիճակում կամ դիրքում, թեև սկզբում ձեզ ավելի հեշտ կլինի վարժությունները կատարել պառկած վիճակում:
  • Կատարելագործեք հնարքը. կծկեք ձեր կոնքի հատակի մկանները, պահեք կծկված վիճակում մոտ 3 վայրկյան, որից հետո թուլացրեք և պահեք թուլացրած վիճակում մոտ 3 վայրկյանի ընթացքում: Փորձեք հաջորդաբար կծկել և թուլացնել այդ մկանները մի քանի անգամ՝ պահպանելով 3-ական վայրկյանները: Երբ ձեր մկանների ուժը բարելավվի, փորձեք Կեգելի վարժությունները նստած և կանգնած դիրքերում կամ քայլելիս:
  • Պահպանեք կենտրոնացումը. լավագույն արդյունք ապահովելու համար ուշադրություն դարձրեք, որ կծկեք և թուլացնեք միմիայն կոնքի հատակի մկանները: Աշխատեք չկծկել որովայնի, ազդրերի կամ հետույքի մկանները: Խուսափեք շունչը պահելուց, հակառակը, վարժությունների ընթացքում փորձեք շնչել համաչափ՝ առանց ընդհատումների:
  • Կրկնեք օրական 3 անգամ. նպատակ դրեք հասնելու օրական առնվազն երեք վարժությունների՝ յուրաքանչյուրը կազմված կծկման-թուլացման 10 կրկնություններից:

«Ընդմիջում-սեղմում» և «դադար-սկիզբ» հնարքներ

Բժիշկը կարող է խորհուրդ տալ այսպես կոչված «ընդմիջում-սեղում» հնարքը՝ կազմված հետևյալ փուլերից՝

  • սկսեք ձեր սովորական սեռական ակտիվությունը՝ մինչև այն պահը, երբ զգում եք, որ գրեթե մոտ եք սերմնաժայթքմանը
  • խնդրեք ձեր զուգընկերուհուն սեղմել ձեր առնանդամի գլխիկը մարմնին միացող մասը և պահել սեղմած մի քանի վայրկյան՝ մինչև սերմնաժայթքման ցանկությունը թուլանա
  • ըստ անհրաժեշտության խնդրեք ձեր զուգընկերուհուն կրկնել սեղմումները:

Եթե այս հնարքը առաջացնում է ցավ կամ դիսկոմֆորտ, փորձեք սերմնաժայթքումից առաջ ընդմիջել սեռական խթանումը և համբերել, մինչև սեռական վերելքը քիչ նվազի, որից հետո վերսկսեք հարաբերությունը: Այս հնարքը կոչվում է «դադար-սկիզբ»:

Պահպանակ

Պահպանակները կարող են թուլացնել առնանդամի զգայունությունը, որը կօգնի սերմնաժայթքման հետաձգմանը: Դեղատներում վաճառվում են այսպես կոչված «կլիմաքս-կոնտրոլ» պահպանակներ, որոնք սովորականից ավելի հաստ են կամ պարունակում են տեղային թմրեցնող նյութեր, օրինակ՝ Բենզոկային կամ Լիդոկային: Օրինակներից են՝ Trojan Extended, Durex Performax Intense և Lifestyles Everlast Intense։

Դեղամիջոցներ

Տեղային անզգայացնող միջոցներ (տոպիկ անեսթետիկներ)

Անզգայացնող կրեմները և սփրեյները, որոնք պարունակում են թմրեցնող նյութ՝ Բենզոկային, Լիդոկային կամ Պրիլոկային, երբեմն օգտագործվում են վաղաժամ սերմնաժայթքման բուժման մեջ: Այս միջոցներով առնանդամի գլխիկն օծվում է նախատեսված սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ: Անցանկալի կողմնակի ազդեցություններից են առնանդամի գլխիկի զգայունության կորուստը և թուլացած սեռական հաճույքը: Որոշ դեպքերում այս կողմնակի ազդեցությունը կարող է «տարածվել» նաև սեռական զուգընկերոջ վրա:

Ներքին ընդունման դեղամիջոցներ

Կան օրգազմը հետաձգող բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանցից և ոչ մեկը ԱՄՆ-ի Դեղերի և սննդի գործակալության (FDA) կողմից չի հաստատվել որպես վաղաժամ սերմնաժայթքման բուժման միջոց: Այնուամենայնիվ, այս դեղերից որոշները՝ հակադեպրեսանտներ, ցավազրկողներ և ֆոսֆոդիէսթերազ-5-ի արգելակիչներ, վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ կարող են օգտագործվել որպես ըստ պահանջի կամ ամենօրյա դեղեր։ Դրանք կարող են նշանակվել միայնակ կամ զուգակցվել այլ բուժումների հետ:

  • Հակադեպրեսանտներ. որոշ հակադեպրեսանտային դեղերի կողմնակի ազդեցություններից մեկն օրգազմի հետաձգումն է: Ուստի, սերմնաժայթքման հետաձգման նպատակով բժիշկը կարող է նշանակել սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներից (ՍՀԸԱ) որևէ մեկը, օրինակ՝ Էսցիտոլոպրամ (Լեքսապրո), Սերտրալին (Զոլոֆտ), Պարօքսետին (Պաքսիլ) կամ Ֆլուօքսետին (Պրոզակ, Սարաֆեմ): Ըստ որոշ հետազոտությունների Պարօքսետինն ամենաարդյունավետն է: ՍՀԸԱ-ները սովորաբար սկսում են ազդել առնվազն 5-10 օր օգտագործելուց հետո, սակայն բուժական ազդեցությունը դրսևորվում է միայն 2-3 շաբաթ հետո: Եթե ՍՀԸԱ-ները արդյունավետ չեն, բժիշկը կարող է նշանակել եռացիկլիկ հակադեպրեսանտ համարվող Կլոմիպրամին (Անաֆրանիլ), որի անցանկալի կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, քրտնոտությունը, գլխապտույտը և լիբիդոյի նվազումը:
  • Ցավազրկողներ. Տրամադոլը (Ուլտրամ) գլխավորապես նշանակվում է ցավի բուժման համար, սակայն, որպես կողմնակի ազդեցություն, կարող է հետաձգել սերմնաժայթքումը: Անցանկալի կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, գլխացավ, քնկոտություն և գլխապտույտ: Այս դեղամիջոցը կարող է նշանակվել, երբ ՍՀԸԱ-ները բավարար արդյունավետություն չեն դրսևորում, սակայն չի կարելի օգտագործել դրանց հետ միասին:
  • Ֆոսֆոդիէսթերազ-5 արգելակիչներ. էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման որոշ դեղեր կարող են նաև օգնել նաև վաղաժամ սերմնաժայթքման կանխարգելմանը: Հանրահայտ օրինակներից են՝ Սիլդենաֆիլ (Վիագրա), Տադալաֆիլ (Սիալիս) կամ Վարդենաֆիլ (Լևիտրա, Ստաքսին): Անցանկալի կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավ, դեմքի տաքացում և ստամոքսի խանգարում: Այս դեղամիջոցները կարող են ավելի արդյունավետ լինել, եթե օգտագործվեն որևէ ՍՀԸԱ-ի հետ:

Խորհրդատվություն

Այս մոտեցումը ներառում է հոգեթերապևտի հետ ձեր փոխհարաբերությունների և փորձի մասին զրուցելը, որը կարող է օգնել «կատարման» անհանգստւթյունը հաղթահարելու և հուզական լարվածության դիմակայման ավելի լավ ուղիներ գտնելու գործում: Խորհրդատվությունն առավել արդյունավետ է, երբ զուգակցվում է դեղորայքային բուժման հետ:

Որոշ դեպքերում կարող է արդյունավետ լինել նաև «զույգերի» թերապիան, երբ հոգեթերապևտը զրուցում է ինչպես ձեր, այնպես էլ ձեր սեռական զուգընկերոջ հետ: Խոսքի թերապիան կարող է օգնել միջանձնային կոնֆլիկտների հաղթահարմանը և միասին ձեր խնդրի լուծմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 28-03-2021